ՌԱԿ ՇԻՐԱԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԲԱՐԻ ԵՐԹ ՄԱՂԹԵՑԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ Գ. Մ. Իր հյուրընկալ հարկի տակ երիտասարդների հավաքելու, նրանց համար եւ նրանց հետ կազմակերպվող բազմաբովանդակ գեղեցիկ միջոցառումների վայր է դարձել Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակը: Անցած երեքշաբթի այստեղ տեղի ունեցած հերթական հանդիպմանը հանդիսավոր պայմաններում մեծ կյանք ճանապարհեցին հանրակրթական ավագ դպրոցների, ուսումնարանների, բուհերի ՌԱԿ անդամ եւ համակիր շիրակցի այս տարվա շրջանավարտներին: Հրավիրված մոտ երեք տասնյակ նման երիտասարդներին շնորհավորեց ու ողջերթի խոսք ասաց գրասենյակի ղեկավար Հովիկ Կարապետյանը , նշելով, որ սա նոր ավանդույթի սկիզբ է լինելու: Օրհնելով ներկաներին, նրանց հոգեշահ խոսքով դիմեց նաեւ Տ. Հակոբ քահանա Գրիգորյանը : Հիշելով հնագույն իմաստությունը, թե դառն են ուսման արմատները, բայց քաղցր են նրա պտուղները, Տեր հայրը հորդորեց տրամադրված լինել կյանքում միշտ սովորելու, միշտ բաց լինելու նորի, գիտելիքի առաջ, որովհետեւ գիտելիքի հետ իմաստուն մարդու նաեւ հոգու լույսն է ավելանում: Տարբեր դպրոցների, Երեւանի պետական, տնտեսագիտական համալսարանների, արվեստի բուհերի տեղի մասնաճյուղերի եւ այլ ուսումնական հաստատությունների ներկա շրջանավարտները շնորհավորանքի հետ ստացան նաեւ իրենց ձեռքով ընտրած մեկական արժեքավոր գեղարվեստական կամ մասնագիտական գիրքՙ մակագրությամբ, ի հուշ օրվա հանդիսության, աղջիկներըՙ նաեւ մեկական վարդ: Իսկ իրենք էլ ցերեկույթը հաճելի դարձրին ով ինչով կարող էրՙ հեզանազ դյութիչ պար, ազգային երգ, ասմունք, նվագ, ներկայացված կերպարվեստի գործեր: Տոնական հիշարժան միջոցառումն ավարտվեց խմբակային լուսանկարով, շամպայնով ու գեղեցիկ տորթի հյուրասիրությամբ: |