ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ԱՐՏԱՇԱՏ ՆԱԻՐ ՅԱՆ Հայաստանի 4-րդ մայրաքաղաքը Երեւանից հեռու չէ. ընդամենը 30-35 կմ: Քաղաքային բնակավայրի բնակիչները, բնականաբար, հող չեն մշակում, կով ու ոչխար չեն պահում: Թեւ արվարձաններում մեկ-մեկ անասուն պահում են, հողագործությամբ զբաղվում: Արտաշատում էլ տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, Երեւանում տաքսի ու երթուղային քշում, առեւտրով զբաղվում: Քաղաքը 21 հազարից ավելի բնակչություն ունի. աշխատատեղերը քիչ են, ապրել է պետք: Արտաշատում փակ դռներ շատ կան. տասնամյակներ առաջ արտաշատցիները թողել են իրենց ծննդավայրն ու աշխարհեաշխարհ դեգերել: Հայաստանի տարբեր մարզերից աշխատելու նպատակով մայրաքաղաք եկող մեր հայրենակիցները հաճախ ժամանակավոր բնակարան են փնտրում նաեւ Արտաշատումՙ տրամաբանելով, որ այստեղ վարձը Երեւանի չափ թանկ չի լինի: Էժան վարձ, Երեւանից ընդամենը 30 կմ հեռավորություն. հարմար տարբերակ է: Այս ու այն կողմ հարցնում են, տեղեկանում, որ Արտաշատի շենքերում չբնակեցված շատ բնակարաններ կան, որոնց տերերը վաղուց հեռացել են Հայաստանից, բայց ոչ ոք իր բնակարանը վարձով չի տալիս: Նրանց համար ավելի լավ է իրենց տան դուռ-պատուհանը տարիներով փակ մնա, պատերը մգլոտեն ու խարխլվեն, քան թե մեկ ուրիշին վարձով տան: Պատճառն այն է, որ բոլորի սրտում վախ կա, թե կենվորն այլեւս դուրս չի գա իրենց տնից: Նախադեպերը քիչ չեն. մարդիկ մտնում են ուրիշի տուն եւ այլեւս դուրս չեն գալիսՙ հաճախ հանդգնելով անգամ ամսավարձը չտալ: Արտաշատում շրջելովՙ այդպիսի փակ դուռ ու պատուհանով տներ շատ կտեսնեք: Այո՛, Արտաշատի առանձնահատկությունն էՙ անտունները շատ են, դատարկ տներըՙ նույնպես, բայց միմյանց անհաղորդ են, միմյանց ցավը չդարմանող: Քաղաքի կենտրոնից մի քիչ հեռու գոմաղբի հոտն օդում կանգնած է. արեւն ավելի է սաստկացնում հոտը: Այստեղի բնակիչները գյուղական առօրյա ունենՙ տնամերձ հողակտոր, գոմ, կով ու ոչխար. Արտաշատում աշխատատեղերը թափված չեն, պետք է մի բան անել, ապրուստի միջոց հայթայթել: Հուլիսյան շոգին երիտասարդ մի կին կռացած կանաչու մարգերն է քաղհանում: Դեմքն արեւից շառագունել է, քրտինքի խոշոր կաթիլները ճակատով, ծոծրակով հոսում են ու անձրեւի շիթերի պես թափվում ռեհանի մանուշակագույն տերեւների վրա: Ինչ-որ մեկը ձայն տվեցՙ մա՜մ, մի հատ կգա՞ս: Կինը փեշով ցամաքեցրեց քրտինքի առվակներն ու շտապեց տուն: Հին բազմոց-բազկաթոռներով, լաքը թռած պահարանով կահավորված ճաշասենյակ, նեղլիկ ննջարան ու խոհանոց: Բազմոցին հենված-նստած է ավագ դուստրըՙ Անին: Կանչողը նա էր: Մանկական կաթվածը խեղել է աղջկա մարմինը, բայց ո՛չ միտքն ու հոգին: Գրիչը մի կերպ բռնելով, տետրը ծնկներին դրածՙ Անին հերթական բանաստեղծությունն է գրել, մորը կանչում է, որ ինքը կարդա, նա լսի: Անիի կողքին ուլունքների ու թելերի տոպրակն է: Դողդոջ մատներով ուլունքները որսում է, թելով անց կացնում. օրվա ոչ մի վայրկյանը վատնել չի ուզում: Մայրն աղջկա նստած դիրքը փոխեց, տետրն ու ուլունքների տոպրակը հարմարեցրեց, հողոտ ձեռքերով ճակատը շոյեց ու գնաց. «Անի ջան, լավ ես գրել, ապրես, բալե՛ս: Ես գնամ, գործս մնաց»: Բազմանդամ ընտանիքը տարիներ շարունակ վագոն-տնակում է ապրել. հիմա կարծես թե վագոնին կից մի փոքրիկ տնակ կարող են կառուցել: Միանգամից չի ստացվի, բայց, ոչինչ, ժամանակի ընթացքում ամուր տանիք կունենան: Միայն թե Անին առավոտից երեկո մի բանի մասին է մտածում: Նրա ասածները մեխվել են մոր գլխում, հանգիստ չեն տալիս: Երբ համակարգիչը դեռ աշխատում էր, Անին տեսել է, թե ինչպես իր հիվանդությամբ տառապող մարդիկ կարողանում են տեղաշարժվել. ինչ-որ սարք կա, որ ամրացնում են հաշմանդամի գոտկատեղին, ու նա դանդաղ, բայց տեղաշարժվում է: Եթե կարողանար քայլել, եթե կարողանար ինքնուրույն դուրս գալ տանից...առաջին հերթին ուսումը կշարունակեր. ուզում է համակարգչային օպերատոր դառնալ: Եթե այդ սիրասուն սարքը նրան օգներ, ապա դրսում դրված անվասայլակը, որի վրա ընտանիքի անդամների օգնությամբ նստում է ու մեկ-մեկ բակ դուրս գալիս, էլ իրեն պետք չէր գա: Անին վերջերս է վիրահատվել, որ իրար վրա խաչվող ոտքերը մի քիչ ուղղվեն: Հերթական վիրահատությունը կամ երանելի սարքը լուրջ գումար կարժենան: Իսկ նրա ընտանիքը պարտքերի տակ կքած է: Սառնարան չունեին. ծնողները որոշեցին սառնարան գնել: Մի մարդ եկավ, պայմանագիր ստորագրել տվեց ու թուղթ-թանաքով իրենք սառնարանի տեր դարձան: Հետո պարզվեց, որ հսկայական տոկոսներ են կուտակվել, ու էժան սառնարանը նրանց վրա կես միլիոն դրամից ավելի նստեց: Մեր մարզերից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի. առանձնահատուկ խնդիրների կծիկը: Օրինակՙ երեւանամերձ մարզերում չկա մի ընտանիք, որ վարկերի տակ կքած չլինի: Հատկապես շատ են խաբեբաների թակարդն ընկնողները: Կենցաղային տեխնիկա ձեռք բերելու ցանկությունը նրանց տանում-հասցնում է դրամաշորթների ու կեղծարարների դուռը: Պարզ է, տեխնիկայի դարում բոլոր կանայք էլ ուզում են կենցաղային պարզ միջոցներ ունենալ, մանավանդ երբ ուրիշները 4-րդ սերնդի լվացքի մեքենան են փոխում, իսկ իրենց դեռ բախտ չի վիճակվել 1-ին սերնդինն ունենալ: Պայմանագրեր, փաստաթղթեր, ստորագրություններ, եւ երազանքի սառնարանը կամ լվացքի մեքենան մեկ էլ հայտնվում է կացարանի շեմին: Այ քեզ ուրախություն, այ քեզ զարմանք... Բայց ուրախությունը շուտով չքանում է, զարմանքը վերածվում հիասթափության, երբ առք ու վաճառքի գործարքը ձեւակերպած մարդը հայտնվում է նույն կացարանի շեմին, որտեղ մեկ ամիս առաջ փառավոր կերպով դրված էր լվացքի մեքենան ու խիստ դեմքով սպառնում, որ եթե աստղաբաշխական տոկոսները չփակեն, հարկադիրը կգա, ունեցած-չունեցածները կհավաքի-կտանի: Ու կացարանի բնակիչների քթին դեմ է տալիս ինչ-որ թղթերի տրցակ, որի ամեն էջի վրա լվացքի մեքենայի նորընծա տերերի ստորագրությունն է: Օրավարձով աշխատող դժբախտ հայրը գլխին է տալիս, հարեւանների բուրդն ու պատուհանները մի-երկու կոպեկով լվացող մայրն աղերսում. «Ձեզ լինի լվացքի մեքենան, հանեք-տարեք, չեմ ուզում. մինչեւ հիմա մեր շորերը ձեռքով եմ լվացել, էլի կլվամ, միայն թե այս պատժից ազատեք մեզ»: Հոնքերն իրար վրա բերած խիստ դեմքով մարդն անդրդվելի է. «Յուղը վրան լվացքի մեքենան օգտագործել եք, հավեսներդ հանել, հիմա էլ թեՙ տարեք, չենք ուզում: Կաշիներդ կքերթեմ, մայր գումարն ու տոկոսներն ամեն ամսվա այսինչ օրը գամ-տանեմ, իմ գործը չի»: Բազմազավակ ընտանիքն արյան ծովն է ընկնում. մարդ ու կին տան եղած-չեղածը մտովի ծախում են, որ տեսնեն տակից ո՞նց են դուրս գալու: Լվացքի մեքենան էլ հետըՙ չհաշված իրենց հագի շորերը, միասին 100-150 հազար դրամ հազիվ է անում, իսկ իրենք կես միլիոն պիտի փակեն: Անչափահաս, գրկանոց երեխաներին տանը թողածՙ մարդ ու կին ընկնում են համայքապետարանի, իրավաբանների դռները, թեՙ տուններս քանդվում է, փրկե՜ք: Բայց ով տեսնում է ստորագրված պայմանագրերը, գլուխը տարուբերելով ասում է. «Ձեզ խաբել են, բայց թուղթ ու թանաքով, ձեր կամքով են խաբել, եթե դատի տաք, անիմաստ քաշքշոցի մեջ եք ընկնելու, լավ կանեք կես միլիոնը կամաց-կամաց տաք-պրծնեք»: Բայց կես միլիոնը բերանով եք ասում, կես միլիոնը կամաց-կամաց տալ կլինի՞, երբ տանը հաշմանդամ երեխա կա, մյուսներն էլ անչափահաս են, դպրոց-մանկապարտեզ են գնում, իսկ աշխատող ձեռը մեկն էՙ հայրը: Նա էլ մի օր մեկի հողն է մշակում, մյուս օրըՙ պատ շարում, իրիկնադեմին մի քանի հազար դրամն առնում, մտնում խանութ, երեխաների համար ուտելիք առնում ու տուն գնում: Եթե այդ երկու-երեք հազար դրամով էլ լվացքի մեքենաի տոկոսը փակի, ընտանիքը սովի կմատնվի: Միայն շառլատանների տոկոսները չեն, բանկերն էլ իրենց տոկոսներն են դեմ տալիս գյուղացիներին: Հողը մշակելու, ցանելու համար շատերը վարկ են վերցնում ու տուն-տեղ, ունեցած-չունեցածը գրավ դնում: ԴԱՀԿ-ի անունը լսելիս հուժկու բազուկներով առնական տղամարդիկ մի բուռ են դառնում ու Աստծուն աղաչում, որ տարին բարեբեր լինի, անձրեւ շատ գա, կարկուտ ընդհանրապես չգա, ոռոգման ջուր լինի, ցեցն ու մորեխը գնան-կորչեն, արեւը շատ չվառի, շուկայում իրենց բերքին լավ գին տան, մթերման ժամանակ էլ գործարանի տերն իր խոսքից հետ չկանգնի, թեՙ էժան եմ վերցնելու, փող չկա: Եթե Աստված միայն հայ գյուղացու աղոթքն ու խնդրանքը լսի, էլ ուրիշներին լսելու ժամանակ չի ունենա: Թումանյանը բոլոր ժամանակների համար է ասել. «Մեր ապրուստն ի՞նչ էՙ մի կտոր չոր հաց, էն էլ հրե՜ն հա, երկնքից կախված»: Դարձյալ Արտաշատ. 4-րդ հարկի բնակարանի դուռը երիտասարդ հղի կին է բացում ու 4 տարեկան որդուն ձայն տալիս: Տղան աստիճաններին նստածՙ խաղալիք մեքենա է քշում: Բակում շոգ է, շենքի միջանցքներումՙ համեմատաբար հով: Տղայի տարեկիցները մանկապարտեզում են, իսկ ինքը տանն է, որովհետեւ մանկապարտեզում խուսափում են իրեն իր տարեկիցների խմբում տեղավորել: Տղան սրտի արատ ունի, ուշաթափության դեպքերը վերջերս ավելի հաճախակի են դարձել: Հաշմանդամության նպաստից էլ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողոը զրկել էՙ պատճառաբանելով, թե երեխայի երկրորդ վիրահատության ժամանակն է, տարեք-վիրահատեք, հետո թոշակը կվերականգնենք: Ընտանիքի հայրը պայմանագրային զինծառայող է: Ընդհանրապես կյանքի դժվար իրավիճակում հայտնված ընտանիքների հայրերը հաճախ են ինքնակամ պայմանագրային զինծառայող դառնում: Ամսվա մեջ 15 օր առաջնագծում են. թեկուզ կյանքը վտանգվի, բայց գոնե կայուն աշխատավարձ կունենան: Բայց այդ աշխատավարձով մեծ մասամբ բանկերի տոկոսներն են փակում: Հղի կինը հույս ունի, որ 3-րդ երեխան ունենալովՙ պետության տված գումարով բանկի պարտքը կփակեն ու վերջապես ամեն ամիս իրենց գլխին ճոճվող դամոկլյան սրից կպրծնեն: Սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների պլանավորումը հիմնականում այս սկզբունքով է կատարվում, կամ էլ պլանավորում ընդհանրապես չի կատարվում. կինը հղիացավ, ուրեմն կունենա 7-րդ երեխան: 7-րդը կմեծանա մյուս 6-ի նման: Ամռանը քույրերի ու եղբայրների հետ սոցիալական ծրագրով մի-երկու շաբաթ ճամբար կգնա, կուշտ փորով հաց կուտի, իսկ ձմռանը, գարնանն ու աշնանը... Չարժե գլխին այդքան զոռ տալ, իսկ միգուցե 7-րդն ու 8-րդը միասին ծնվեն, այսինքնՙ զույգ: Աստված ողորմած է, մի բան կմտածի-կանի... Աստված հենց դրա համար էՙ որ ինքը մտածի-անի, իսկ գլխներին ծածկ, հացամանում հաց, գրպանում մի քոռ կոպեկ չունեցող կանայք տարին մեկ մի սիրուն երեխա լույս աշխարհ բերեն: |