RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019



ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-05-09 03:38:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3893, Տպվել է` 238, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԸՙ ՆՈՐՕՐՅԱ ԻՍՐԱՅԵ՞Լ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Դիվանագետ Միքայել Մինասյանիՙ ռուսաստանյան հեղինակավոր «Նեզավիսիմայա գազետայում»» հրապարակված հոդվածը «Երկու պետությունՙ մեկ նպատակ»» վերնագրով, դատելով արձագանքներից, արժանացավ ռուսահայերի հավանությանը: Հայտնի փաստ էՙ ռուսահայերը ռուսասեր են, ու առավել եւս համոզված են, որ հատկապես պատմական ներկա փուլում Ղարաբաղի խնդրով հանգուցված Հայաստանի առջեւ հառնող մարտահրավերների լուծման ասպարեզի գլխավոր դերակատարը հենց Ռուսաստանն է: Բնականաբար, եղան նաեւ անհամակիր արձագանքներՙ տպավորություն է ստեղծվում, որ թողարկիչ խմբագիրն ու սրբագրողը հոդվածը թողարկելիս հարբած են եղել:

Մինասյանի հոդվածը կարելի է համարել բարի մտադրությունների շարադրանքՙ որ պետք է առավելագույնս զարգացնել ռուս-հայկական հարաբերությունները հօգուտ երկու պետությունների ու ժողովուրդների: Սակայն չեն տրված այդ զարգացումների, այսպես ասած, մեխանիզմները: Դիվանագետ հոդվածագրի խոհերի ու մտահոգությունների հիմնական առարկան Հայաստանի ազգային-պետական շահերն են:

Եվ հենց այստեղ անկարելի է դառնում խուսափել թերեւս ոչ նրբանկատ մի գայթակղությունիցՙ Սերժ Սարգսյանի հետ նրա ունեցած բարեկամական կապի մատնանշումիցՙ Մինասյանի հայաստանասիրության զգացումի անկեղծության որակավորման տեսանկյունից: Ստացվում է, որ պիտի զրկվես իշխանությունից անմնացորդ հայրենասեր դառնալու համար: Հայրենյաց երկրի ցավերով տառապող Մինասյանը երբեւէ գոնե շշնջացե՞լ է աներոջ ականջին, թե ա՛յ պատվելի Սերժ Ազատիչ, ա~խր քո կառավարած այս կոռուպցիոն-թալանչիական ցինիկ համակարգով դու պարզապես քայքայում-այլասերում ես երկիրը, զրկում նրան հեռանկարից:

Ի դեպ, արտառոց մի երեւույթ է նկատվում այս օրերին հայոց լրատվամիջոցներում: Հանրապետականները, այդ թվում նաեւ նրա եռանդուն կինարմատնները, մեկ մարդու պես Փաշինյանին հրապարակավ բռնում են բազմաթիվ ստերի մեջ, հատկապես... փողոցային երթեւեկության կանոնների հարցում: Բայց նրանք կատարյալ մոռացության են մատնում իրենց կուսակցական ղեկավարի ազգամասշտաբ ստախոսությունը սահմանադրական նոր կոստյումը չհագնելու վերաբերյալ:

Սակայն դառնանք Մինասյանի հոդվածին: Անչափ գեղեցիկ ու պատկերավոր է դրա եզրափակիչ հատվածը, երբ հեղինակը հույս է հայտնում, որ փոխադարձ վստահության, սառնասրտության, սեփական երկրի շահերի պրագմատիկ գնահատման ու դրանց իրականացման պայմաններում կարելի է հասնել այնպիսի դաշնակցային մոդելի ստեղծմանը, ինչը կհիշեցնի արդեն տասնամյակներ գործող ԱՄՆ-Իսրայել փոխհարաբերությունների հաջող օրինակը:

Իհարկե իրավացի է Մինասյանը, երբ Հայաստանի ապագան տեսնում է ռուս-հայկական բազմակողմ համագործակցության զարգացման մեջ, դուր է գալիս այս գաղափարը հայաստանցիներին, թե՞ ոչ: Սա անողոք քաղաքական իրողություն է:

Ուրիշ հարց է, թե կկարողանա՞ Հայաստանը այդ հարաբերությունները բարձրացնել, թեկուզեւ համեմատական կարգով, ամերիկա-իսրայելական «մոդելի»» մակարդակին: Բայց ի՞նչու Հայաստանը, եւ ոչ թե Ռուսաստանը: Եվ այստեղ է հառնում Իսրայելի օրինակը:

Անշուշտ իրավացի է Հակոբ Ավետիքյանը իր տարակուսալից հարցադրումովՙ դեռ հարց է, թե ամերիկա-իսրայելական հարաբերություններում ավելի շատ ով է ում հրամայումՙ Ամերիկանՙ Իսրայելի՞ն, թե՞ հակառակը: Պեղելով թեմային նվիրված բազում հրապարակումներ, գալիս ես այն հետեւությանը, որ փոքրիկ Իսրայելը, հենվելով իր հզորագույն սփյուռքի վրա, այնուամենայնիվ կարողացել ու կարողանում է մեծ Ամերիկային ծառայեցնել իր ազգային շահերին: Թերեւս միայն հրեաները կարող են հասնել նման աննախադեպ հաջողության: Եվ այդ այն դեպքում, երբ ԱՄՆ-ի ղեկավարների զգալի մասը առանձնապես աչքի չի ընկել հրեասիրությամբ: Այս կարգի վերջին նախագահը, ինչպես ռուսներն էին սրամտում, Բարաք Հուսեյնովիչ Օբաման էր (ընդգծվում էր հայրանունը): Ուժեղ նոր Հրեաստան ստեղծել են հրեաները, եւ ոչ թե ամերիկացիները: Հրեաներին պատիվ է բերում, որ նրանք իմաստուն կերպով ու գերպրագմատիկորեն օգտագործել են Ամերիկային: Ոչ թե Ռուսաստանը պիտի շահագրգռված լինի դաշնակից Հայաստանի հզորացմամբ, այլ մենք: Ծանոթանում ես Իսրայելում ատոմային ռումբի ստեղծման պատմությանը եւ ապշում, թե Իսրայելի ղեկավարները, սփյուռքահրեությունը, հետախուզական հանրությունները ի~նչ մեթոդներով են Արեւմուտքում ձեռք բերել միջուկային տեխնոլոգիաները, հարստացված ուրանը եւ այլն: Նույնիսկ չեն խորշել «գողությունից»: Առաջին հերթին իրենց գրպանի մասին մտածող Հայաստանի ղեկավարները, այդ թվում նաեւ Մինասյանի բարեկամը, համագործակցելով դաշնակից Ռուսաստանի հետ, կարո՞ղ էին ռուսների օգնությամբ թե միջոցով Հայաստանում զարգացնել գոնե ռազմական արդյունաբերությունը:

Հրեական թեման անսպառ է: Հատկապես ռուս նացիոնալիստական մամուլում: Մեր օրերում վերլուծումների առարկան Ուկրաինայի իրադարձություններն են: Նախագահի մոտ չորս տասնյակ թեկնածուները ընտրապայքարում կռվեցին, գզեցին-անպատվեցին իրար եւ ի վերջո եզրափակիչ դուրս բերեցին երկու հրեայի, ընդ որում վերջնափուլում կիսահրեային հաղթեց զտարյուն հրեան, որն ուկրաիներեն մարդավարի խոսել էլ չգիտե: Թեեւ դա նրան չխանգարեց վերածվելու իսկական ուկրաինացուՙ Վոլոդիմիր Զելենսկի: Ահա եւ, ռուս նացիոնալիստների կարծիքով, նոր փուլ կթեւակոխի Ուկրաինայի հրեացման ծրագիրը: Լայն թափ կստանա Ղրիմի հրեացման վաղեմի նպատակի իրագործումը: Իսկ կիսահրեա Վլադիմիր Ժիրինովսկու կարծիքով (եւ ոչ միայն նրա), հրեաները իսլամացվող Եվրոպայից կսկսեն զանգվածաբար արտագաղթել ոչ թե Իսրայել կամ Ամերիկա, այլ Ռուսաստան: Նրանք արդեն վաղուց, շատ վաղուց են փափագում «տեր կանգնել» Ռուսաստանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ