RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2019-08-22 22:17:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 2001, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ. «ՆԵՐՍԻՍՅԱՆՑԻՆԵՐ»

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Կան գրքեր, որոնք իրենց բովանդակությամբ, դրա ներկայացվածության ձեւով, համապարփակությամբ ու «տեսանող աչքի» կողմից գրված լինելու առանաձնահատկությամբ երբեք չեն դադարում սեղանի գիրք լինել: Այդ գրքերի ցանկին է պատկանում «Ներսիսյանցիներ» հուշահանրագիտարանային ալբոմը, որը, ըստ էության, Ներսիսյան դպրոցի հարյուրամյա պատմությունն է, վկայականը մի կրթօջախի, որն այդքան մեծ դեր խաղաց հայ մշակութային կյանքում:

Ալբոմը տպագրվել է 1975 թ. հայկական ՍՍՀ ԳԱԱ հրատարակչությունումՙ վերջինիս Լուսավորության մինիստրության եւ Ներսիսյանցիների կամավոր ընկերության վարչության որոշմամբ եւ նվիրված է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի 150 ամյակին, որը հանդիսավոր կերպով նշվել էր հրատարակումից մեկ տարի առաջՙ 1974թ.:

Հեղինակները հայագետներին ոչ անծանոթ Արտո Եղիազարյանն ու Հարություն Թուրշյանն են, խմբագրական կոլեգիանՙ Հ. Առաքելյանը, Ս. Ավագյանը, Ա. Գյոզալյանը, Ա. Ջանջուղազյանը, Գ. Փերիխանյանը: Կատարելով գրքի հրատարակության հսկայածավալ աշխատանքը, Թուրշյանն ու Եղիազարյանը, հավատարիմ մնալով ճշմարտությանը, գրքի առաջաբանում գրում են, որ ալբոմի գաղափարը պատկանում է անվանի արվեստաբան Դանիել Դզնունուն.

«Այս աշխատության մտահղացումը եւ նախաձեռնությունը պատկանում էր ներսիսյանավարտ, արժանահիշատակ Դանիել Դզնունուն, սակայն նրա կյանքի թելը կտրվեցՙ երբ դեռ նոր էին ձեռնարկվել ալբոմը կազմելու աշխատանքները» :

Ալբոմում հնարավորինս փորձ է արված ընթերցողին ներկայացնել Ներսիսյան դպրոցնՙ իր ուսուցիչներով ու ուսանողներով, արժանահիշատակ դեպքերով: Ինչպես տեղեկանում ենք առաջաբանիցՙ այդ ամենը հեշտ չի ստացվել.

«Ալբոմը կազմելիս հարկ եղավ թափանցել դպրոցի պատմության հեռավոր անցյալը. ուստի առանձին դեպքերում հնարավոր են թերություններ» :

Ելնելով այդ դժվարություններիցՙ ալբոմում հնարավոր է եղել ներկայացնել դպրոցի շուրջ 2000 շրջանավարտներից 536-ին միայն, շուրջ 300 ուսուցիչներիցՙ 73-ին, որոնք ներկայացված են ըստ մասնագիտական դասակարգման:

Ներկայացված են նաեւ տարբեր տարիների շրջանավարտներին նվիրված եւ դասարանական խմբային լուսանկարներ, առանձնակի ընդգծված են դպրոցի վերջին տարիները: Մի շարք ներսիսյանցիների անդրադարձ է կատարվել շատ թռուցիկ, որովհետեւ ալբոմի լուսընծայմանը զուգահեռ, հրատարակման էին պատրաստվում նաեւ նրանց մասին առանձին մենագրություններ:

Հիրավի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը կարեւոր դեր խաղաց 19-րդ դարի 20-ական թվականներից մինչեւ 20-րդ դարի 20-ականն թվականները: Այդ դպրոցից դուրս եկան մեծ թվով գրող-գրականագետներ, մանկավարժներ, հասարակական, քաղաքական, պետական գործիչներ: Բացառիկ է դպրոցի դերըՙ հայ նոր գրական լեզվի կայացման գործում: Ցավոք սրտի, օրվա հայ մարդն արդեն այնքան էլ ծանոթ ու տեղյակ չէ Ներսիսյան դպրոցի գործունեությանն ու մեր ազգին մատուցած ծառայություններին: Եւ շուրջ 35.000 օրինակով տպագրված այս գիրքն այսօր պարտավոր է լրամշակվել ու հայտնվել հայ ընթերցողի սեղանին, քանի որ Ներսիսյան դպրոցի փորձը շատ կարեւոր է մեզ համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ