ՇԵՅԽ ԱՀՄԱԴ ԲԱԴՐ ԱԴ-ԴԻՆ ՀԱՍՍՈՒՆ. «ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂ Է, ԱՅՍՏԵՂ ԷԼ Ի՞ՆՉ ՎԵՃԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ» ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ Սիրիայի գլխավոր մուֆթի շեյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասսունը, ռուսական ԶԼՄ-ներին հարցազրույց տալով աշխարհի բոլոր պայթյունավտանգ կետերի եւ Սիրիայի մասին, վերստին հիշատակել է Լեռնային Ղարաբաղը: «Ղարաբաղի ժողովրդի գլխավոր շարժառիթներն են անկախության ձգտելու կամքը, տարածաշրջանի պատմական անցյալը եւ պատերազմում տարած հաղթանակը: Առհասարակ էլ ի՞նչ վիճելիության մասին կարող է խոսք լինել: Անձամբ ես պաշտպանում եմ Ղարաբաղի ժողովրդի ազատության եւ անկախության ձգտումը: Եվ մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել, որ ղարաբաղյան հակամարտության պատճառը ոչ թե կրոնն է, այլ ժողովրդի կամարտահայտությունը: Եվ դա անկարելի է հաշվի չառնել» , ասել է Սիրիայի հոգեւոր առաջնորդը: Հիշեցնենք, որ Սիրիայի գլխավոր մուֆթինՙ շեյխ Ահմադ Հասսունը, Ղարաբաղի խնդրի իր ընկալումը բարձրաձայնել էր դեռ 2011 թվականին Սիրիայում գործող դավանանքների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ: Հատկանշական է, որ Երեւանում եւ Ստեփանակերտում գործող հայկական երկու ԱԳՆ-ները, որոնց վրա ծախսվում են տասնյակ միլիոնավոր դոլարներ, դատելով նրանց լռությունից, նույնիսկ տեղյակ էլ չեն շեյխ Հասսունի հայտարարությունից: Ըստ ամենայնի, անցուդարձից անտեղյակ են նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի իշխանամետ լրատվամիջոցները, որոնց վրա նույնպես ծախսվում են մեծ գումարներ: (Սերժ Սարգսյանի եւ նրա արտասահմանյան ընկերների ջանքերով ապօրինաբար փակված «Третья Сила Плюс» թերթի գլխավոր խմբագիր, Մոսկվա) |