ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՙ ԱՆԹԻԼԻԱՍՈՒՄ Առաջիկա հուլիսի 2-4-ը Անթիլիասում, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանում, տեղի կունենա Սփյուռքում հայ մամուլին նվիրված առաջին համաժողովը, նախաձեռնությամբ Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Արամ Ա կաթողիկոսի հռչակմամբ 2019 թվականը «Հայ մամուլի տարվա» շրջանակներում: Համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել սփյուռքահայ եւ հայրենական զանգվածային լրատվական միջոցների մեծաթիվ խմբագիրների եւ լրագրողների, առանց կուսակցական, հարանվանական եւ այլ կարգի խտրականությունների: Համաժողովին մասնակցելու են նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության մամուլի ներկայացուցիչներՙ գլխավորությամբ նշանավոր հրապարակագիր, The Armenian Mirror-Spectator, «Պայքար» եւ «Ազգ» թերթերի սյունակագիր Երվանդ Ազատյանի: Ակնկալվում են կարեւոր ելույթներ, որոնց ամփոփույքը հետագայում կհրատարակվի առանձին գրքով, ինչպես խոստանում է համաժողովի կազմակերպիչ հանձնախումբը: Հաջողություն ենք մաղթում: |