RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019



Տեղադրվել է` 2019-05-31 00:25:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3713, Տպվել է` 300, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 101-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Ուղիղ 101 տարի առաջ այս օրերին Երեւանից ոչ հեռու, ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը կռիվ տվեց ընդդեմ թշնամու` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի պահպանության, հանուն ազգի հարատեւման: Սարդարապատի ճակատամարտը որոշիչ էր հայ ժողովրդի համար եւ ճակատագրական` Հայաստանի համար: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը: Զինվորների հետ միասին կռվի դաշտում էին ամբողջ ընտանիքներՙ ծերեր, երեխաներ, կանայք, եկեղեցական հայրեր: 1918-ի մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով հայ ժողովուրդը վերականգնեց շուրջ ինն դար առաջ կորցրած անկախությունը:

Հատկապես այդ կռիվների վերջին արար Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին` հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Մայիսյան այդ հերոսամարտերը նաեւ հնարավորություն ընձեռեցին, որպեսզի հայոց պետականության նվիրյալների ստեղծած «Հայկական ազգային խորհուրդը» Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում, հռչակի Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը երեք օր առաջ, մայիսի 28-ին, տոնեցին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման եւ Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 101-ամյակը` Հանրապետության տոնը: Անցկացվեցին բազմաթիվ միջոցառումներ` եւս մեկ անգամ նշանավորելու պետականությունը որպես բարձրագույն արժեք եւ իմաստավորելու առաջին հանրապետության խորհուրդը հայկական պետականության հետագա կերտման ճանապարհին: Հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաեւ Արցախում անկախությունը կերտած հայ հերոսների հիշատակին նվիրված բազմաթիվ հանդիսություններ անցկացվեցին:

Առաջին հանրապետության 101-ամյակի կապակցությամբ երեկ ավանդաբար անցկացվող միջոցառումներ էին կազմակերպվել տարբեր վայրերում, որոնցից ավելի մեծամասշտաբ էին Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում կազմակերպված միջոցառումները: 1918թ. մայիսի 22-28-ին թուրք զավթիչների դեմ մղված պատմական հերոսամարտի 50-ամյա տարեդարձին Սարդարապատի ճակատամարտի ճիշտ տեղում բացված հուշահամալիրում էլ անցկացվեց Հանրապետության 101-ամյակի տոնակատարությունը:

Սարդարապատի միջոցառումներին ներկա էր իշխանական վերնախավը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Նրանք այցելեցին Սարդարապատի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու անկախության եւ ազատության համար կռիվ մղած հերոսների հիշատակին:

Դիմելով ներկաներին Ն. Փաշինյանը շեշտեց, որ տոնում ենք հայոց պատմության ամենակարեւոր տոներից մեկը` Հայաստանի Հանրապետության հռչակման 101 ամյակը: Այնուհետեւ բանախոսը նշեց, որ Կիլիկյան պետականության կորստից հետո` 500 տարի անց թշվառ, ցեղասպանված ու սովի մատնված հայ ժողովուրդը այդ ճակատամարտերում կռած հաղթանակներով ապահովեց սեփական պետականության վերակերտումը եւ շարունակեց ապրելու ու հարատեւելու գործընթացը` աշխարհին ապացուցելով իր կենսունակությունը:

Օրվա գլխավոր իրադարձություններից հետո Սարդարապատում տեղի ունեցավ նաեւ համայնքների տոնական հյուրասիրություն, ամենուրեք հնչում էին հայրենասիրական ուրախ երգեր, շատերն էլ ինքնամոռաց պարում էին:

Տոնական միջոցառում էր կազմակերպվել նաեւ Ապարանում, որը համեմատաբար ավելի համեստ էր, մասնակիցներն էլ` փոքրաթիվ: Սակայն կարեւորն այն էր, որ ամենուրեք տիրում էր տոնական տրամադրություն, եւ ապարանցիներն անխտիր հպարտանում էին իրենց հայրերի ու պապերի հերոսականությամբ:

Արձանագրենք, որ ցավոք թերեւս առաջին անգամ Արցախը բարձր մակարդակով եւ պաշտոնապես չմասնակցեց Հայաստանում տեղի ունեցած տոնական միջոցառումներին, որն իսկապես խորհելու տեղիք է տալիս: Քանի որ թե՛ հերոսամարտերը, թե՛ տարած հաղթանակները համահայկական են եւ Հայաստանի մի մասը կազմող Արցախը չպետք է անմասն մնար այդ տոնական միջոցառումներից: Իսկ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը խուսափելով հստակ պատասխանել` մասնակցության հրավեր եղել է, թե՛ ոչ հարցին` միայն ընդգծեց, որ նախագահ Բակո Սահակյանի զբաղվածության պատճառով է ընտրվել իրենց մակարդակով մասնակցության ձեւաչափը: «Դուք գիտեք, որ Արցախում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները եւ նախագահը նրանց հետ հանդիպումներ է ունեցել: Միայն դա է պատճառը, հետին միտք փնտրել պետք չէ: Այս անգամ ընտրվեց այդ ձեւաչափը»,-նշեց Բաբայանը: Արձանագրենք, որ չնայած Դավիթ Բաբայանը նախագահի բացակայությունը պարզաբանեց վերջինիս զբաղվածությամբ, սակայն ընդգծենք, որ մասնակցությունը կարող էր լինել վարչապետի կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով, այնինչ առհասարակ Արցախից որեւէ պաշտոնյա երեկ չմասնակցեց միջոցառումներին:

Նշենք, որ բացի պետական պաշտոնական օրգաններից 101-ամյա միջոցառումները լուսաբանեցին նաեւ քաղաքական տարբեր դաշտերում գործող ԶԼՄ-ներ: Մասնավորապես ավելի ակտիվ էր ՀՅԴ-ի տեսակետները ներկայացնող հատվածը: Օրվա խորհուրդին եւ քաղաքական իրադարձությունների լուսաբանմամբ ելույթ ունեցան Կիրո Մանոյանը եւ այլ կուսակցական գործիչներ: Պատմությունը, նշում էին նրանք, ինչպես հայտնի է, պարուրաձեւ է, իրադարձությունները ժամանակ առ ժամանակ կրկնվում են` իհարկե, ոչ ճշգրտորեն, այլ փոփոխված տարբերակներով: Առաջին նախագահի օրոք Դաշնակցությունն արմատական ընդդիմություն էր` դրանից բխող բոլոր հետեւանքներով, այնուհետեւ կուսակցությունը սկսեց համագործակցել երկրորդ եւ երրորդ նախագահների հետ` ժամանակ առ ժամանակ հակադրվելով նրանց: Հիմա պատմության անիվը եւս մի շրջապտույտ է կատարել, եւ ՀՅԴ-ն կրկին հայտնվեց ընդգծված ընդդիմության շարքերում: Թեեւ իշխանությունն այդ հարցում «պաշտոնապես» ոչինչ չի հայտարարում, Դաշնակցության վերջերս կազմակերպած հանրահավաքը իշխանական շրջանակների կողմից նյարդային է ընդունվել: Եթե տեսնում եք Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի նկարըՙ «թռչնի բարձրությունից», որը կոչված է ապացուցելու հանրահավաքի սակավությունը (առաջ նման նկարներ էր հրապարակում ՀՀԿ-ն), ուրեմն իմացեքՙ իշխանությունը դժգոհ է, մասնավորապես նշեց Կիրո Մանոյանը:

Ի դեպ նշեմ, որ Դաշնակցություն կուսակցությանն ու նրա գաղափարախոսությանը վերաբերում եմ սոսկ պատմաբանի դիտակետից: Բայց երբ որեւէ դաշնակցական գործիչ որեւէ հարցով կարծիք է արտահայտում, իսկ իշխանության ֆանատները դրան հակադարձում են, թե «դու ընդհանրապես իրավունք չունես խոսելու, որովհետեւ ձեր կուսակցությունը ծախվել էր Քոչարյանին ու Սերժին», դա ինձ համար այնքան էլ համոզիչ փաստարկ չի: Ավելին, կարծում եմ, որ տեսակետները պետք է լինեն հնարավորինս բազմազան եւ որքան հարուստ, այնքան լավ պետության համար: Հատկապես, որ անկախ մեր անձնական վերաբերմունքից, այն մեր համազգային կառույցներից մեկն է:

Ափսոսանքս եւ մտահոգությունս պիտի հայտնեմ նաեւ այն փաստի առթիվ, որ թեեւ հանրապետության ղեկավարների ելույթներում մեծարվում էին հիշյալ ճակատամարտերի բոլոր հերոսներն ու մասնակիցները, սակայն հանդիսավոր արարողություններին չէին հրավիրվել այդ ճակատամարտերի քաղաքական ղեկավարությունն իրականացրած եւ հանուն հաղթանակի իրենց ունեցած մարդկային եւ նյութական բոլոր ռեսուրսները նվիրաբերած, այնուհետեւ անկախ հանրապետություն հիմնած Դաշնակցություն, Ռամկավար, Հնչակյան կուսակցությունների ներկայացուցիչներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 31-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ