«ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԼԱՎ ՍԿԻԶԲԸ ԼԱՎ ՎԵՐՋ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ» ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Փորձագետ Մաս 2 Եվ այսպես, Ադրբեջանի ՊԱԾ պետ նշանակվեց Մադաթ Գուլիեւը, ծնված Գյանջայում 1958 թ., որի մականունն է «Քիլլեր Մադաթ»: Ավարտելով տեղի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, Գուլիեւը շուտով աշխատանքի է անցնում ներքին գործերի նախարարությունում: 1993 թ. դեկտեմբերին զինված հանցագործների հետ փոխհրաձգության ժամանակ վիրավորվում է` վնասազերծելով հանցագործներին: 1995 թ. Գուլիեւը Ադրբեջանի նախագահի հրամանով ստանում է ազգային հերոսի կոչում: Անվտանգության ծառայության պետ դառնալուց հետո Գուլիեւը նշանավորվեց իր ելույթներից մեկով, որը սկսեց հետեւյալ արտահայտությամբ. «Ամեն առավոտ ինձ զեկուցում են, թե որ առանձնասենյակներում են պատրաստվում ծրագրեր Ադրբեջանի դեմ»: Ադրբեջանական լրատվամիջոցները անդադար գովերգում են արդեն գեներալ-գնդապետ Գուլիեւին. նա տաղանդավոր եւ բազմակողմանի զարգացած մարդ է` հոյակապ երգում է, սիրում է զբոսնել, հեծանիվ քշել, զբաղվում է ձյուդոյով, մշտապես այցելում է մարզասրահ: Մադաթ Գուլիեւը ղեկավարեց Ադրբեջանի Անվտանգության ծառայությունը 2015 թ. դեկտեմբերից մինչեւ 2019 թ. հունիսի 20-ը: Այս կարճ ժամանակահատվածում եւ ընդհանրապես ամբողջ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում, Հայաստանում ավելի հաճախ են զեկուցվում ադրբեջանական գործակալների բացահայտումների եւ ձերբակալությունների մասին, քան Ադրբեջանում հայկական գործակալների մասին: Տարբերություն կար (որոշակի ժամանակ) նաեւ գործառույթների որակների մեջ: Օրինակՙ Բաքվում ձերբակալվում էին լրագրողներ (Ռաուֆ Միրկադիրով), մարդու իրավունքների պաշտպաններ (Լեյլա Յունուս) եւ մեղադրվում որպես Հայաստանի լրտեսներ, այսինքն անհատներ, որոնք դուր չեն գալիս ալիեւյան ռեժիմին, բայց չեն ունեցել ակտուալ դիրքեր հետախուզական տեղեկություններ ձեռք բերելու համար: Իսկ Հայաստանում ձերբակալվում էին լրտեսական գործունեության համար. ոստիկանութան նախկին գնդապետ Խաչիկ Մարտիրոսյան կամ Իրանի քաղաքացի, էթնիկ ադրբեջանցի Բեհնամ Բաղերի (2009 թ.) եւ այլն: Իհարկե, մի շարք նկատառումներով, Հայաստանի ԱԱԾ-ն չի կարող իրեն թույլ տալ օգտագործել Ադրբեջանի դեմ հետախուզական նպատակներով Իրանում բնակվող հայերին, որոնք կազմում են Իրանի բնակչության մոտ մեկ տոկոսը: Իսկ Ադրբեջանի ՊԱԾ-ը համարձակորեն օգտագործում է այդ երկրի էթնիկ ադրբեջանցիներին (ե՛ւ ընդդեմ Իրանի, ե՛ւ ընդդեմ Հայաստանի), որոնք կազմում են Իրանի բնակչության մոտ քսան տոկոսը: Երեւանը չի կարող արգելել նրանց մուտքը Հայաստան: Ինչեւիցէ, մի գուցե լրտեսական բացահայտումների պակասը դարձավ պատճառ, որ նախագահ Ալիեւը որոշեց ազատվել Մադաթ Գուլիեւից, բայց կա նաեւ մի ուրիշ պատճառ, որը չի զիջում իր կարեւորությամբ միջազգային արենայում: Օրերս ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակեց իր հերթական հաշվետվությունը աշխարհում տիրող օպերատիվ իրավիճակի վերաբերյալ` կապված մարդկանց առեւտրի, նարկոթրաֆիկինգի, երեխաների թրաֆիկինգի, բամբակի դաշտերում մարդկանց (այդ թվում երեխաներին) հարկադրաբար աշխատեցնելու վերաբերյալ: Հաշվետվության մեջ նշվում են որպես թույլ օղակներ Աֆղանստանը, Կոնգոն, Իրաքը, Ղազախստանը, Ղրղստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը եւ Հունգարիան: Առանձին տողով նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը, համեմատած նախորդ ժամանակաշրջանի հետ, բավականին թուլացրել է թրաֆիկինգի դեմ պայքարի ասպարեզում աշխատանքները եւ դրանք չեն համապատասխանում մինիմալ ստանդարտներին: Ադրբեջանը ընդգրկվել է հատուկ հսկողության ցուցակՙ երկրորդ երկրների խմբում: Արդյունքումՙ շատ արագ հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին Մադաթ Գուլիեւը եւ ներքին գործերի նախարար Ռամիլ Իդրիս օղլու Ուսուբովը (ղեկավարում էր ՆԳՆ-ն 1994 թ. մայիսից): Բայց իհարկե նախագահ Ալիեւը չէր կարող իրեն շատ նվիրված մարդկանց վատ աշխատանքի համար ուղղակի փողոց նետել (շատ երկրներում տարածված հիվանդություն), իհարկե պաշտոններ ստացան ե՛ւ Մադաթ Գուլիեւը (պաշտպանական արդյունաբերության նախարար), ե՛ւ Ռամիլ Ուսուբովը (նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար): Նախարարներ` առանց պորտֆելների: Շատ հետաքրքրական անձնավորություն նշանակվեց Ադրբեջանի ՊԱԾ պետ` Գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, 59-ամյա Ալի Նագիեւը : Փաստորեն աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկիՙ ի պաշտոնե կոռուպցիայի դեմ պայքարող անձը, որը, իմիջիայլոց, դեռեւս Էլդար Մահմուդովի օրոք զբաղեցնում էր ԱԱՆ առաջին փոխնախարարի պաշտոնը, նորից վերադարձավ անվտանգության համակարգ: Նա քաջ ծանոթ է ադրբեջանական «լանդրոմատին»` կեղտոտ փողեր լվանալու մեխանիզմին, «սեւ դրամարկղերի» գործունեությանը, օֆշորներում գումարներ տեղադրելու գործընթացներին եւ այլն եւ այլն: Հայտնի է, որ Նագիեւի ընտանիքը, հատկապես նրա տղաները` Իլհամն ու Իլգարը խոշոր բիզնեսի եւ կոմերցիայի «մասնագետներ են» եւ նրանց գործունեությունը միայն Ադրբեջանով չի սահմանափակվում` Վիրջինյան կղզիներ, Չեխիա, Թուրքիա: Նրանց ամենահայտնի ընկերությունը` «Nettle Stone Investments Ltd»-ը, հայտնի է որպես փողեր լվացող «սուպեր լվացքատուն»: Չեխիայում, հատկապես Պրահայում եւ Մարիանսկե-Լազնե հանգստավայրում, նորանշանակ նախարարի որդիները ձեռք են բերել անշարժ գույք, հյուրանոցներ, բիզնես են հիմնադրել այլ ճյուղերում: Բացի «AME Holding» եւ «Nettle Stone Investmens Ltd» ընկերություններից, Նագիեւների ընտանիքիը կապ ունի նաեւ 2008 թ. Բաքվում հիմնադրված «Ռոմբ» ՍՊԸ-ի հետ: Ազգային անվտանգության նախարարությունից Նագիեւը հեռացավ 2011 թ.` Էլդար Մահմուդովի հետ կոնֆլիկտի պատճառով, բայց շատ շուտով «տեղավորվեց» կարեւոր պաշտոնում: Պակաս գործունյա եւ մեծահարուստ չէ Ալի Նագիեւի եղբայրը` Վալի Նագիեւը, որը 2015 թ. Ադրբեջանի Պետական միգրացիոն ծառայության պետի տեղակալ է նշանակվել: Ինչպես հասկացավ ընթերցողը, Ալի Նագիեւը եւ նրա ընտանիքի անդամները մեծ հաջողությունների են հասել բիզնեսում, երբ Նագիեւը «ազնվորեն» պայքարում էր կոռուպցիայի դեմ: Դա «նորմալ» երեւույթ է, ընդունված է շատ երկրներում եւ դրա համար անարգանքի սյանը ոչ ոք չի գամվում, ավելինՙ նման մարդկանց տրվում են նոր պաշտոնական բարձունքներ: Իսկ թե ինչպիսին կլինի Նագիեւի վերջը` ցույց կտա ժամանակը: Ինչ լավ է, որ մենք այդ երկրում չենք ապրում: Մաս 2-րդ եւ վերջ Նկար 1. Ալի Նագիեւ |