ՎԱԳՈՆ-ՏՆԱԿԸ ԿԴԱՌՆԱ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ Վագոն-տնակում տասներկու տարի բնակվող Մհերյանների ընտանիքը տուն է կառուցում: Արարատի մարզի Մրգավետ համայնքում բնակվող այս ընտանիքից յոթ տարի է պահանջվել` տան պատերն ու տանիքը կառուցելու համար: Ձգձգվող շինարարության դանդաղ ընթացքը վերջնական արդյունք չի տվել: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը միացել ենՙ խնդրի լուծումն արագացնելու եւ վագոն-տնակից ընտանիքի տեղափոխումն օր առաջ իրականություն դարձնելու նպատակով: Գարնան վերջին բնակարանաշինության ծրագրում ընդգրկված Մհերյանները մինչեւ տարեվերջ տուն կունենան: «Տան շինարարությունը տարիներ առաջ կնոջս հայրը սկսեց: Դժբախտ պատահարի պատճառով նրա կյանքը, ցավոք, ընդհատվեց, իսկ շինարարությունը կիսատ մնաց: Ճիշտ էՙ ես աշխատում եմ, սակայն աճող ընտանիքիս հոգսը թույլ չէր տալիս ավարտին հասցնել տարիներ առաջ սկսած գործը: Ձեր օգնությունն իսկական հրաշք էր մեզ համար»,- ասել է ընտանիքի հայրըՙ Սամվելը : Գործակցող կողմերի համար կամավորությունը վաղուց արժեհամակարգ է դարձել: Նրանց համախմբել է հայրենակիցներին օգտակար լինելու ցանկությունն ու արդյունքի հասնելու կամքը: Սրտացավ մոտեցումը ընտանիքի համար մեծ օգնություն է. աշխատանքի ծավալը ընտանիքից տեւական ժամանակ էր պահանջելու, բայց կամավորների օգնությամբ այն ավարտին է մոտենում հաշված ժամերի ընթացքում: «Սովորաբար մարդկանց համախմբում են հետաքրքրությունները, նախասիրությունները, աշխատանքային պարտականությունները եւ այլն: Ամենաուժեղ կապն ու արդյունքը լինում է այն ժամանակ, երբ մարդկանց միավորում է միեւնույն գաղափարը: Արդեն տեւական ժամանակ, մեր թիմերը միացել են կամավորության արժեհամակարգի շուրջը: Թիմերի միասնական աշխատանքը տեսնելիս, դժվար չէ նկատել, թե որքան դրական էներգիա են նրանք ստանում միասնաբար աշխատելիս եւ այդ էներգիան փոխանցում մյուսներին: Եվ դա պատահական չէ. նրանց առաջնորդում են բարի կամքը եւ օգտակար լինելու ձգտումը: Ուրախ եմ արձանագրել, որ դիմացինին աջակցելու պատրաստակամությունը կենսակերպ է դարձել շատերի համար: Ի վերջո, հրաշալի է, երբ մարդիկ միասին ենՙ կառուցելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «Այս ընտանիքը, ապագայի հանդեպ մեծ հույսով, բոլոր հնարավորություններն օգտագործել էՙ քարը քարին դնելու համար: Հույսի վկայությունը նոր ծնված երեխան է: Այս ընտանիքում երեք երեխա է մեծանում: Ուրախալի է տեսնել նրանց ոգեւորությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը : Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող շինարարական աշխատանքները կավարտվեն տարեվերջինՙ երջանկություն պարգեւելով գրեթե չորս տասնյակ ընտանիքի: |