ԵՐԵՎԻ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ ՄԱԿ-ի վերջին տվյալներովՙ աշխարհում ամենաշատը խոսում են չինարեն, ապա իսպաներեն, անգլերեն, արաբերեն եւ հինդի լեզվով: ՄԱԿ-ի մեկ այլ ուշագրավ տվյալովՙ համացանցում ամենատարածված լեզուն անգլերենն է, ապա գերմաներենը, ռուսերենը, իսպաներենը եւ ֆրանսերենը: Ենթադրում եմ, որ ՄԱԿ-ում հայերեն հայհոյանքներ չեն հասկանում, հակառակ դեպքում հայերենը եւս կներառվեր միջազգային համացանցային լեզուների ցանկում, ինչեւէ: Քանի որ համացանցը հիմնականում տարածված է զարգացած երկրներում, եւ մարդիկ այնտեղ հատկապես ակտիվ են ժողովրդավարական պետություններում, նորմալ է, որ չինարեն, արաբերեն եւ հինդի լեզվով խոսող երկրներում համացանցում այնքան չեն գրում, որքան օրինակ ռուսախոս կամ ֆրանկոֆոն երկրներում: Բայց եթե հարցին հակառակ կողմից մոտենանք, ապա ստացվում է, որ կոնկրետ Չինաստանում, Հնդկաստանում եւ արաբական երկրներում մարդիկ ապրում են: Այսինքն դուրս են գալիս, մարդկանց հետ կենդանի են շփվում, իրար իրական ծաղիկներ են ուղարկում եւ իրականում են համբուրվում, միմյանց աչքերի մեջ են նայում խոսելիս, իրար ձեռք են սեղմումՙ հրաժեշտ տալիս, եթե հայհոյում են, ապա դեմ դիմաց, հիանում են իրական մայրամուտներով ու արեւածագերով, որոնց միայն լուսանկարներն են հիացնում ասենք անգլիախոս երկրների օգտատերներին, այն էլ, եթե այդ լուսանկարները լավ որակի են: Լավ, ի՞նչ ենք այդքան գրումՙ չինական պատի այս կողմում, ինչի՞ մասին, այն թե ինչպես են մարդիկ սիրում, սպանում, հաղթում, պարտվում, ծնվում, մեռնում... Ապրում: Ո՞ր եւ ո՞ւմ դատավճռով ենք ինքներս մեզ գամել սեփական տան փափուկ սիրելի բազկաթոռին ու էկրանից հետեւել աշխարհի անցուդարձինՙ առանց առնելու այդ աշխարհի կեղտոտ փողոցների հոտը, նաեւ դրա բոլոր պարտեզներում աճող ծաղիկների բույրը: Առանց այդ ծաղիկների մի փոքրիկ փունջ նվիրելու այդ կեղտոտ փողոցներում պարողներին, որոնք, ինչպես Չարլի Չապլինն էր ասում, ամենատաղանդավորն են: Համացանցը ջնջեց պետությունների սահմաններըՙ մարդկանց միջեւ չինական մեծ պատ կառուցելով: Երեւի պատահական չէ, որ իմաստուն մարդիկ հաճախ հանդիպում են Չինաստանում, Հնդկաստանում եւ արաբական երկրներում: Երեւի տխուր է, որ մարդիկ քիչ են թղթի վրա գրված նամակներ ստանում եւ գրում: Երեւի խաղաղ է, երբ տեսադաշտումդ դիմացիդ սարն է կամ ծովը կամ անտառը կամ մարդը, եւ ոչ թե քառակուսի էկրանը: Երեւի ՄԱԿ-ում աշխատող չինացիները, արաբներն ու հնդիկները շնորհավորել են իրար: Երեւի ՄԱԿ-ում աշխատող գերմանացիները, ֆրանսիացիներն ու ռուսներըՙ նույնպես: Երեւի աշխարհը բաժանվում է չինական մեծ պատովՙ այս կողմում օգտատերերն են ապրում, այն կողմումՙ մարդիկ: Բայց աշխարհը զարգանում է, երեւի: |