ՇՈՐԺԱ-ՎԱՐԴԵՆԻՍ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ՆՈՐՈԳՎՈՒՄ Է Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ «Ազգ»ի ընթերցողները հաճախ հանդիպած կլինեն իմՙ Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Ծափաթաղ-Արեգունի հատվածի մասին նյութերին, որոնք բազմաթիվ են: Ճանապարհը Խորհրդային Միության փլուզումից հետո այդպես էլ չէր վերանորոգվել, ուշադրության չէր արժանացել, ուստիՙ դարձել էր խիստ անանցանելի, որի պատճառով տուժում էին հարակից համայնքի բնակիչները: Ճանապարհի վերանորոգման նպատակով ժամանակին տեղի բնակչությունը բազմաթիվ դիմում-խնդրագրեր է ուղղել թե՛ կառավարությանը, թե՛ մարզային իշխանություններին, բայց սայլը տեղից այդպես էլ չի շարժվել: Այդ տարիներին ճանապարհն ուշադրության է արժանացել միայն նախընտրական քարոզարշավների ժամանակՙ եկել են, խոստացել, ընտրվել ու մոռացել: Տարածքիցՙ ճանապարհի վերաբերյալ վերջին դիմումների հեղինակն էլ ես եմ. մեկով դիմել եմ Գեղարքունիքի մարզպետարան, մյուսովՙ տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Այսօր ուրախությամբ հայտնում եմ, որ շուրջ երկու շաբաթ է, ինչ սկսվել են հիշյալ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք, ըստ պլանի, ավարտին կհասցվեն աշնան վերջին: |