Ի՞ՆՉ ԿՓՈԽԻ ՔԱԹԱՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Անկարան եւ Դոհան ավարտում են Քաթարում թուրքական երկրորդ ռազմակայանի շինարարությունը: Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet թերթը, այն կլինի Էմիրությունում արդեն գործող թուրքական ռազմակայանի մոտակայքում, Դոհայից հարավ, որտեղ 2015 թվականից ի վեր գտնվում է թուրքական առաջին ստորաբաժանումը: Փորձագետների գնահատումների համաձայն, ներկայումս դրա թվակազմը հասնում է 3 հազար զինծառայողի: Այս տարվա աշնանըՙ երկրորդ ռազմակայանի բացումից հետո, թուրք զինծառայողների թիվը կարող է ավելանալՙ հասնելով մինչեւ 5 հազարի: Տվյալ իրադարձության որակյալ գնահատումը կախված է հաշվարկման համակարգից: Պարսից ծոցում ներկայիս ճգնաժամը լայն իմաստով կապված է Իրանի եւ ԱՄՆ-ի դիմակայության հետ, այսպես կոչված լցանավային պատերազմի հետ, որը մերթընդմերթ սպառնում է վերաճել թեժ բախումների: Ամերիկացիները հանդես են եկել միջազգային կոալիցիոն ուժեր ստեղծելու նախաձեռնությամբ, ուժեր, որոնք պետք է հերթապահություն իրականացնեն Իրանի եւ Եմենի ափերի մոտակայքում: Նախաձեռնությունը չի արժանացել ԱՄՆ-ի դաշնակիցների հավանությանը: Բայց իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ավելին, Պարսից ծոցում տեղի է ունենում արդի աշխարհի կարեւոր միտումների բեւեռացում: Դրանցից մեկը Պարսից ծոցի դուրսբերումն է տնտեսապես շահութաբեր տարածաշրջանների ցանկից, ոչ միայն հյուսիս-հարավ նախագծի, այլեւ չինական մետաքսի ճանապարհի ծրագրի ձախողումը: Այդ ծրագիրը միտված է Հնդկական օվկիանոսի հյուսիսում ինտեգրացիոն գործընթացների փոխակերպմանը, չխոսելով արդեն այդ եւ այլ նախագծերի ներդրումային գրավչության մասին: Այնպես որ ամերիկա-իրանական ռազմաքաղաքական դիմակայությունը բազմանշանակ է: Այդ պատճառով, Քաթարում թուրքական երկրորդ ռազմակայանի հայտնվելը ընկալվում է որպես Անկարայի ձգտումՙ Վաշինգտոնի, Փարիզի եւ Լոնդոնի հետ մեկտեղ ամրապնդելու սեփական դիրքերը տարածաշրջանում եւ մասնակցելու այդտեղ անվտանգության կա՛մ ընդհանուր, կա՛մ էլ տեղային համակարգի ստեղծմանը: Ըստ որում, Թուրքիայի, Իրանի եւ դաշնակից Քաթարի համար կարեւոր նշանակություն է ստանում կապերի ամրապնդումը Ռուսաստանի հետ, ինչը ներկայումս փորձության է ենթարկվում Սիրիայում, մինչդեռ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն կարծես թե մտադիր չեն Պարսից ծոցի տարածաշրջանում ամրապնդել իրենց կապերը Թուրքիայի հետ: Նեղ իմաստով, կարելի է խոսել Մերձավոր Արեւելքի պետությունների շահերի եւ աշխարհաքաղաքական հավակնությունների հորիզոնական շերտավորման մասին, ինչը հանգեցնում է անցյալում պատմականորեն չտեսնված դաշինքների ձեւավորմանը, ինչպիսին է Անկարա-Թեհրան դաշինքը, ինչը խիստ բացասաբար է ընկալվում թե՛ Սաուդյան Արաբիայի, եւ թե՛ արաբական որոշ այլ երկրների կողմից: Իրանի հետ մեկտեղ Քաթարին աջակցելովՙ Թուրքիան հայտնվում է սուննիների եւ շիաների հակամարտության հենց կենտրոնումՙ բռնելով շիաների կողմը: Դրա արդյունքում Մերձավոր Արեւելքում ուժերի հարաբերակցությունը փոխվել է այն աստիճան, որ մինչեւ վերջերս անհնար էր պատկերացնել: Բայց ահա թե ինչին պետք է ուշադրություն դարձնել: Խոսելով Քաթարում թուրքական ռազմակայանի մասին, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան զբաղվում է ամբողջ Պարսից ծոցի շրջանի, այլ ոչ թե որեւէ առանձին երկրի անվտանգության ապահովմամբ: Նա ասել է, որ տարածաշրջանի պետություններին սպառնացող վտանգները իրենք ընկալում են որպես իրենց սպառնացող վտանգներ: Այսինքն, Թուրքիան սկսել է տարածաշրջանում ակնհայտ հետաքրքրություն դրսեւորել այն երկրների նկատմամբ, որոնք ժամանակին Օսմանյան կայսրության կազմում էին: Սա արվում է չնայած այն բանին, որ Քաթարում են գտնվում ԱՄՆ-ի մերձավորարեւելյան հզորագույն ռազմակայանը եւ զորակազմի կենտրոնական հրամանատարության շտաբը, որը, Վաշինգտոնի ղեկավարությամբ, պատասխանատու է գործողությունների կատարման համար: Այս կապակցությամբ, թուրքական Yeni afak հրատարակությունը այն վարկածն է արտահայտում, որի համաձայն ամերիկացիները շուտով կարող են լքել տարածաշրջանը, եւ Թուրքիան սկսելու է իր ծրագրի իրականացումը: Պատահական չէ, որ Իրանում հրատարակվող Institute for Middle East Strategic Studies-ը գտնում է, որ Անկարա-Դոհա փոխհարաբերություններում շատ բաներ բացատրվում են նրանով, որ արդեն 19-րդ դարում Օսմանյան կայսրությունը Քաթարին օգնել է ձեռք բերել Սաուդյան Արաբիայից տարբերող ինքնօրինակություն: Սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Դոհան սաուդցիներին երբեւէ չի ընդունել ոչ միայն որպես ավագ արաբ եղբայր, այլեւ իբրեւ սուննիների առաջնորդ: Գոյություն ունի վարկած, ըստ որի ԱՄՆ-ը կուլիսների հետեւում օգտագործում է այդ խաղաքարտըՙ տարածաշրջանի անվտանգության խնդիրները բարդելով իր դաշնակիցների ուսերին, որպեսզի խաղից դուրս բերի արտատարածաշրջանային տերություններին: Եվ որ թուրքական ծրագիրը նման սցենարներից մեկն է: Դա չի կարելի բացառել: Սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ նմանօրինակ իրավիճակը անարդյունավետ է տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովման համար: Բայց տարածաշրջանում առաջատարի դերին ռեալ կերպով հավակնող Թուրքիան եւ Իրանը ընդհանուր խաղ են խաղում Քաթարի ուղղությամբ: Դա կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին Սիրիայի հարցում, որտեղ թե՛ Քաթարը, եւ թե՛ իր կարծեցյալ դաշնակիցները ունեն իրենց շահերը: Համենայն դեպս, Դոհան լուրջ աջակցություն է ստացել ի դեմս Թուրքիայի այն իրավիճակում, որտեղ ԱՄՆ-ի դիրքերը թվում են երկիմաստ եւ թույլ: Իսկ ընդհանուր առմամբ, Մերձավոր Արեւելքում չափից ավելի շատ են պատմականորեն ձեւավորված հակասությունները: Այն բոլոր երկրները, որոնք ձգտում են ինքնուրույն քաղաքականություն վարել, ստիպված են հաշվի առնել դրանք: Նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանին: |