ՌԱԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԵԾԱՑՆԵԼ Հ/Կ-ՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԿ մամլո դիվան Հունիսի 25-ին «Անի» հյուրանոցի «Դվին» սրահում Ռամկավար Ազատական կուսակցության «Ալեք Մանուկյան» ակումբի նախաձեռնությամբ հրավիրված միջոցառմանը, շահագրգիռ կողմերիՙ հ/կ-ների, կուսակցություների հետ միասին քննարկվում էր ՀՀ-ում գործող եւ դրսից ֆինանսավորվող կազմակերպությունների հաշվետվողականության հարցը: ՌԱԿ «Ալեք Մանուկյան» ակումբի ատենապետ Արմեն Սաքապետոյանը ներկայացնելով կուսակցության մոտեցումները մասնավորապես առաջարկում էր համապատասխան փոփոխություններ իրականացնել հ/կ-ների եւ հիմնադրամների մասին օրենքներում: Ինչպես նշում էին շատ մասնագետներ, ՀՀ-ում գործող տասնյակ հ/կ-ներ դրսից ֆինանսավորվելով իրականում քայքայիչ գործունեություն են իրականացնումՙ թիրախավորելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, ընտանիքի ինստիտուտը, բանակը եւայլն: Այդ կառույցների գործունեությունը չի վերահսկվում եւ գործող օրենքները այդ հնարավորությունը չեն տալիս: Առաջարկվող փոփոխությունները հաշվետու են դարձելու դրսից ֆիանսավորվող բոլոր հ/կ-ներին: Հարկ է նշել, որ ՀՀ օրենսդրությամբ առկա չէ որեւէ իրավական ընթացակարգ, որով հնարավոր կլիներ գնահատել արտասահմանյան տարբեր կազմակերպությունների կողմից ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորված կազմակերպությունների գործունեությունը ազգային անվտանգության տեսանկյունից: Միակ գործիքը օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերվող տեղեկատվությունն է, որը փաստացի իրականացման տեսանկյունից շատ բարդ է, պահանջում է մարդկային, տեխնիկական եւ բազմաթիվ այլ ռեսուրսներ, ինչպես նաեւ կարող է չպարունակել անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը: Հնարավոր կիրառելի մյուս գործիքըՙ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼԱՖ) դեմ պայքարի շրջանակներում ձեռք բերվող օպերատիվ տեղեկատվությունն էՙ ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ) միջոցով, բայց այս դեպքում էլ պետք է իրավաչափ գործելու համար առկա լինի ՓԼԱՖ-ի դեմ պայքարի օրենսդրության խախտման վարկած: Հենց այս նպատակով, Ռամկավար Ազատական կուսակցության կողմից աշխատանքներ են տարվում հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ: Մշակվող նախագիծը ուղղված է կարգավորելու օտարերկրյա ոչ պետական տարբեր ֆոնդերից ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովմանըՙ հանրային վերահսկողության եւ հանրության շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով: Ինչպես նշեց օրվա գլխավոր բանախոսը, հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների գործունեության անհաշվետվողական եւ անթափանցիկ գործելաոճն իր մեջ պարունակում է ՀՀ ազգային անվտանգության ռիսկեր: Հիմնական ռիսկերը գեներացվում են այն հարցի շուրջ, թե ինչ նպատակ են հետապնդում արտասահմանյան ոչ պետական (առավելեւսՙ մասնավոր անձանց պատկանող) ֆոնդերը ՀՀ-ում ոչ բարեգործական ծրագրեր ֆինանսավորելով, իրականում ինչ խնդիրներ են դնում իրենց հայաստանյան գործընկեր ՈԱԿ-ների(ոչ առեվտրային կազմակերպություններ) առջեւ: Այդ ռիսկերը կառավարելու նպատակով ՌԱԿ-ը առաջարկում է օրենսդրական նախաձեռնությամբ ոչ թե սահմանել հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող լիազոր մարմին, այլ սահմանել, որ ոչ արտասահմանյան ֆոնդերից ուղղակի կամ անուղղակի կերպով դրամաշնորհներ ստացող ՈԱԿ-ները պարտավոր են www.azdarar.am կայքում հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները, որում պարտադիր պետք է նշեն իրենց ծրագրերի ֆինասավորման աղբյուրները (իրական նվիրատուներին), ծրագրի լիարժեք բովանդակությունը, իրական շահառուներին եւ ֆինանսական առումով բենեֆիցիարները (ծրագրի շրջանակներում գումարների ծախսման վերաբերյալ մանրամասն հաշվետվություն): Ռամկավար Ազատական կուսակցությունը պատրաստվում է շարունակել օրենսդրական այս եւ նման փոփոխությունների շուրջ աշխատանքները եւ նախագծերը վերջնական տեսքի բերելուց հետո դրանք ներկայացնել կառավարության քննարկմանը: |