ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔԸ Հ.Ծ. Լիսաբոնում Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժինը, համագործակցելով Լոնդոնի Հայկական ինստիտուտի հետ, հայտարարել է, որ դոկտ. Հրաչ Չիլինգիրյանը նշանակվել է նորաստեղծ «Հայ Սփյուռքի ուսումնասիրության» (ՀՍՈՒ) ծրագրի տնօրեն: Ծրագիրը Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ իրականացնելու է լոնդոնյան ինստիտուտը: Չիլինգիրյանը, որն արդեն ստանձնել է իր պարտականությունները, սոցիոլոգ է եւ Օքսֆորդ համալսարանի արեւելյան ուսումնասիրությունների ֆակուլտետի դասախոս, որն իր հատուկ ուշադրության կենտրոնում է պահում ինքնության, կրոնի եւ հայրենիք-սփյուռք հարաբերությունների խնդիրները: Մի շարք գրքերի հեղինակ է եւ դասախոսություններով հանդես է եկել միջազգային հարթակներում: ՀՍՈՒ-ծրագրի առաջին փուլը, որն այս տարվա սկզբներին էր ավարտել, ղեկավարում էր դոկտ. Սյուզան Փաթին : Նրա առաջնորդությամբ փորձագետները սփյուռքի 4 քաղաքներում ուսումնասիրություններ են անցկացրել ավելի քան հազար հայերի շրջանում: Նոր ղեկավարության ներքո մի շարք այլ քաղաքներ են ընդգրկվելու: «Ուրախ ենք, որ դոկտ. Չիլինգիրյանը համաձայնել է ղեկավարելու այս կարեւոր ծրագիրը: Մենք նրա հետ համագործակցել ենք այլ ծրագրեր իրականացնելու շրջանակներում (ինչպես օրինակ Օքսֆորդում «Արեւմտահայերենը 21-րդ դարում» ծրագիրը եւ Լիսաբոնում «Հայերը 2115 թվին» սեմինարը) եւ հույս ունենք լոնդոնյան ինստիտուտի աշխատակիցների հետ շարունակելու մեր արդյունավետ համագործակցությունը», նշել է այս առթիվ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժնի տնօրեն դոկտ. Ռազմիկ Փանոսյանը: |