RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019



ՂԱԶԱԽՍՏԱՆ

Տեղադրվել է` 2019-05-09 03:38:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3853, Տպվել է` 233, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԿՂԶԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան

Կենտրոնական Ասիայում խոշորագույն պետությունըՙ Ղազախստանը, պատրաստվում է նախագահի արտահերթ ընտրությանը:

Պատմական չափանիշներով երիտասարդ երեսնամյա պետության պատմության մեջ այս ընտրությունները ոչ այնքան սովորական են լինելու: Այս տարվա մարտին Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը թողեց իր պաշտոնն անկախ հանրապետությունը մոտ երեսուն տարի կառավարելուց հետո: Ընդ որում, պետության ղեկավարի լիազորությունները վայր դրեց կամավոր, չսպասելով իր նախագահության ավարտի ժամկետին: Հիշեցնենք, որ նա վերջին անգամ ընտրվել էր 2015թ., ստանալով ընտրողների քվեների 98%-ը: Այսպիսով, նա խախտեց Կենտրոնական Ասիայի ետխորհրդային երկրներում կայացած ավանդույթը, երբ իշխանությունը երբեք կամավոր չի հանձնվել գործող նախագահի կողմից...

Նազարբաեւն իրենից հետո լավ ժառանգություն է թողել: Երկրի, որտեղ բնակվում են ավելի քան հարյուր ազգերի եւ ազգությունների ներկայացուցիչներ, գլխավոր արժանիքն են համարվում խաղաղությունը եւ ազգամիջյան համերաշխությունը: Եվ դա զարմանալի չէ: Խորհրդային Միության փլուզումից հետո կենտրոնաասիական երկրներից յուրաքանչյուրում բռնկվում էին զինված էթնիկ հակամարտություններ եւ միայն Ղազախստանին հաջողվեց խույս տալ այդ ճակատագրից:

Կայունության պահպանումը թույլ տվեց նավթի եւ այլ բնական հարստությունների տիրող հանրապետությանը կարճ ժամանակի ընթացքում կայունացնել, իսկ հետագայում նաեւ էապես վեր բարձրացնել տնտեսությունը, որն անցած դարի 90-ական թթ. գործնականում փլատակների մեջ էր: Հարեւան երկրների օրինակը, որտեղ արյունոտ բախումները ժամանակ առ ժամանակ հանգեցնում էին նախագահների եւ կառավարությունների փոփոխությանը, քաոսի եւ տնտեսական անկմանը, լավագույն դաս եղան Ղազախստանի համար: Հենց այն ժամանակ էլ երկրի առաջին նախագահ Ն.Նազարբաեւը ձեւակերպել իր հայտնի կանոնը. «սկզբումՙ տնտեսություն, այնուհետեւՙ քաղաքականություն»:

Գաղտնիք չէ, որ Նազարբաեւի կառավարման մեթոդները Արեւմուտքում հաճախ են ենթարկվել քննադատության: Որոշ քաղաքական գործիչներ նրան մեղադրում էին հարկադրանքի հակումներում, ժողովրդավարական հաստատությունների թերզարգացածության մեջ, ասելով, որ նախագահի լիազորությունները չափազանց մեծ են... սակայն ժամանակը ցույց տվեց ընտրված ուղու հիմնավորված եւ ճշմարիտ լինելը: Ղազախստանն այսօր ետխորհրդային հազվագյուտ երկրներից է, որոնք կարողացել են իրենց քաղաքականությունը դնել ամուր, հուսալի ռելսերի վրա: Եվ Նազարբաեւը, որպես իր ժողովրդի ծոցից ելած հարազատ զավակ, գիտեր եւ գործում էր այնպես, որ դա անհրաժեշտ եւ ձեռնտու լինի ոչ միայն պետություն ձեւավորող ազգինՙ ղազախներին, այլեւ բոլոր մյուս ազգերին, որոնք բնակվում են այդ երկրում:

Նուրսուլթան Նազարբաեւը կառուցեց ամուր, արդյունավետ իշխանության ուղղահայաց, որը օգնեց Ղազախստանի ժողովրդին հաջողությամբ խուսանավելու տնտեսական եւ քաղաքական փոթորիկներից: Եվ, առաջին հերթին, շնորհիվ սոցիալ-տնտեսական կայունության, երկրորդՙ իր բնական հարստությունների շնորհիվ, Ղազախստանը ներգրավեց այնպիսի ծավալի ներդրումներ, որոնք ի վիճակի չէին ներգրավելու Կենտրոնական Ասիայի մյուս պետություններըՙ բոլորը միասին:

Հանրապետությունն իր առջեւ գերհավակնոտ խնդիր դրեցՙ մտնել աշխարհի երեսուն զարգացած երկրների շարք եւ արագացված տեմպով ձեռնամուխ եղավ դրա իրագործմանը, հասնելով շատ նշանակալից հաջողությունների:

Եվ այդ բեկումնային պահին պետության առաջին նախագահը կամավոր վայր դրեց իր լիազորությունները... Ինչպե՞ս: Ինչու՞ՙ կհարցնեն շատերը:

Նազարբաեւի այդ քայլն, անվիճելիորեն, հասարակությունն ընդունեց արտակարգ զգուշավորությամբ: Հատկապես երերուն զգաց իրեն բնակչության այն մասը, որը չէր պատկանում տիտղոսակիր ազգինՙ ղազախներին: «Ի՞նչ կլինի մեզ հետ», «ի՞նչ փոփոխություններ են մեզ սպասում»: Այս կարգի հարցեր էին դարձել հիմնական թեման սոցիալական ցանցերում: Լարվածության մթնոլորտը Նազարբաեւի հեռանալուց հետո առաջին օրերին թեւածում էր բառացիորեն մարդկանց կյանքի բոլոր ոլորտներում: Սակայն բավականին արագ իշխանությունները որոշեցին իրենց գործողությունների հետագա ընթացքը:

Համաձայն սահմանադրության` Նազարբաեւի հեռանալուց հետո երկրի նախագահի գործառույթներն անցան Խորհրդարանի վերին պալատիՙ Սենատի խոսնակ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին, ով Նազարբաեւի մերձավորագույն զինակիցներից մեկն է եւ նրա հետ միասին ամենաակտիվ մասնակցությունն է ունեցալ անկախ պետության կառուցմանը: Իրադարձությունների նման ընթացքը դիտորդները գնահատեցին որպես Ղազախստաի ձգտման ամրագրումՙ ապահովելու ժառանգականությունը եւ ներքին քաղաքականության կայունությունը:

Որպեսզի ստանա բնակչության աջակցությունը եւ ամրապնդի պետության ղեկին իր գտնվելու լեգիտիմությունը, Տոկաեւը, կրկին, հիմնվելով սահմանադրության վրա, հատուկ ուղերձով հայտարարեց երկրի նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին այս տարվա հունիսի 9-ին: Իր ուղերձում պետության նոր ղեկավարը երաշխավորեց, որ «ընտրություններն անցնելու են բաց եւ ազնիվ»: Այսօր Ղազախստանում գնում է նախագահի թեկնածուների առաջադրման աշխույժ գործընթաց: Համաձայն օրենսդրության, դրա համար հատկացված ժամանակում իրենց թեկնածություններն առաջադրել են 8 մարդ, ովքեր ներկայացնում են տարբեր քաղաքական կուսակցություններ եւ շարժումներ, այդ թվում` ներկա իշխանությանն ընդդիմադիր: Բոլոր թեկնածուները ծնունդով Ղազախստանի քաղաքացի են, համապատասխանում են վերջին 15 տարում Ղազախստանում ապրելու անհրաժեշտության պայմաններին, ունեն բարձրագույն կրթություն, չունեն դատվածություն, չեն դատվել կոռուպցիոն իրավախախտումների համար, ունեն ակտիվ ընտրական իրավունք: Յուրաքանչյուր թեկնածուին անհրաժեշտ է հավաքել 118140 ստորագություն իրենց աջակցողների թվից ոչ պակաս 12 տարածաշրջաններում եւ խոշոր քաղաքներում: Նախագահի թեկնածուի վերջնական գրանցման համար, բացի ստորագրությունների հավաքից, այդ բարձր պաշտոնի թեկնածուները պետք է նաեւ ներկայացնեն երկու փաստաթուղթՙ տեղեկանք առողջական վիճակի մասին եւ հռչակագիր իրենց եկամուտների եւ ընտանիքի եկամուտների մասին:

Հետաքրքիր է, որ այնքան էլ հեշտ չէ կանխատեսել, թե ինչով կավարտվեն ընտրությունները: Բայց այն, որ տեսանելի հեռանկարում Ղազախստանը կշարունակի ստանձնել լոկոմոտիվի դերը կենտրոնասիական էշելոնումՙ կասկած չկա: Որովհետեւ անկախության տարիներին շնորհիվ հասարակական ինքնագիտակցության բարձր մակարդակի եւ միասնության պետականությունն այստեղ այնքան է ամրապնդվել, որ ինչ-որ անորոշություններ եւ դեգերումներ, ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտներում, սպասել ուղղակի չարժե:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ