ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ Հ.Ծ. «Պաղեստինյան արվեստը միշտ էլ փորձել է աշխարհի ուշադրությանը հանձնել իսրայելական ագրեսիան եւ պաղեստինցիների պայքարը հանուն ազատության: 1970-80-ական թվերին այս գաղափարները արտահայտվում էին այդ ժամանակների սիմվոլիզմի միջոցով, բայց ներկայիս փոփոխություն է տեղի ունեցել: Պաղեստինյան արվեստն այժմ շատ ավելի իսկական, վավերական է դարձել», նշել է Վերա Տամարին , բազմաբնույթ մի նկարչուհի, որ վերջերս զրուցել է «Ալ Մոնիտոր» պարբերականի Բեյրութում բնակվող անկախ լրագրող Սեմ Բրենանի հետ: Ապրիլի 30-ին Բեյրութի «Դար էլ-Նիմեր» պաղեստինյան արվեստի մշակութային կենտրոնը իր դռներն է բացել չորս նշանավոր արվեստագետներիՙ Նաբիլ Անանի, Ալիման Մանսուրի, Տայսիր Բարակաթի եւ Վերա Տամարիի աշխատանքների առջեւ: Նրանք պաղեստինյան ժամանակակից արվեստի հիմնադիրներն են, եւ իրենց գործերով ցանկանում են ցույց տալ, թե ինչպես է փոխվել պաղեստինյան արվեստը առաջին (1987-ի) «ինտիֆադայից» (որը տեւեց 5 տարի) հետո: «Նախկինում մենք պարզապես անցյալն էինք վավերագրում, այժմ ավելի շատ փորձում ենք ներկայացնել ժողովրդի պահանջները: Այդ ժամանակ մենք մեր մշակութային գետտոյում էինք ապրում, կտրված արաբական աշխարհից», ասել է Մահսուրը, իսկ Անանին ավելացրել «Նարնջենիները Պաղեստինն էին ներկայացնում, կամ դրա մի մասը նախքան 1967-ի գրավումը, մինչդեռ ձիթենիներըՙ խորհրդանշում էին գրավումից հետո ընկած ժամանակահատվածը»: «Ինտիֆադան»ՙ ապստամբությունը նոր էջ բացեց, եւ Պաղեստինը ներկայացրեց ամբողջ աշխարհին: Արվեստն էլ սիմվոլիզմից անցավ ավելի խորը ներթափանցելու նոր մակարդակին: «Նոր սերունդը շատ ավելի հասուն է, խելացի, նորարարությունների ընդունակ, եւ ամենակարեւորըՙ տեսլական ունի, որն էլ ապագայի հանդեպ մեր հույսերը կրկնապատկում է», եզրակացրել է Բարակաթը: |