RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019



Տեղադրվել է` 2019-06-28 18:29:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3062, Տպվել է` 236, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄՙ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Հունիսի 20-ից 21-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց «Երեւանյան օրեր» միջոցառումը: Տոնակատարությանն իր մասնակցությունն էր բերել Հայաստանից ժամանած պատվիրակությունըՙ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Պաշտոնական հանդիպումներին զուգընթացՙ հյուրերին սպասվում էր յուրօրինակ նվեր-անակնկալՙ Երեւանի 2800-ամյակի դրոշը, որը 195 օր շրջագայել էր տիեզերքում` միջազգային տիեզերական «Միր» կայանում:

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվելու երկու օրերը լի էին պաշտոնական եւ գործնական հանդիպումներով, այդ թվումՙ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովի հետ, որի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, քննարկվել են տնտեսական եւ սոցիալական ծրագրեր:

Երեւանյան պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի: 18-րդ դարի երկրորդ կեսին Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ եւ համայնքի նվիրատվություններով կառուցված տաճարն այսօր Սանկտ Պետերբուրգի հայերի մշակութային ու հոգեւոր կենտրոնն է:

Այցելության երկրորդ օրը հյուրերը եղան Տավրիկյան պալատում: Հանդիպումը կազմակերպել էր Սանկտ Պետերբուրգում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմենակ Կարապետյանը, ով ստանձնել էր պատվիրակության այցելությանն առնչվող կազմակերպչական բոլոր հարցերը:

Միջոցառմանը մասնակցում էին Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը, փոխնահանգապետ Աննա Միտյանինան, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայկ Չիլինգարյանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանըՙ գործընկերների հետ, Պետական ​​Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, Սանկտ Պետերբուրգի վարչական խորհուրդների ղեկավարներ, Հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, գիտության, արվեստի եւ մշակույթի գործիչներ, ինչպես նաեւ քաղաքի հայ համայնքի գործարար եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, որոնց թվում էր ճանաչված հասարակական գործիչ եւ բարերար, բարեգործական հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանը:

Իր ողջույնի խոսքում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկաներին պատմեց Սանկտ Պետերբուրգից ստացած տպավորությունների մասին եւ հատկապես ընդգծեց մեծագույն հարգանքի արժանի այն իրողությունը, թե ինչպես են մարդիկ պահպանում եւ սերնդեսերունդ փոխանցում իրենց հերոսական քաղաքի պատմության մասին հիշողությունը: Հայկ Մարությանը նաեւ նշեց, որ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվելու երկրորդ օրն այցելել են Պիսկարյովյան հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակին: Այս հուշահամալիրում են գտնվում Բլոկադայի ժամանակ զոհված ավելի քան 420 հազար լենինգրադցիների եւ 70 հազար զինվորների 186 եղբայրական գերեզմանները: Հայկ Մարությանը եւ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան պատվիրակության անդամների հետ միասին այցելել են նաեւ Պիսկարյովյան հիշատակի ճեմուղի, որտեղ ծաղիկներ են խոնարհել Լենինգրադի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարին:

Երեւանի քաղաքապետը նաեւ շնորհակալությամբ նշեց տեղացիների հարգալից վերաբերմունքը հայ ժողովրդի եւ նրա մեծագույն զավակների նկատմամբ. երեւանյան պատվիրակության անդամներն այցելել են Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին տեղադրված մեծ երգահան Կոմիտասի հուշարձան եւ հարգանքի տուրք մատուցել Վարդապետի հիշատակին:

Երեւանի քաղաքապետը ներկաներին հավաստիացրել է, որ կգործադրի բոլոր ջանքերըՙ երկու քաղաքների միջեւ բարեկամական ու գործնական կապերն առավել ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ:

Ալեքսանդր Բեգլովը, իր հերթին, ջերմորեն ողջունեց հավաքված հյուրերին: Նա հատկապես նշեց, որ ամբողջ պատմության ընթացքում Ռուսաստանն ու Հայաստանը երբեք որեւէ կոնֆլիկտ չեն ունեցել, եւ մեր ժողովուրդներն այսօր էլ բարեկամական լավ հարաբերությունների մեջ են:

Այնուհետեւ խոսափողը տրամադրվեց պետերբուրգցի հայտնի բարերար Հրաչյա Պողոսյանին, որը յուրօրինակ նվեր էր պատրաստել Հայաստանի մայրաքաղաքի ղեկավարի համար` Երեւան քաղաքի դրոշը, որը ծածանվել էր տիեզերքում:

«Ազգի» անցյալ տարվա համարներից մեկում ընթերցողներին տեղեկացրել էինք, որ ի նշանավորումն 2018-ի մեր հոբելյանական տարեդարձներիՙ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100 եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակներիՙ Հայաստանի եւ Երեւանի դրոշները Հրաչյա Պողոսյանի սրաթռիչ մտքի արդյունքում 195 օր հանգրվանել են տիեզերքում` Միջազգային տիեզերական կայանում: Ի դեպ, դրոշները տիեզերք էին ուղարկվել մինչեւ Հայաստանի թավշյա հեղափոխությունըՙ մարտի 21-ին, տիեզերագնացներ Օլեգ Արտեմեւի, Էնդրյու Ֆոյթելի եւ Ռիչարդ Արնոլդի հետ:

Հրաչյա Պողոսյանը, ով, ի դեպ, Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի անդամ է, բարեգործական էլի բազմաթիվ նշանակալի ներդրումներ է կատարել տիեզերագնացության ոլորտին աջակցելու գործում: Եվ հավանաբար նաեւ այդ էր պատճառը, որ այս անգամ որոշեց Հայաստանի անունը կապել տիեզերագնացության եւ տիեզերքի հետ:

Այդ օրերի մասին Հրաչյա Պողոսյանը հիշում է.

- Հայաստանի հեղինակությունը անչափ թանկ է ինձ համար, անցյալ տարի իմ պատմական Հայրենիքում տեղի ունեցած երկու իրադարձությունները չէի կարող ուշադրության չարժանացնել, որոշեցի նոր անակնկալով հանդես գալ եւ տիեզերական նվեր մատուցել: Հայաստանի եւ Երեւանի դրոշները տիեզերական շրջագայության ուղարկելու մտահղացումս կյանքի կոչելու նպատակով դիմեցի Տիեզերագնացության ֆեդերացիայի Հյուսիս-Արեւմտյան մասնաճյուղի առաջին փոխնախագահ Օլեգ Մուխինին: Նա հավանություն տվեց նախաձեռնությանս` նշելով, որ հայ ժողովրդի ներդրումը տիեզերական արդյունաբերության զարգացման գործում անուրանալի է եւ հիշեցրեց, որ լուսնագնացի ինքնագնաց շասսի առաջին նախագծողը Ալեքսանդր Քեմուրջյանը էր:

Այնուհետեւ ստացվեց Ռոսկոսմոսի ղեկավարության թույլտվությունը` դրոշները տիեզերք ուղարկելու համար: Միեւնույն ժամանակ, Հրաչյա Պողոսյանը դիմել էր Հայ Առաքելական եկեղեցունՙ իր նախաձեռնության համար օրհնություն ստանալու:

Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությունը ստանալուց հետո փետրվար ամսին Էջմիածնի իր նստավայրում Հրաչյա Պողոսյանին ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նորին Սրբությունը ոչ միայն հավանություն տվեց նման անսովոր նախաձեռնությանը, այլեւ իր օրհնությունը տվեցՙ դրոշները տիեզերք ուղարկելու համար:

- Մարտի 2-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի խնդրանքով մեզ ընդունեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը,-պատմում է Հրաչյա Պողոսյանը: Ինձ հետ էր նաեւ ՌԴ հերոս, տիեզերագնաց-փորձարկող Օլեգ Արտեմեւը, ում այդ օրը ես եւ Վարդան Տողանյանը հանդիսավոր պայմաններում հանձնեցինք դրոշները եւ հենց Արտեմեւին էլ պատիվ էր վիճակված մեր խորհրդանիշերը հասցնել Միջազգային տիեզերական կայան:

Եվ ահա անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, Հրաչյա Պողոսյանի հայրենի եզերքումՙ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում, որտեղ մեծ հանդիսավորությամբ նշվեց գյուղի վերածննդի 10-ամյա հոբելյանը եւ «Արարատ 73»-ի հաղթանակի 45-ամյակը, տիեզերքում «շրջագայած» դրոշներից մեկըՙ Հայաստանի դրոշը, բարերարը հանդիսավորությամբ հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մյուսըՙ Երեւանի դրոշը, սպասում էր իր պատեհ «ժամին» եւ այն պետք է հանձնվեր Երեւանի նոր քաղաքապետին:

Հայկ Մարությանին հանձնելով նվերըՙ Հրաչյա Պողոսյանը տեղեկացրեց, որ որպես վավերականության ապացույց Երեւանի դրոշի հակառակ մակերեսին տիեզերական արշավախմբի եւ տիեզերական կայանների նամականիշերն են, ինչպես նաեւ ռուս տիեզերագնացներ Օլեգ Արտեմեւի եւ Անտոն Շկապլերովի ինքնագրերը:

Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց Հրաչյա Պողոսյանինՙ նման անսովոր նվերի համար եւ հավաստիացրեց, որ տիեզերական նվերն իր արժանի տեղը կզբաղեցնի Երեւանի քաղաքապետարանում:

Հուզիչ օրը շարունակվեց եւ ավարտվեց ջերմ ու անկաշկանդ մթնոլորտումՙ երկու քաղաքների բարեկամությունը նորանոր էջերով հարստացնելու սպասումներով եւ ակնկալիքներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ