RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019



Տեղադրվել է` 2019-07-11 22:12:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 3212, Տպվել է` 286, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԴԺՎԱՐ ՊԱՀԻՆ ՄԵՆՔ ՄԻՇՏ ԿՀԱՂԹԵՆՔ»

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

«Շիրակ» հայրենակցական միությունը նշեց Կոմանդոսի ծննդյան 80-ամյակը

Շիրակի մարզի հայ-թուրքական սահմանին, Ախուրյան գետի ձախ ափին գտնվող այդ գյուղը, որն ավելի շատ հայտնի է իր նախորդՙ Խարկով անունով, 2006 թվականին պաշտոնապես վերակոչվել է Նորշեն: Տխուր զավեշտի նմանվող վերանվանում, քանզի նաեւ սահմանային ռեժիմի խստացման պատճառով կամաց-կամաց դատարկված այս բնակավայրն այսօր ունի ընդամենը... մեկ բնակիչ:

Ժամանակին իրոք կյանքով լի այս վայրը Արկադի Տեր-Թադեւոսյանի ՙ Արցախի հերոս լեգենդար Կոմանդոսի պապական գյուղն է: Ծնված լինելով Թիֆլիսումՙ 1939 թվականին, երբ Խարկով գյուղի բնակչությունը համարյա 400-ի էր հասնում, նա մանկությունից հաճախ է հյուրընկալվել, մնացել, թանկ հուշերով առմիշտ կապվել հարազատ բնակավայրի, իր արմատների հետ: Ահա թե ինչու լեգենդար զորահրամանատարի մայիսի 22-ին լրացած 80-ամյակի առթիվ անցած շաբաթ օրը «Շիրակ» հայրենակցական միավորման կազմակերպած հանդիսությունն այստեղից սկսելը յուրատեսակ ուխտագնացություն էր, որն այդպես կոչելու համար կար եւս մեկ պատճառ: Սահմանից այն կողմ Անին է, որն այս գյուղից բաժանված է ընդամենը մեկ ձորակով...

Մի քանի տասնյակ մարդուց բաղկացած խումբը, որի մեջ էին նախաձեռնող կազմակերպության անդամներ, ազատամարտիկներ, պատվավոր հյուրեր, հարեւան Բագրավան գյուղից, Անիավանից միացած բնակիչներ, ռուս սահմանապահներից նախապես ստացած թույլտվությամբ, սիրված գեներալի հետ նախ այցելեց գյուղի «տիրուհուն»ՙ նրա միակ բնակիչ, 83-ամյա Վահանդուխտ Վարդանյանին : Այս նույնպես հերոսական կնոջ ու նրա պատմության մասին եւս բազմիցս գրվել է: Իր սկեսուրը նրան, ասես կանխազգալով գյուղի դատարկվելը, նախքան կյանքին հրաժեշտ տալը պատվիրել է. հաց թխելու ալյուր էլ որ չունենաս, թոնիրդ վառիր, թող գյուղում ծուխ ծխա, թշնամին տեսնի, չուրախանա... Անգամ ամուսնու մահից ու մենակ մնալուց հետո էլ, արդեն քանի տարի, այս ծեր կինը խոնարհումի արժանի իր վեհ ներկայությամբ պահում է լքված ու ավերակ բնակավայրի թեկուզ արդեն թույլ զարկերակը:

Արկադի Տեր-Թադեւոսյանի պապըՙ Արեւմտյան Հայաստանից գաղթած Տեր Թադեւոսը, եղել է այս գյուղի քահանան: Քայլելով դեպի կիսավեր նախկին եկեղեցին, ներկաներն այնտեղՙ ավեր Անիի դիմաց ուխտի մոմեր վառեցին: Հնչեցին մեր երբեմնի շքեղաշուք մայրաքաղաքին ուղղված կարոտի երգեր: Սահմանից այն կողմ, քիչ հեռու ծածանվում էր թուրքական դրոշը: Այս կողմում, եկեղեցու կողքի բարձունքում, փառապանծ զորահրամանատարի ձեռքով կրկին բարձրացվեց եղանակային ազդեցություններից հետո նորացված Հայոց եռագույնը:

Մեծ հայորդու 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն անցկացվեց Գյումրիումՙ նախկին Սպայի տան, այժմ Հայ առաքելական եկեղեցու Հայորդյաց տան բազմամարդ դահլիճում, այս հաստատության պատրաստակամ գործակցությամբ: Այստեղ հավաքվածները, որոնց առաջին շարքերում էին Արցախյան ազատամարտի, Շուշիի ազատագրման, նաեւ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներ, հոտնկայս երկար ծափողջույններով դիմավորեցին մեր օրերի լեգենդին, ինչպես նրան իրավամբ կոչեցին երեկոյի ընթացքում ելույթ ունեցողները:

Գյումրու փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ համայնքային ավագանու առաջիկա նիստին կներկայացվի Արկադի Տեր-Թադեւոսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը: «Շիրակ» հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը, անդրադառնալով գեներալի հարազատ գյուղի լքված վիճակին, ասաց, որ իրենք այս կապակցությամբ մի փոքրիկ աշխուժացնող քայլ են մշակել. Երեւան-Խարկով-Գյումրի զբոսաշրջային երթուղի են կազմակերպելուՙ պատանիների ու երիտասարդների, նաեւ նրանց ռազմահայրենասիրական դաստիարակության համար: «Ես ուզում եմ, որ դուք երկար ապրեք,- համաժողովրդական սեր վայելող հերոսին նոր հոբելյաններ մաղթելովՙ ասաց նա,- եւ ձեր հիշողությունը, ձեր ապրած կյանքը բաց համալսարան դառնա մեր սերունդների համար»:

«Դժվար պահին մենք միշտ էլ կհաղթենք»,- իրեն հատուկ համեստ շնորհակալական խոսքի վերջում ասաց հոբելյարը:

Երեկոն ավարտվեց «Երազ իմ երկիր հայրենի» երգովՙ Հայորդյաց տան երգչախմբի կատարմամբ, որին հոտնկայս արձագանքեց դահլիճը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ