RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019



Տեղադրվել է` 2019-08-22 22:17:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1844, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱԳԱՆՙ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հայաստանաբնակը, ինչքան էլ հոռետես լինի, գտնում է որ մի օր լավ է ապրելու: Իսկ ահա հայաստանցու այն տեսակը, որը վստահ է որ առաջիկա տասնամյակներին ՀՀ-ում կյանքի որակը տեսանելիորեն չի փոխվի, թողնում հեռանում է: Անշուշտ երկիր վերադարձողներ էլ կան, սակայն այնքան աննշան, որ եղանակ չեն ստեղծում, գրեթե տեսանելի չեն, ինչքան էլ որոշ հեռուստաընկերություններ իրենց պատումներով փորձում են գունազարդել երեւույթը: Մի տնից չենք, մի հալի ենք սկզբունքով առաջնորդվելու պարագայում նկատում ենք, որ նորընծա ժամանողների մեջ քիչ չեն պարտադրված արտաքսվածները, իրավապահների հետ խնդիրներ ունեցողները, ֆինանսական աճպարարաություններ իրականացրածները, օրենքների հետ առնչվածները, կամ պարզապես... կյանքում ձախողվածները:

Իսկ ո՞ւր մնացին ՀՀ վարչապետի մինչեւ 2050 թվականը ՀՀ ՀՆԱ-ն 15-ապատկելու խոստմանը հավատացողներն ու օր առաջ այն իրականություն դարձնելը սեփական մասնակցությամբ հաստատողները: Չէ՞ որ խոսքը ոչ միայն հայաստանաբնակներիս էր ուղղված, այլեւ աշխարհով մեկ սփռված մեկ տասնյակ միլիոնի հասնող հայությանը. եկեք, ձեր ֆինանսական միջոցները ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում ներդնելով հարստացեք եւ հարստացրեք հայաստանցուն, երկիր մոլորակի լավագույն 20-յակի մեջ մտնող պետության քաղաքացի դարձեք, ձեր ժառանգների հուսալի ապագան երաշխավորեք: Կարեւոր չէ ինչպես եւ ինչկերպ, որպիսի միջոցներով ու ձեռնարկումներով, քայլերի ու ծրագրերի հաջորդականությամբ. կարեւորը ցանկությունն է, ապացույցն էլՙ 2018-ի ապրիլ-մայիսյան մեր արածը, համաշխարհային պատմությունում չարձանագրվածը: Միայն թե պարզ չէ, եվրոպացի լինի թե ամերիկացի, ճապոնացի թե ավստրալացի, նրանց ինչին է պետք այլեւայլ միջոցներ կիրառելով առօրյայի բարեկեցություն ապահովել, որն ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախանշածիՙ ՀՀ 5 մլն քաղաքացու համար 180 մլրդ դոլարն է, 1 բնակչի հաշվով տարեկան 36 հազար դոլարը:

Փաստալրագրողի կարգավիճակով փորձեցի պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում վերջին այս թիվը, ՀՆԱ ասվածը, որն ընդամենը համախառն ներքին արդյունք արտահայտության հապավումն է: Ասենք, Դանիայում այն այսօր արդեն 1 բնակչի հաշվով 50 հազար դոլար է, Ավստրալիայում 51 հազար դոլար, Նոր Զելանդիայում 39 հազար դոլար, Ճապոնիայում 43 հազար դոլար, ԱՄՆ-ում 60 հազար դոլար, Կանադայում 48 հազար դոլար, ՀՀ-ի ներկայիս մոտ 4 հազար դոլարի դիմաց: Այս թիվն ինչպե՞ս 10-12-ապատկել, մոտեցնել նշված երկրների այսօրվա միջինացված ցուցանիշին: Ոչ անհայտ տնտեսագիտության դոկտորներից մեկը հաշվել էր, որ ՀՀ նախորդ տարվա 12 մլրդ դոլար ՀՆԱ-ն երեք տասնամյակում 15-ապատկելու համար կպահանջվի 30 տարիներից յուրաքանչյուրում 10 տոկոս տնտեսական աճ ապահովել, որն անհնարին է համարում: Համաշխարհային տնտեսվարական գործընթացներում հաջողվել է անգամ ավելի բարձր ցուցանիշներ արձանագրել, ասենք Չինաստանում մինչեւ 12-14 տոկոս է արձանագրվել, սակայն կոնկրետ 2019-ի համար սահմանված 6,2 տոկոսն էլ չի ապահովվում, այն առայժմ 4,8 տոկոս է կազմում: Ֆրանսիայի տնտեսության տարեկան աճը հազիվ 2 տոկոս է, Գերմանիայում 2,5 տոկոս, Հոլանդիայում 3 տոկոս, Ճապոնայում 1,7 տոկոս: Անկեղծ գտնվեմ եւ նշեմ, որ թեեւ տնտեսություն լուսաբանող հեղինակիս մտորումները նեղ մասնագիտական չեն, այլՙ այսպես կոչված սիրողական, այսուհանդերձ դրանք հիմնված են պետական կառույցներիՙ ազգային վիճակագրական ծառայությունների ուսումնասիրություն-վերլուծությունների հիման վրա, ասել է թեՙ արժանահավատ են: Այնպես որ 30-ամյա ժամանակահատվածի համար միջին տարեկան 10 տոկոս տնտեսական աճը գրեթե անիրատեսական է. կամ հարկ է առաջիկա տասնամյակի համար 15-20 տոկոս տնտեսական աճ նախատեսել, որը գրեթե ֆանտաստիկայի ոլորտից է, իսկ երկրորդ-երրորդ տասնամյակների համար 7-8 տոկոս աճ կանխատեսել, որը եւս գրեթե անհավանական է:

Ահա ինչպիսի, այն կոչենք լավատեսական, սցենար է առաջարկում սույն տողերի հեղինակը: Առաջին տասնամյակի համար միջին տարեկան 7 տոկոս տնտեսական աճ, 2-րդ տասնամյակի համար 6 տոկոս տնտեսական աճ եւ 3-րդ տասնամյակի համար 5 տոկոս տնտեսական աճ: Նման վիճակագրության արդյունքում 2018-ի ՀՀ 12,4 մլրդ դոլարի ՀՆԱ-ն 2028-ին կազմում է 24,5 մլրդ դոլար, 2038-ին 43,5 մլրդ դոլար եւ 2050-ի նախօրեին, այն էՙ 2048-ի ավարտին 73,5 մլրդ դոլար: Ներկայացված թվերի հետ մասամբ համաձայնվել են այն տնտեսագետներն ու տնտեսվարները, որոնց հետ հանդիպել ու զրուցել է հեղինակը: Տարօրինակորեն թե ցավալիորեն ՀՀ վարչապետի հրապարակած ներկայիս ՀՀ ՀՆԱ-ն առաջիկա 30-ամյակում 15-ապատկելու, այն էՙ 180 մլրդ դոլարի հասցնելու թվից էապես պակաս ցուցանիշ է ստացվում, 1 բնակչի հաշվով տարեկան 14 հազար դոլար: Եթե նկատի առնենք նաեւ գնաճի մեզանում գրեթե անխուսափելի գործոնը, ստիպված ենք արձանագրել. ՀՀ-ում տնտեսական վիճակի փոփոխություն անշուշտ կարձանագրվի, միայն թե պարզ չէՙ այն կբավարարի՞ արդյոք ՀՀ քաղաքացուն: Անշուշտ խոսքն այն 800 նեղ մասնագետների մասին չէ, որոնք օրվա իշխանության կարծիքով ամիսը 1000 դոլար կվաստակեն, այլ այն հարյուր հազարավորների, ովքեր նույնպես իրենց կյանքի որակի տեսանելի բարելավում են ակնկալում: Ոչ այն, ինչ որոշակի ժամանակահատված նկատի ունենալով իրենց խոստացվում է, այլ առավել իրական ու իրատեսական, հնարավորինսՙ իրագործելի:

Օրեր առաջ աշխատանքից ազատվեց ՀՀ վարչապետի գլխավոր տնտեսական խորհրդականըՙ առանց որեւէ բացատրության: Հուսանք, որ փոխարինողի ընտրությունը չի ուշանա, որպիսի գործընթացը կնպաստի ՀՀ տնտեսության կայուն ու հուսալի զարգացմանը:

19.08.2019 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ