RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019



Տեղադրվել է` 2019-08-22 22:17:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1577, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ԱՔԻԼԼԵՍԸ, ԹԵ՞ ԾԱՂՐԱԾՈՒ ՊՅԵՐՈՆ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը, անկեղծորեն, առաջինն էր վերջին 15 ամիսների նրա բազմաթիվ ու բազմատեսակ ելույթների մեջ, որը, չնայած իրարամերժ գնահատականներին, ըստ իսՙ արժանի էր դրական արձագանքի: Իհարկե, այդտեղ էլ կային ժողովրդին ուղղված, իսկ ավելի ճշգրիտՙ ամբոխահաճո շեշտադրումներ, սակայն, ինչ էլ լինի, վարչապետի ստեփանակերտյան ելույթը շատ ավելի լավ էր կազմված: Ակնհայտորենՙ Նիկոլ Փաշինյանը հասկացել էր, որ այս անգամ եւս էժանագին պոպուլիզմի դիմելու դեպքում շատ մեծ խժդժություններ հրահրելուց չի խուսափի: Արցախցին վախեցող չէ, որին համարձակվես սպառնալ ասֆալտին փռելով, անհիմն կերպով դավաճանության մեջ մեղադրելով, հակապետական պիտակավորումներով: Հրի ու սրի միջով անցած արցախահայությունը չի հանդուրժի հոխորտանքով իր հետ խոսելու որեւէ փորձ, ո՛վ էլ որ թույլ տա այդպես վարվելու անզսպություն: Իսկ որ վարչապետը հաճախ անզուսպ էՙ ակնհայտ է:

Եղան Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի ստեփանակերտյան ելույթի մեկնաբաններ, որոնք, իբրեւ թե որպես Հայաստանի վարչապետի երդվյալ կողմնակիցներ նրա հասցեին այդ հրապարակում հնչած բացասական որոշ բացականչությունները ներկայացնում էին իբրեւ Երեւանից գործուղված առանձին «պիցցայակերների» սադրանք: Ընդսմին, նկատի էին առնվում այն մարդիկ, որոնց այդ կերպ, իբր, կաշառել էին եւ գործուղել Ստեփանակերտՙ Նիկոլ Փաշինյանի ելույթը վարկաբեկելու նպատակով:

Ես այդպես չեմ մտածում: Ավելին, «պիցցայակեր» բառը խիստ վիրավորական եմ համարում ժողովրդի այն հատվածի համար, որը չի ընդունում հասարակության ներսում մարդկանց թշնամիների ու յուրայինների բաժանելու մոլորությունը: Այդ պարագայում կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի ելույթին հավանություն տվողները նույնպես ներքին անկեղծ մղումով չէին առաջնորդվում: Պիցցա չէին կերել, սակայն ո՞վ կարող է ասել, թե նրանք նույնպես կաշառված կամ հրահանագավորված չէին: Այդպիսի մեկնաբանությունները ո՛չ Հայաստանի վարչապետի բարեկամներին, ո՛չ էլ հակառակորդներին չէին կարող պատիվ բերել: Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը հասկանար, որ ինքը, որպես հեղափոխության առաջնորդ, հասարակական գիտակցության մեջ այլեւս չի ընկալվում որպես անառարկելի կուռք: Ընդհա՛նրապես կռապաշտությունը վատ բան է, իսկ երկրի ղեկավարին կուռք դարձնելը, առաջին հերթին հենց ա՛յդ ղեկավարին փչացնելու իմաստով, դատապարտելի է կրկնակի: Ստեփանակերտյան խնդրո առարկա ելույթում Նիկոլ Փաշինյանը, համենայն դեպսՙ անձամբ իմ տպավորությամբ, հանդես եկավ որպես «կուռքային հիվանդությունը» զգալիորեն հաղթահարած գործիչ: Նա այլեւս հասարակությունը չէր բաժանում սեւերի ու սպիտակների, ամենուրեք թշնամիներ կամ դավադիրներ չէր որոնում, ինչպես ընդամենը մեկ օր դրանից առաջ, սեփական ձախողումները այլեւս չէր վերագրում բացառապես նախորդ իշխանություններին: Շատ ոլորտներում մինչեւ 2050 թվ. ֆանտաստիկ նվաճումների մասին էր խոսում: Բայց ով իմանաՙ ՀՀ այժմյան քաղաքացիների ո՞ր տոկոսը կապրի մինչեւ այդ երանելի ժամանակները, եթե, իհարկե, դրանք երբեւէ գան: Այս ելույթի մե՛ջ էլ հստակորեն երեւաց, որ ինքը, Նիկոլ Փաշինյանը, ակնհայտորեն տառապում է բոլոր նախորդ հեղափոխություններին բնորոշ հիվանդությամբՙ սեփական ժողովրդի պատմությունը հենց իրենի՛ց սկսելու մոլորությամբ: Ընդսմին, որքան շուտ անցնի այդ մոլորությունը, այնքան ավելի լավ կլինի թե՛ անձամբ իր, թե՛ պետության ու ժողովրդի համար:

Վերջին հաշվով, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի փրկությունը մեր համազգային միասնության մեջ է: Եվ ՀՀ վարչապետը դա հստակորեն հասկանում է: Եթե կարողանա նաեւ դառնալ այդ միասնության դրոշակակիրը, ապա նա մեր պատմության մեջ կմտնի որպես իմաստուն գործիչ: Եթե չկարողանաՙ ապագա սերունդները նրան կնշավակեն իբրեւ բախտախնդիր մեկը, ով եկավ, աղմուկ-աղաղակով հափռեց երկրի ղեկավարի աթոռը ու անփառունակ հեռացավ ասպարեզից: Միեւնույն է, վաղ թե ուշՙ հեռանալո՛ւ է: Եվ արդեն իրենից հետո, համարյա ըստ մեծն Չարենցիՙ սկսվելու է այն հարցի փնտրտուքը, թե ո՞վ էր Նիկոլ Փաշինյանըՙ առասպելական Աքիլլե՞սը, թե՞ ծաղրածու Պյերոն...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ