«ՄԻԱՑՅԱԼ ԵՎ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր Հայաստանի առաջին հանրապետության (այսուհետեւ` ՀԱՀ) բազմաշերտ պատմության հիմնարար ուսումնասիրության անհրաժեշտությունն անվիճելի է: Այդ ուղղությամբ ՀԱՀ-ի 100-ամյա հոբելյանի առիթով զգալի դրական տեղաշարժ գրանցվեց: ՀԱՀ-ի պատմության անկյունաքարային երեւույթներից էր նաեւ 100 տարի առաջ` 1919 թ. մայիսի 26-ին ընդունված եւ նույն թվականի մայիսի 28-ին` Հայաստանի Հանրապետության մեկամյակի կապակցությամբ «Միացյալ եւ Անկախ Հայաստանի մասին» ակտը: «Հայաստանն ամբողջականացնելու եւ ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումն ապահովելու համար,- ասված էր այդ փաստաթղթում,- Հայաստանի կառավարությունը համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի եւ ցանկության հայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտենջենապես միացած են իբրեւ անկախ պետական միություն»: Ակտին հաջորդեց դրա տրամաբանական շարունակությունը կազմող մայիսի 27-ի «Հայաստանի խորհրդի համալրման մասին» նախարարների խորհրդի 1919թ. ապրիլի 27-ի պառլամենտի որոշմամբ կառավարությանը տրված հատուկ լիազորությունների հիման վրաընդունած որոշումը, որոնք երկուսն էլ 1919 թ. մայիսի 28-ին անկախության առաջին տարեդարձի օրը պաշտոնապես հրապարակեց վարչապետի պաշտոնակատար Ա. Խատիսյանը: Հայտարարությունն առաջ բերեց գրեթե բոլոր «ձախ» ուժերի բուռն բողոքն ու դժգոհությունը: Այդ կուսակցություններից յուրաքանչյուրն ուներ իր փաստարկներն ու պատճառաբանությունները: Միջկուսակցական սուր պայքար ծավալվեց նաեւ կոալիցիայի (1918 թ. նոյեմբերի 4-ին ՀՅԴ-ն կոալիցիոն կառավարություն էր կազմել «աջ» որակվող ժողովրդական եւ ոչ սոցիալիստական կուսակցությունների հետ` դրանով ընդգծվում էր համազգային խնդիրների գերակայությունը սոցիալ-դասակարգայինի նկատմամբ) մեջ գտնվող ՀՅԴ-ի եւ ՀԺԿ-ի (ՌԱԿ) միջեւ: Միացյալ եւ անկախ Հայաստանի մասին Հայաստանի կառավարության հայտարարությանը մեծ թվով հեղինակներ են անդրադարձել, որոնց ընդհանուր գծերով եւ որոշ վերապահումներով կարելի է բաժանել երկու հիմնական խմբի. ա) անվերապահ կողմնակիցներՙ ովքեր գտնում են, որ այն ընդունվել է ճիշտ ժամանակին, տվյալ պահի միջազգային իրավական կացության տեսանկյունից արդարացված էին եւ երկրի անվտանգության տեսանկյունից պատճառաբանված, բ) հակադիր տեսակետի կողմնակիցները, որոնք հիմնականում արեւմտամետ կողմնորոշում ունեին. միաժամանակ պաշտպանելով Միացյալ եւ ամբողջական Հայաստանի գաղափարը, շեշտում էին, որ այն ժամանակավրեպ է եւ կարող է «խրտնեցնել» խոշոր տերություններին, որոնք միշտ զգուշացել էին հզոր Հայաստանի տեսլականից: Որ դրանք ընդունվել են հապշտապ եւ առանց համաժողովրդական քննարկման: Որ հաշվի չեն առնվել ինչպես ողջ արեւմտահայության ու ձեւավորվող Սփյուռքի, այնպես էլ դրանց շահերն արտահայտողներ Ազգային պատվիրակության եւ արտախորհրդարանական կուսակցությունների կարծիքները: Վերջիններիս հատկապես մտահոգել էր խորհրդարանը արեւմտահայ 12 պատգամավորներով «Հայաստանի խորհրդի համալրման մասին» քաղաքական եւ իրավական որոշումը: Առհասարակ Միացյալ եւ անկախ Հայաստանի գաղափարը նորություն չէր: Այն առաջին անգամ առաջ էր քաշել Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարը 1918 թ. նոյեմբերի 30-ին: Պ. Նուբարի եւ արեւմտահայ գործիչների մեծ մասը մտավախություն ունեին, որ Ռուսաստանն ի վերջո կգրավի Հայաստանը: Այդ պատճառով էլ ձգտում էին հասնել Արեւմտյան Հայաստանի (հնարավորության դեպքում Կիլիկիայի հետ) անկախության հռչակմանը: Այդ դեպքում իրենց նպատակն էր նաեւ Պ. Նուբարի վարչապետությամբ կազմել ապագա կառավարությունը: Աշխարհամարտի ավարտից հետո ՀՀ իշխանությունները եւս պաշտպանեցին Միացյալ Հայաստանի գաղափարը եւ ձեռնամուխ եղան դրա իրագործմանը: Այդ մասին արեւելահայ պարբերական մամուլում առաջին անգամ գրեց ՀԺԿ պաշտոնաթերթ «Ժողովուրդը» 1918թ. դեկտեմբերի 8-ի «Ազատ Հայաստան» վերնագրված հրապարակման մեջ` այն համարելով «հայ ժողովրդի շահերի տեսակետից Հայկական հարցի ամենանպատակահարմար լուծումը»: Միացյալ եւ Ազատ Հայաստանի գաղափարը հրապարակավ հռչակել ու պաշտպանել էր նաեւ 1919 թ. փետրվար 6-13-ին Երեւանում տեղի ունեցած Արեւմտահայերի երկրորդ համագումարը: Այն նաեւ իր ընտրած Գործադիր մարմնին հանձնարարել էր «Միացեալ Ազատ Հայաստանի անկախութիւնը հայտարարելու եւ մեկ համազգային միութիւն իրականացնելու համար»: Ակտի գերնպատակը` մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ կառավարություն գաղափարի պետական քաղաքականության իրագործում էր նշանակում: Իսկ դրա համար անհրաժեշտ էր կազմել միացյալ Հայաստանի կառավարություն եւ միացյալ խորհրդարան: Համագումարը նաեւ դիմեց ՀՀ վարչապետին եւ խորհրդարանին «օր առաջ հայտարարել Միացեալ, Ազատ Հայաստանի անկախութիւնը» եւ այդ ուղղությամբ գործնական քայլեր անելու հորդորով: Որպես դրա առաջին քայլ` ՀՀ կառավարությունը հայտարարվեց միացյալ Հայաստանի կառավարություն, ինչպես նաեւ, որպես միացյալ խորհրդարան, որոշվեց Հայաստանի խորհրդում ընդգրկել արեւմտահայ 12 ներկայացուցիչ` կազմի թվաքանակը հասցնելով 58-ի: Սակայն «վերոհիշյալ արեւմտահայ 12 ներկայացուցիչներն ըստ կուսակցական պատկանելության դաշնակցականներ էին»: Մինչդեռ «Կովկասում ապաստանած արեւմտահայ գաղթականության մեջ զգալի կշիռ ու ազդեցություն ունեին Հայ ռամկավարները եւ անաչառ մոտեցման դեպքում այդ 12 անդամների թվում պետք է որ լինեին նաեւ ռամկավարներ»: (1) Կառավարության այդ որոշման դեմ անմիջապես իրենց բողոքն արտահայտեցին սոցիալ-դեմոկրատներն ու էսէռները, ինչպես նաեւ կառավարության մաս կազմող ՀԺԿ-ն ու նրան գաղափարակից ՀՍՌԿ-ն: Նրանք «դեմ էին ոչ թե միացյալ Հայաստանի գաղափարին, այլ մայիսի 28-ի հայտարարագրի այն հատվածին, որում ՀՀ կառավարությունն իրեն հայտարարում էր միացյալ Հայաստանի կառավարություն»: Կուսակցությունների դիրքորոշումների պատճառները բացատրելու համար բանալի կարող է լինել այն կարեւոր հանգամանքը, որ ՀԱՀ-ի գոյության տարիներին, բոլոր կարեւոր հարցերում հայությունն իր գաղափարախոսությամբ, ձգտումներով, ապագայի մասին տեսլականներով, ռազմավարությամբ եւ դրանց հասնելու մարտավարական մոտեցումներով եղավ ու մնաց հատվածական մտածողության կրողը (2): Կուսակցությունների մեծ մասը եւս հաճախ որդեգրել է հատվածական, երբեմն էլ միմյանց հակասող գործելակերպ: Այդպես եղավ նաեւ այս ակտի դեպքում: Գաղտնիք չէր, որ արեւմտահայերն ակնհայտ վերապահությամբ էին վերաբերում նորակազմ իշխանություններին: 1919 թ. մայիսի 28-ին Միացյալ եւ անկախ Հայաստանի մասին արված հայտարարությանը յուրօրինակ արձագանքեց կոալիցիոն կառավարության մաս կազմող ՀԺԿ-ն: Ընդ որում գործում էին ժողովրդականների երեք թեւեր` ա) թիֆլիսյան` ի դեմս կուսակցության կենտրոնական կոմիտեի, բ) երեւանյան` ի դեմս տեղի կոմիտեի եւ գ) սփյուռքյան` ի դեմս Ազգային պատվիրակության կողմից ուղղորդվող ՀԺԿ-ին խիստ գաղափարամոտ ռամկավարների: Նկատենք, որ կառավարության այդ հայտարարությունը, ինչպես փաստերի համադրությունն է ցույց տալիս, ՀԺԿ Հայաստանի կոմիտեն կատարել էր առանց իրենց կենտրոնական կոմիտեի համաձայնության, իսկ փարիզյան թեւի հետ այն նախապես չէր էլ քննարկվել: Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Փարիզից եւ Թիֆլիսից տեղ հասան ուղարկված հեռագրերը: ՀԺԿ-ն նախ ժխտեց իր մասնակցությունը ակտի մշակմանը, ապա հայտարարեց, որ մայիսի 28-ի ակտը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին, այն միակողմանի բնույթ է կրում, չունի Պ. Նուբարի հավանությունը, չի բխում Հայկական հարցի միջազգային վիճակից, հետեւաբար պետք է չեղյալ հայտարարվի: Կուսակցության պաշտոնաթերթ «Ժողովրդի ձայնը» ելքը տեսնում էր նրանում, որ կառավարությունը պաշտոնապես դիմեր Ազգային պատվիրակությանը եւ առաջարկեր փոխադարձ համաձայնությամբ հայության երկու հատվածների ներկայացուցիչներից կազմել ժամանակավոր կառավարություն եւ հրավիրել Միացյալ Հայաստանի «հիմնադիր ժողով» : Ինչպես վերը նշվեց, դեռեւս արեւմտահայ 2-րդ համագումարն էր հանդիսավոր հայտարարել, որ Հայաստանը միացյալ եւ անկախ է ճանաչում: Համագումարը նաեւ լիակատար վստահություն էր հայտնել Ազատ եւ Միացյալ Հայաստանի Պ. Նուպար փաշայի անդրանիկ Դահլիճին: Միաժամանակ որոշվել «համազգային հատուածներու եւ երկրամասերու միաւորութեամբ ստեղծել պետական մէկ միութիւն»եւ Պ. Նուբարի «դահլիճին հետ յարաբերութեան մէջ մտնել` իրականացնելու քաղաքական եւ պետական այն բոլոր աշխատանքները, որոնք հարկաւոր են Ազատ եւ Միացեալ Հայաստանի պետական գոյութիւնը հիմնաւորելու համար»: Համագումարը նաեւ իր Գործադիր մարմնին պարտադրեց «գործնական քայլեր անել Արարատեան Հանրապետութեան հետ Միացեալ Ազատ Հայաստանի անկախութիւնը յայտարարելու եւ ...համազգային միութիւնը իրականացնելու համար»: Մայիսի 28-ի ակտը ողջունեցին Հայաստանի առաջին հանրապետության ակունքներում կանգնած պետական ու հասարակական շատ կազմակերպություններ: Առանձին շրջաբերականով հանդես եկան ՀՅԴ բյուրոն, ՀՅԴ «Երկրի» Կենտրոնական կոմիտեն, որոնք «ջերմապես ողջունեցին Հայաստանի միացման եւ անկախության ակտի պաշտոնական հայտարարությունը»: Ուսումնասիրողներից ոմանք գտնում են, որ. «Միացյալ Հայաստանի անկախության հայտարարման ակտը հատվածականության վերացմանն ուղղված հանրապետության իշխանությունների կողմից իրականացված ամենակարեւոր ու նշանակալի քայլերից է եղել»: Միացյալ եւ Ազատ Հայաստանի հռչակումով փաստորեն ՀՀ-ում հայ ժողովրդի արեւելահայ եւ արեւմտահայ հատվածների միջեւ դրվել է իրավահավասարության հիմքը: ՀԺ կուսակցությունը հիմնավորելով, որ 1919 թ. մայիս 28-ին ընդունված այդ ակտը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին, չընդունեց եւ պահանջեց չեղյալ հայտարարել այն: Ժողովրդականները գտնում էին, որ միացյալ Հայաստանի հայտարարագիրը պետք է ընդունվեր հայկական երկու հատվածների` արեւելահայերի եւ արեւմտահայերի փոխադարձ համաձայնությամբ ու մասնակցությամբ` Փարիզի ազգային պատվիրակության հետ համախորհուրդ: (3) ՀՅԴ-ՀԺԿ-ՀՍՌԿ միջկուսակցական վեճը հարթելու նպատակով 1919թ. աշնանը Երեւան ժամանեց Ազգային պատվիրակության առաքելությունը (Վահան Թեքեյան, Ն. Տեր-Ստեփանյան, որոնց միացավ Սամսոն Հարությունյանը): Հոկտեմբերի 29-ից մինչեւ նոյեմբերի 16-ը բանակցություններ վարվեցին Ազգային պատվիրակության առաքելության եւ ՀՀ պատվիրակության միջեւ (Ս. Վրացյան (նախագահ), Շ. Միսաքյան եւ Մ. Հարությունյան): Սակայն կողմերի անզիջողականության պատճառով բանակցությունները դրական արդյունքների չհանգեցրին (4): Պատվիրակությունը պնդում էր Պողոս փաշային միացյալ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակելու պահանջը, որն անընդունելի էր ՀՅԴ-ի համար: Ակներեւ է, որ այդ տարաձայնությունների հիմքում ընկած էին ավելի շատ կուսակցական-հատվածական ու պատվախնդրական հաշիվները, քան համապետական ու ազգային գերագույն շահերը: Բանակցություններն ավարտվեցին անարդյունք : Եզրակացություններ 1. Անկախ եւ Միացյալ Հայաստանի մասին ակտը հայկական հողերի վերամիավորման եւ հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման առումով կարեւոր իրավական փաստաթուղթ է: 2. Միջազգային ընդունված իրավանորմերին համապատասխան ՀՀ իշխանությունները փորձում էին հայոց պետականության վերակերտումն իրականացնել տեղաբնիկ հայ ժողովրդի պատմական հայրենիքում` Արեւելյան եւ Արեւմտյան միասնականացած Հայաստանում: 3. Տարբեր քաղաքական ուժեր հայտարարությունն ընդունեցին ոչ միակերպ, որը հատվածականության դրսեւորում էր: Այն կուսակցությունների միջեւ հակասությունների խորացման առիթ դարձավ եւ կոալիցիոն կառավարությունը կազմալուծվեց: 4. Ստեղծված ոչ ցանկալի իրավիճակի համար պատասխանատվության իրենց բաժինն ունեին բոլոր քաղաքական ուժերը եւ գործիչները, մյուսներից առավել` կոալիցիոն կառավարության մեջ մտնող ազդեցիկ քաղաքական ուժերը: 5. Ազգային պատվիրակության ղեկավար Պ. Նուբարը, որպես արեւմտահայերի ներկայացուցիչ, ղեկավարվելով նաեւ անձնական շարժառիթներով, միշտ չէ, որ ազգային խնդիրների լուծման հարցում կառուցողական մոտեցում էր ցուցաբերում, հաճախ դրսեւորում էր ոչ իրատեսական գործելաձեւեր, որոնք քաղաքական ռոմանտիզմի, հայաստանյան վիճակի մասին իրական պատկերացումներ չունենալու եւ «կուշտն ինչ գիտի քաղցն ինչ է»-ի հետեւանք էին: 6. Միացյալ Հայաստանի մասին հայտարարության ընդունման ժամանակ ՀՀ-ն ճանաչված չէր այն տերությունների կողմից, որոնց սակայն հայ գործիչները Հայաստանի դաշնակիցներ էին համարում: 7. Հայ ժողովրդի իրավունքների ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսներ չկային եւ 28-ի ակտն այդպես էլ մնաց թղթի վրա, չունեցավ էական քաղաքական հետեւանք: Սակայն դա նորակերտ հայոց պետականության իրավաքաղաքական անուղղակի պատասխանն էր 387, 591, 1555, 1639 թթ.-երի ապօրինի ակտերի: Ակտեր, որոնց կողմերը ուժի դիրքերից մասերի էին բաժանել Հայաստանն ու հայ ժողովրդին: 8. Մեծ տերություններն ակտը «չնկատեցին», իսկ մայիսի 28-ից հետո հայ քաղաքական ուժերի եւ գործիչների միջեւ սրված հարաբերությունները վերածվեցին քաղաքական «գզվռտոցի», որից յուրաքանչյուրը փորձում էր իր օգուտը քաղել: 9. Մայիսի 28-ի ակտը թեեւ մնաց թղթի վրա, սակայն բարոյահոգեբանական եւ իրավական նախադեպ ու նեցուկ դարձավ հաջորդ սերունդների համար: Դարձավ ուղերձ ու պատգամ, որն սկսեց առարկայանալ Արցախյան շարժումով եւ կունենա իր հաղթարշավը նաեւ ապագայում: 5.01.-20.05.2019 1) Հակոբյան Ա., Հայաստանի խորհրդարանը եւ քաղաքական կուսակցությունները (1918-1920 թթ.), Ե., 2005, էջ 198-199: 2) Հայ ժողովրդի մեջ հատվածականության ու դրանից բխող գաղափարական երկփեղկված լինելու հիմնախնդրի մասին մանրամասն տե՛ս Հայրապետյան Կ., Հատվածականության հաղթահարման հիմնախնդիրը Հայաստանի Հանրապետությունում, «Վէմ» համահայկական հանդես թիվ 4(64), հոկտեմբեր-դեկտեմբեր, 2018, էջ 164-209 3) Տե՛ս ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.35, թ.116: 4) Տե՛ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 210, թ. 25: Ինքնագիր: |