RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019



Տեղադրվել է` 2019-07-19 00:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2263, Տպվել է` 221, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍՆԵՐՆ ԱՍԱԴԻՆ ՓՈԽԱՐԻՆՈ՞Ղ ԵՆ ԳՏԵԼ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Սիրիայի կառավարության զինված ուժերը, թեեւ մշտապես ենթարկվում են գնդակոծությունների, այդուհանդերձ իրենց ձեռքին են պահում երկրի արեւմտյան մասը, բացառությամբ Իդլիբի դիմադրության օջախի, որը հյուսիս-արեւմուտքում է եւ օգնություն է ստանում Թուրքիայից, պարզաբանում է փորձագետ Ալեն Ռոդյեն Atlantico հրատարակությանը տված հարցազրույցում: Ապստամբների վերահսկողությանը ենթակա այդ միջնատարածքը անհնար է գրավել զենքի ուժով, քանի որ սիրիական զորքերը նույնիսկ օտարերկրյա աշխարհազորայինների եւ ռուսական ուժերի օգնությամբ չունեն համապատասխան մարդկային եւ տեխնիկական հնարավորություններ: Թշնամին չափազանց ուժեղ է (30 հազարից մինչեւ 60 հազար փորձառու զինյալներ թաքնվում են միջնատարածքի 2,5 միլիոնանոց բնակչության մեջ), եւ արտակարգ իրադրության դեպքում ստանում Անկարայի օգնությունը: Բացի դրանից, Թուրքիան արդեն ընդունել է գրեթե 3 մլն փախստականների եւ միջոցներ չունի նորերին ապաստան տրամադրելու համար: Այդ շրջանում Սիրիայի կառավարական ուժերի հարձակումը կունենար աղետալի հետեւանքներ:

Միացյալ Նահանգները աստիճանաբար հեռանում է Սիրիայից, քանի որ այսօր անմիջական շահեր ունի ուրիշ տարածաշրջաններում: Թուրքիան իր հերթին ձգտում է ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունըՙ հիմնականում թիրախ դարձնելով քրդական ՔԲԿ-ն: Իրանը ուրիշ մտահոգություններ ունի, որոնք կապված են ԱՄՆ-ի պատժամիջոցների եւ շրջանում Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի դերակատարության հետ: Այդ երկիրը չի ուզում ընկնել սիրիական պատերազմի ճահճի մեջ: Եվ վերջապես Ռուսաստանը ստացավ իր ուզածըՙ իր ռազմական ներկայությունը վերջին 50 տարում եւ այլն: Այսպիսով, բոլոր պայմանները միասին վերցրած նպաստում են լուրջ բանակցությունների ծավալմանը, բայցՙ առանց Բաշար Ասադի, շարունակում է հրատարակությունը:

Խնդիրն այն է, որ Մոսկվայում քննության առնվող քաղաքական հնարավորությունը բարդանում է, քանի որ Ասադի մերձավորների հետ կապված բոլոր թեկնածությունները հայտնվել են Արեւմուտքի «սեւ ցուցակում»:

Հնարավոր իրավահաջորդ է համարվում գեներալ-մայոր Ալի Մամլյուկը, որը Բաշար Ասադի մերձավոր խորհրդականն է եւ սարսափ ներշնչող օդային հետախուզական ուժերի հիմնադիրներից մեկը: Հուլիսի 7-ին նա նշանակվեց Սիրիայի անվտանգության ուժերի ղեկավարի պաշտոնում: Ավելի վաղ նա գլխավորում էր Անվտանգության ազգային բյուրոնՙ համակարգելով Սիրիայի բոլոր հատուկ ծառայությունների աշխատանքը:

Թեեւ Մամլյուկին ընդհանուր առմամբ չի թույլատրվում մեկնել Արեւմուտք, նախկին պաշտոնը նրան հնարավորություն էր տալիս բազմաթիվ պաշտոնական անձանց հետ հանդիպումներ ունենալ ինչպես Սիրիայում, այնպես էլ արտերկրում: Նա պաշտոնական այցելություններով եղել է Մոսկվայում, Կահիրեում եւ Ամմանում: Որոշ զգուշավորությամբ նրան ընդունել են Անկարայում, Ջիդդայում եւ նույնիսկ Հռոմում: Հռոմում նրան կարող էին ձերբակալել մի պաշտոնակցի հետ կայացած հանդիպումից հետո: Բացի դրանից, նա հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ իշխան Մուհամմեդ Բեն Սալմանի հետ եւ ջերմ հյուրընկալության արժանացել: Հանրահայտ է, որ իշխանը վայելում է նախագահ Դոնալդ Թրամփի վստահությունը: Վերջինս կարող է առանց Եվրոպայի կարծիքը հաշվի առնելու համաձայնագիր կնքել եւ 2020 թ. նախագահական ընտրություններում դա ներկայացնել որպես անձնական հաջողություն:

Ռուսները շատ լավ են ճանաչում գեներալ-մայոր Մամլյուկին, որի հետ սերտ հարաբերություններ են ունեցել դեռ նախքան ԽՍՀՄ-ի փլուզումը, ընդգծում է Ռոդյեն: Սիրիական հետախուզության բոլոր ղեկավար աշխատողները փոխարինվել են նորերով, եւ դա չի կարող լինել պատահական զուգադիպություն: Ոմանք դրանում տեսնում են Մոսկվայի ձեռքը, որը Սիրիայում ձգտում է առաջ անցնել Թեհրանից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ