RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019



Տեղադրվել է` 2019-06-28 18:29:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3406, Տպվել է` 246, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՁԵԶ ՉԻ ԳՐԿԵԼՈՒ, ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵ՛Ր

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Օրեր շարունակ հայ հասարակությունը չի դադարում հրճվել Ստամբուլի նոր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հայտարարությամբ. «Այս քաղաքում ազգային փոքրամասնություններ չկան: Այս քաղաքում մենք գրկելու ենք բոլորին` հույներին, հայերին, հրեաներին, ասորիներին»:

1908թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում իշխանության եկած երիտթուրքերն ամենուր հայտարարում էին, որ «դեմոկրատիկ սկզբունքներով» են եկել իշխանության, եւ, որ այդուհետ հայերը ոչ մի խնդիր չեն ունենալու: Բայց ի հեճուկս այդ խոստումների հենց հաջորդ տարում` 1909թ. ապրիլին, երկրի տարբեր հատվածներում ու հատկապես Ադանայում անասելի ջարդերի ենթարկվեցին հայերը, ջարդեր, որոնք գագաթնակետին հասան 1915թ. ու եզրափակվեցին 1923թ.` հայերի ցեղասպանությամբ ու հայրենազրկությամբ:

Դա հայ ժողովրդի կարճ հիշողության, դյուրահավատության ու անհեռատեսության հետեւանքն էր: Մեր ազգը հավատացել էր մի ժողովրդի, որը դեռ մեկ տարի առաջ «Թուրքիան թուրքերին» բղավելով` քարերով ջախջախում էր հայ մանկանց գլուխները, բռնաբարում կանանց ու աղջիկներին: Հավատացել էր մի ժողովրդի, որի պետական կարեւոր ծրագրի` «Մեծ Իսլամստանի» իրագործման ճանապարհին Հայաստանը սեպ էր համարվում, խանգարող օղակ:

Եւ այսօր, կարծես` մոռանալով ովքեր են թուրքերը, ողջ հայությունն սկսել է հրճվել Ստամբուլի նոր քաղաքապետի մի լղարիկ նախադասությամբ, որտեղ նա ասում է, թե գրկելու է հայերին: Միայն այդքանը բավարար եղավ, որ ոմանք սկսեն նոր կարծիք ձեւավորել թուրքերի մասին: Ոմանք էլ` նկատի ունենալով արդեն վաղուց թուրքերի մոտ շրջանառվող «Ով տիրում է Ստամբուլին, տիրում է եւ Թուրքիային» միտքը, վստահ են, որ ընդդիմադիր Իմամօղլուն արդեն տիրել է Թուրքիային, եւ այնտեղ հայերի համար ամեն բան լավ է լինելու: Սա նայիվ մոտեցում է: Թուրքերը չեն փոխվում, դրա վկաներն են թե՛ երիտասարդ թուրքերի հեղաշրջումը, թե՛ մեր Մայիսյան հերոսամարտերը, թե՛ Սումգայիթը, թե՛ հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարությունը, թե՛ Հրանդ Դինքի սպանությունը, թե՛ հայ-ադրբեջանական պատերազմական գործողությունների ժամանակ վերջիններիս կողմից վիրավոր զինվորների ու անպաշտպան ծերերի հանդեպ իրագործածը:

Թող ով ինչ ուզում է մտածի Իմամօղլուի մասին, ես գտնում եմ, որ նա ավելի լավը չի լինելու, քան Բինալի Յըլդրըմն է եղել: Ավելին` վստահ եմ, որ հնարավորության դեպքում նա ավելի բիրտ է դրսեւորելու իրեն, քան Յըլդրըմը, իսկ այդ հնարավորությունը, վստահ եղեք, Էրդողանը կտա նրան: Որքան էլ որ նրանք գտնվում են քաղաքական տարբեր ճամբարներում, միեւնույն է, երբ խոսքը հայերի մասին է, բոլոր թուրքերը մեկ ճակատ են կազմում` ձգտելով հնարավորինս արագ, հնարավորինս շատ հայ սպանել:

Հնուց եկած խոսք է` թուրքը քեզ բարեկամ է, երբ հնարավորություն չունի քեզ սպանելու: Սա հին իմաստություն է, եւ պետք չէ մտածել, թե մի օր թուրքը կգրկի մեզ: Իմամօղլուն` նմանապես:

Հ.Գ. Տեղին կլինի մեջբերել «Ձորի Միրո» ֆիլմի հայտնի հատվածը, որտեղ ֆիդայիներին լեռներից իջնելու կոչ անող Գլակն ասում է, թե` «անոնք իշխանության գլուխ են անցել` դեմոկրատիկ սկզբունքներով», որին ի պատասխան Քեռի Մանուկը պատասխանում է. «Քու խելքն ո՞ւր է, Գլակ, սուլթանի անուն փոխվեց, հո օսմանցու պլան չփոխվե՜ց»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ