ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐՅԱՆ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Քիչ մարդկանց եմ հանդիպել, ովքեր այդքան վստահ են իրենց գիտելիքների, տրամաբանության եւ իմացականության վրա: Դա իսկապես բացառիկ մարդկանց տրված շնորհ է, օժտվածություն, որը գերազանց արդյունավորություն է տալիս նրանց, ավելի շուտՙ նրանց բռնած գործին, երբ այդ գործը նվիրված է ճշմարտության բացահայտմանը, արդարության պաշտպանությանը: Այդպիսի մարդ էր Վահագն Տատրյան գիտնականը, որ օգոստոսի 3-ին կնքեց իր մահկանացուն, 93 տարեկանում, կատարելուց հետո իրեն վերապահված գիտական առաքելությունը որպես համաշխարհային մեծության ցեղասպանագետ, որպես հայկական պահանջատիրության մունետիկ եւ մարտիկ: Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ճանաչման ողջՙ մեկդարյա գործընթացը եթե կարելի է բաժանել շրջանափուլերի, առաջինն ընդունելով որպես վկայությունների փուլՙ Արամ Անտոնյանի, Գրիգորիս վրդ. Բալաքյանի, Երվանդ Օտյանի, Թեոթիկի եւ այլոց վկայաբանություններով, իսկ երկրորդըՙ որպես փաստերի ներկայացման եւ ապացուցման փուլՙ խորհրդանշված Գերսամ Ահարոնյանով, Լեւոն Վարդանով, Շավարշ Թորիկյանով, Մուսա Փրենսով, Մկրտիչ Ներսիսյանով, Զավեն Մսըրլյանով եւ ուրիշներով, ապա երրորդ փուլըՙ արդեն նաեւ օտարազգի ուսումնասիրողների մասնակցությամբՙ խորհրդանշվում է Վահագն Տատրյանով, Քրիստոֆեր Ուոքերով, Ջոն Կիրակոսյանով, Նիկոլայ Հովհաննիսյանով ու, վերջապես, Թաներ Աքչամովՙ որպես դատաքննական փուլ: Ի տարբերություն մյուսների, սակայն, Վահագն Տատրյանը հանդես էր գալիս «ցեղասպանություն» եզրույթի ամբողջական, համամարդկային ախտաբանական բնորոշմամբ, ինչը նրան թույլ էր տալիս Հայոց ցեղասպանության պատճառահետեւանքային կապի համեմատական քննություն կատարել, դրա ծրագրավորումից մինչեւ գործադրումն ու հերքումը, կոծկման եւ ժխտման քաղաքականության բացահայտումը, անգամ դրա օրինաչափ լինելու երեւույթի բացատրությունըՙ ընդհանրապես ցեղասպանության այլեւայլ օրինակների ներկայացմամբ: Վահագն Տատրյանի հետազոտական մեթոդոլոգիան ինձ միշտ հիշեցրել է MRI (ՅԱՄԵՐ) սարքավորման դերը բժշկության մեջ. նա շերտ առ շերտ տեսագրում-նկարում-հետազոտում էր հայոց դեմ գործադրված եղեռնագործության ողջ գործընթացը, յուրաքանչյուր շերտի վիճակը համեմատում այլՙ նմանօրինակ պարագաների հետ, գալիս էր առանձին եզրակացության, ապա հաջորդ շերտի խորազնին ստուգման արդյունքը համադրում էր մյուս շերտերի հետ եւ վերջում հանգում ամբողջական եզրակացությանՙ անառարկելի, անվերաքննելի... Ճիշտ է, նա մաթեմատիկոս էր դարձել Բեռլինի համալսարանում, պատմաբանՙ Վիեննայի պատմության ֆակուլտետում, սակայն իրավունքի ու իրավաբանության մասնագետ էր օծվել Ցյուրիխի համալսարանում: Այդ էր պատճառը, որ նա մեղադրյալին մոտենում էր իրավաբանի պեսՙ երբեմն անհեթեթ թվացող հարցերի պատասխանները տեղադրելով մի ընդհանուր մեղադրականի մեջ, որտեղից խուսափելն անհնար է, անողոք մեղադրանքը պարզվում է իր անհերքելի տեսքովՙ որի դիմաց զինաթափվում են բոլոր սուտ փաստաբանները... Ես առիթ եմ ունեցել, Ռոլանդ Սյունիի մի աշխատության դեմ նրա ընդդիմախոսական գործի անգլերենից հայերեն թարգմանության առթիվ, գործնականապես համագործակցել Տատրյանի հետ: Դա ժխտումն էր Սյունիի այն թեզին, թե ծրագրային կապ չկա համիդյան կոտորածների եւ թալաաթյան ցեղասպան գործողությունների միջեւ, այլ խոսքովՙ թուրքական հայաջինջ քաղաքականությունը նախածրագրված չէր: Խոստովանեմ, որ հաճույք էի ստանում նրաՙ հերքելու հմտության եւ տրամաբանության փայլատակումները թարգամանելուց: Նա փաստում էր, որ ծրագրային ուղիղ կապ կար հայասպանների իրարահաջորդ սերունդների եւ իշխանությունների միջեւՙ ընդհուպ Մուսթաֆա Քեմալի ժամանակաշրջանը: Տարբեր հանգամանքների բերումով ինձ չհաջողվեց ավարտին հասցնել այդ թարգմանությունը, սակայն լավ եմ հիշում այն հրճվանքը, որն ապրում էր ցեղասպանագետը, երբ հյուրանոցում նստած բարձրաձայն կարդում էի թարգմանածս էջերը, որոնք արեւմտահայերեն էին, ինչպես ինքն էր փափագել, քանզի արեւմտահայ բարբառը նրա պաշտամունքի առարկան էր: Չեմ ուզում այստեղ թվարկել նրա հրատարակած մենագրությունների ու կարեւոր հոդվածների ու դասախոսությունների ցանկը, որոնք արդեն հիշատակվել են Սփյուռքում թե Հայաստանում անցնող շաբաթներին լույս տեսած մահախոսականներում, սակայն կուզենայի մեծ գիտնականի հետ իմ վերջին հեռախոսազրույցից հատկանշական մի հատված մեջբերել: Երբ իրեն հարց տվեցի իր առողջական վիճակի մասին, նա կենսուրախ ձայնով ասաց. «Ամեն առտու մարզանք կընեմ. 100 անգամ կբանամ եւ կգոցեմ նախ աջ, ապա ձախ ափս, որպեսզի շարունակեմ գրել թուրքերուն դեմ: Ամեն առտու 100 անգամ ձախ եւ 100 անգամ աջ ոտքս կբարձրացնեմՙ ամեն անգամ զորավոր կից մը տալու թուրքերուն»: Ճշմարտության, արդարության իսկական մարտիկ-գիտնական, որ մինչեւ վերջ մնաց գերազանց մարզավիճակում: Խորին հարգանքներ իր վաստակին: |