ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ՍՓՌՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ «ԼՔՎԱԾ» ԿԱԼՎԱԾՔՆԵՐԸ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Տարբեր երկրներում գտնվող հայկական կալվածքների խնդիրը այնքան է հին, որքան այդ կալվածքներըՙ իրենք, դրանք լինեն շենք-շինություններ թե հողատարածքներ: Դրանցով զբաղվել են ազգային համապատասխան մարմիններ կա՛մ առիթից առիթ, կա՛մ երբեք: Դրանց մասին առաջին համահավաք, թեեւ բոլորովին ոչ ամբողջական, առաջին աշխատությունը տպագրվել է դեռեւս 1929 թ.ին Մոսկվայում, Կարեն Սիմոնյան անունով հեղինակի կողմից, ըստ երեւույթին Հայաստանի խորհրդային իշխանությունների ուշադրությունը այդ ուղղությամբ սեւեռելու հեռանկարով եւ կամ պատվերով: Սակայն հայկական իշխանությունները, որքան որ հայտնի է մեզ, չեն զբաղվել հայապատկան այդ կալվածքների վերատիրացման հարցերով, ըստ երեւույթին հաշվի առնելով տարբեր երկրների օրենքներին ու պայմաններին ծանոթ մասնագետների չգոյությունը, դրանց հետապնդման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների սղությունը: Հանրահայտ հրապարակախոս Երվանդ Ազատյանիՙ ստորեւ թարգմանաբար լույս տեսնող հոդվածը, որի շարունակությունը մեր թերթում լույս է տեսնելու առաջիկա երկու համարներում, անհրաժեշտ եւ ուշագրավ փորձ է եւս մեկ անգանմ հանրային, ինչու չէՙ նաեւ պետական մարմինների ուշադրությունը հրավիրելու կարեւոր այս խնդրի վրա: «ԱԶԳ»: Աշխարհասփյուռ հայությունը ձգտում է վերստանալ ցեղասպանությունից հետո Թուրքիայի տարածքում թողնված հայկական կալվածքները: Իթթիհատական կուսակցությունը, որ ծրագրեց եւ իրականացրեց Հայոց ցեղասպանությունն ու տարագրությունը Օսմանյան կայսրությունից, ցանկացավ ոչ միայն երկիրը դարձնել միատարր թուրքական տարածք, այլեւ գանձարանը լցնել հայերից բռնագրավված հարստությամբ ու կալվածքներով: Թուրք պատմաբան Մուրադ Բարդակչիի հայտնաբերած եւ հրատարակած Թալեաթ փաշայի «Սեւ գիրքը» ցույց է տալիս, թե ինչպիսի բծախնդրությամբ էր Թալեաթը ցուցակագրել հայերի ունեցվածքն ու ժողովրդագրական տվյալները, որպեսզի կարողանար իրագործել բնաջնջման եւ բռնազավթման իր ծրագրերը: Ավելի ուշ քեմալական կառավարությունն ընդունեց այսպես կոչված «լքված սեփականության» օրենքը, որով պետությանն էր մնում հայերի կողմից չպահանջված հարստությունը: Այսօր երախտագիտական ողջույններով է ընդունվում Ռեջեփ Թայիբ Էրդողանի կառավարության կողմից Թուրքիայի հայ համայնքին վերադարձված յուրաքանչյուր բռնագրավված սեփականություն: Եղավ նույնիսկ ժամանակ, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարեց, որ Ստամբուլի հայկական համայնքն այլեւս ի վիճակի չէ տնօրինելու վերադարձված նոր սեփականությունները: Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոս Արամ Ա-ն դատի է տվել Թուրքիայի կառավարությանը ձեռք բերելու համար Սսի վանքը, իսկ փաստաբանները հետամուտ են լինում վերստանալու Ինջիրլիքի հայապատկան տարածքները, որոնցում տեղակայված են ամերիկյան օդուժի ռազմախարիսխը: Անշուշտ կորսված կամ բռնազավթված սեփականությունը վերադարձնելու ամեն ջանք խրախուսելի է, գովասանքի արժանի: Բայց եկեք չմոռանանք, որ մենք արժեքավոր սեփականություններ կամ կալվածքներ ունենք նաեւ Թուրքիայի սահմաններից դուրս: Դրանց մեծ մասը մենք համարում ենք լքված, բայց այդ բառեզրի օգտագործումը հարաբերական է, որովհետեւ դրանք տեխնիկական առումով լքված չեն, այլ պարզապես համայնքի կողմից դրանց օգտագործումը որոշ չափով կա՛մ սահմանափակված է, կա՛մ չարտոնված, կա՛մ էլ դժվարացած: «Լքված» սեփականության խնդիրը քննարկման թեմա դարձավ, երբ Փարիզի հարավ-արեւմտյան արվարձան Սեւրում Մխիթարյան միաբանությանը պատկանող հողերի ճակատագիրը ներկայացվեց հանրությանը: Ներկայիս այդ պատմական քաղաքում (որտեղ համանուն հաշտության պայմանագիր է կնքվել 1920-ին) գտնվող 13 հազար քառ. մետր տարածություն վտանգի տակ է: Մոնսենյոր Լեւոն Զեքիյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերջերս այդ վայրը կատարած այցելությունը հանրության ուշադրությունը բեւեռեց այդ խնդրին: Սա առաջին դեպքը չէ, որ հայկական սեփականությունը կորստի է ենթարկվում Ֆրանսիայում: Ֆրանսահայ համայնքը նման կորուստներ ունեցել է նաեւ անցյալում, երբ անպարկեշտ գործարարներ զավթեցին Տրեվիս փողոցում գտնվող Հայկական կենտրոնի շենքը եւ դուրս վռնդեցին այնտեղ գործող բոլոր հայկական կազմակերպություններին: Ներկայիս մոլեգին քննարկումներ են տեղի ունենում ֆրանսահայ համայնքում եւ Մխիթարյան միաբանությունում, որի սեփականությունն է այդ տարածքը, որտեղ Սամվել Մուրադյան վարժարանն է գործել 1928-1997 թվերին: Վարժարանը կրթություն է տվել բազմաթիվ ուսուցիչների, հոգեւորականների եւ համայնքային առաջնորդների, սակայն փակվելուց հետո այն անտարբերության է մատնվել եւ դարձել աչքի փուշ, որի հետեւանքով էլ քաղաքային իշխանությունները հետամուտ են լինում տիրանալու ամբողջ կալվածքին: Սա եւս մեկ օրինակ է բազմաթիվ հայկական կառույցների ճակատագրի, որոնք ժամանակին համայնքային նվիրատվությունների արդյունքում ծնունդ են առել, բայց հետագայում թողնվել են ծերացած աշխարհիկ կամ հոգեւորական առաջնորդների քմահաճույքին, մինչեւ վերջնական կորուստը մի երրորդ կողմի մեքենայությունների կամ վիճահարույց գործարքների միջոցով: Մի քանի տասնամյակ առաջ Վենետիկի Մխիթարյան միաբանությունը նման խարդախ բանկային գործարքի զոհը դարձավ եւ կորցրեց Ասոլոյում եւ Լիդո կղզում գտնվող իր կալվածքները, որոնք այդ ժամանակ գնահատվում էին ավելի քան 50 միլիոն դոլար: Նույնիսկ Սուրբ Ղազարի վանական համալիրն էր վտանգված եւ փրկվեց շնորհիվ Ալեք Մանուկյանի առատաձեռնությանը: Սեւրի կալվածքի ճակատագիրը երկար ժամանակ տարբեր կուսակցությունների եւ կազմակերպությունների, հանրային եւ մասնավոր քննարկումների առարկան էր դարձել: Ոմանք գտնում էին, որ այն պետք է վերածվի ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի, ուրիշներ առաջարկում էին այն դարձնել համագումարների կամ գիտաժողովների անցկացման կենտրոն: Բայց ներքին անհամաձայնությունների պատճառով ո՛չ մեկը իրականացավ, ո՛չ էլ մյուսը: Ֆրանցիսկոս պապը 2016-ին Մոնսենյոր Լեւոն Զեքիյանին նշանակեց իր ներկայացուցիչը եւ հանձնարարեց նրան փրկել կալվածքը: Զեքիյանն աչքի է ընկնում իր կազմակերպչական ընդունակություններով եւ ներկայիս Թուրքիայի հայոց կաթոլիկ համայնքի առաջնորդն է: Նրա ղեկավարությամբ մի ծրագիր է մշակվում շահութաբեր հարմարություններով օժտելու կալվածքը, որպեսզի հնարավոր լինի հոգալ նրա կրթական եւ մշակութային կարիքները: Շեղվելով գուցե բուն թեմայից, նշենք, որ տարակարծությունների հետեւանքում ստեղծվել էր Մխիթարյան երկու միաբանություն, մեկը Վենետիկում, մյուսըՙ Վիեննայում: Մխիթար Սեբաստացին իր միաբանությունը հիմնեց Սուրբ Ղազար կղզում 1717-ին: Հետագայում որոշ դժգոհ հոգեւորականներ կապը խզելով միաբանության հետ, տեղափոխվեցին Տրիեստՙ Հյուսիսային Իտալիա: Բայց երբ Նապոլեոնը գրավեց Ավստրիան, նրանց պաշտոնական թույլտվություն տրվեց 1810-ին Վիեննայում հիմնելու վանք, դպրոց, տպարան, եւայլն, այսինքն մի նոր միաբանություն: Քաղաքական կուսակցություններին հաճախ են քննադատում, որ իրար կոկորդ են կրծում, բայց քչերն են տեղյակ, որ վերոնշյալ աստվածավա՜խ միաբանությունների հոգեւորականները իրար հետ չեն շփվել արդեն համարյա մեկ դար: Այդուհանդերձ, պետք է խոստովանել, որ նրանց մրցակցության հետեւանքից օգտվել են հայկական գաղութները, քանի որ երկու միաբանություններն էլ դարձել են իրար մրցակից կրթության անգնահատելի օջախներ ամբողջ սփյուռքահայության համար: Ժամանակի ընթացքում Վիեննայի միաբանությունը թուլանալով անցել է Վենետիկի միաբանության իրավասության տակ, բազմապատկելով համընդհանուր Մխիթարյան շարժման հոգսերը: Մխիթարյանների ճակատագիրը եզակի դեպք չէ: Նման շատ դեպքեր ունենք աշխարհի տարբեր վայրերում: Այժմ, երբ Հայաստանն անկախ է, այդ բոլոր հարցերը պետք է մաս դառնան Հայաստանի սփյուռքյան օրակարգում: Ճիշտ է, որ Հայաստանի իրարահաջորդ կառավարությունները պատշաճ ուշադրություն չեն դարձրել սփյուռքի խնդիրներին, բայց պետք է խոստովանել, որ Հայաստանը բավականաչափ ուժեղ երկիր չէ, որ կարողանա միջամտել այլ երկրների գործերին եւ պաշտպանել նրանցում իր հայրենակիցների շահերը, ինչպես Թուրքիան է անում, օրինակ, պաշտպանելով թուրքմենների շահերը Իրաքում, կամ թաթարների շահերը Ղրիմում, եւ կամ նույնիսկ Ույղուրների շահերըՙ Չինաստանում: Ինչ վերաբերում է հայկական շահերին, ուսումնասիրության կարոտ է Կալկաթայի մարդասիրական ճեմարանի հարցը: 16-ից 19-րդ դարերի ընթացքում Իրանի ջուղահայերը նախանձախնդիր էին զարգացնելու առեւտուրը Ծայրագույն Արեւելքում հիմնելով բարգավաճ հայկական համայնքներ եւ առեւտրական կենտրոններ Մանչուրիայում, Հարբինում (Չինաստան), Սուրաբայայում (Ինդոնեզիա), Սինգապուրում եւ այլուր: Այդ բոլոր համայնքներում կուտակված հարստություները կորսվել են: Ավելին, բազմաթիվ ակտիվներ անհետացել են Հնդկաստանում: Բայց մեկ կառույց դեռեւս գործում է: Դա Աստվածատուր Մուրադխանյանի եւ Մնացական Վարդանյանի հիմնադրած Հայոց մարդասիրական ճեմարանն է Կալկաթայում: Այն հիմնադրվել է 1821-ին եւ կրթել սկզբնական շրջանում Իրանից, իսկ հետագայում նաեւ Քուվեյթից, Իրաքից, Սիրիայից, Թուրքիայից, Ադրբեջանից, նաեւ Հայաստանից ժամանած հայերի: Երբ Կալկաթայի հայկական համայնքի թիվը նվազեց, ճեմարանի վիճակը վատթարացավ եւ նրա ճակատագիրը անորոշության մատնվեց: Հնդկաստանի հայկական համայնքը շատ ունեցվածքներ է կորցրել, որովհետեւ օրենքները թույլ չեն տալիս կուտակված ֆոնդերը փոխադրել մեկ այլ երկիր: Ճեմարանը կանգուն մնալով, գրեթե անգործության էր մատնվել, մինչեւ որ 1999-ին Արեւմտյան Բենգալի Գերագույն դատարանի կարգադրությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսն իրավունք ստացավ կառավարելու ճեմարանի գործերըՙ դատարանին ուղղված իր դիմումի կետերի համաձայն: Այդ նույն տարվա ընթացքում Հայաստանից առաջին ուսանողները ժամանեցին Կալկաթա: Գարեգին Բ. կաթողիկոսը երկու անգամ է այցելել ճեմարան, եւ ուրախալի է, որ ճեմարանի վիճակը նրա իրավասության ներքո փրկվել է: Մեր կառավարական եւ եկեղեցական իշխանությունները հստակ քաղաքականություն պետք է մշակեն հետապնդելու եւ վերատիրանալու համար աշխարհով մեկ սփռված մեր հարստություններին: Առայժմ դրանք համարվում են վտանգված կալվածքներ կամ ունեցվածքներ: Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator) (Շարունակելի) |