RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019



Տեղադրվել է` 2019-08-22 22:17:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1294, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՐԵՆԻ, ՎԱՌԵԼԻՔԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ ՊԱԿԱՍ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Բրիտանացիները գնահատում են կոշտ «բրեքսիտի» հետեւանքները

Եվրոմիության կազմից առանց Բրյուսելի հետ համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում (այսպես կոչվածՙ կոշտ «բրեքսիտ») երկրում կարող են սկսվել կենսականորեն կարեւոր ռեսուրսների մատակարարման ընդհատումներ: Այդ մասին ասվում է The Sunday Times թերթի հրապարակած Operation Yellowhammer-ի կառավարական զեկուցագրում: Այն պնդումն է արվում, որ տվյալ զեկույցը կառավարության կողմից պատրաստվել է առանց համաձայնագրի Եվրոմիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետեւանքների կանխատեսման նպատակով: Փաստաթուղթը պետք է կանոնակարգեր Մեծ Բրիտանիայի հետ Եվրոմիության առեւտրային հարաբերությունները:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը քանիցս խոսել է, որ ինքը պատրաստ է երկիրը Եվրոմիության կազմից դուրս բերել կոշտ «բրեքսիտի» սցենարով, եւ որ ինքը մտադիր չէ ձգձգել այդ գործընթացը: Միացյալ Թագավորությունը պետք է ԵՄ կազմից դուրս գար ս.թ. մարտի 29-ինՙ գրավոր ծանուցման փոխանցումից երկու տարի անց: Սակայն Թերեզա Մեյի կառավարությունը խորհրդարանում երեք անգամ չէր կարողացել համաձայնեցնել ԵՄ-ից դուրս գալուն վերաբերող փաստաթղթի պայմանները, ինչը հանգեցրեց նրա պաշտոնաթողությանը:

Operation Yellowhammer-ի զեկուցագրում նշվում է, որ կոշտ «բրեքսիտի» սցենարով ԵՄ-ից դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիայում կզգացվի պարենի, վառելիքի եւ դեղորայքի պակաս: Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ երկրի քաղաքացիները պատրաստ չեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որեւէ սցենարի:

Պարենի եւ դեղորայքի մատակարարումների դժվարությունները կծագեն Ֆրանսիայի մաքսատանը տեղի ունեցող ձգձգումների պատճառով: Նշվում է, որ նման բարդությունների կբախվի փոխադրամիջոցների մինչեւ 85 տոկոսը: Ձգձգումների հետեւանքով վաճառասեղաններին ուշացումով կհայտնվեն թարմ մթերքներ, եւ ըստ այդմ, կբարձրանան պարենային ապրանքների գները:

Եթե Մեծ Բրիտայիայի իշխանությունները չեղարկեն բենզինի ներմուծման մաքսատուրքերը, դա կարող է հանգեցնել նավթավերամշակման երկու գործարանների փակմանը, ասվում է փաստաթղթում: Դրա հետեւանքով 2 հազար մարդ կզրկվի աշխատանքից, ինչը կառաջացնի գործադուլներ: Նաեւ սպասվում են ծովային նավահանգիստների եւ օդանավակայանների աշխատանքի լուրջ անկանոնություններ, ինչը կանդրադառնա առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումների վրա:

The Sunday Times թերթի հրապարակումը սպասելի արձագանք է առաջացրել երկրի քաղաքական շրջանակներում: Եվրոմիությունից դուրս գալու հակառակորդները այն օգտագործում են իրենց վատթարագույն կանխատեսումներն արդարացնելու համար, մինչդեռ «բրեքսիտի» կողմնակիցները կոչ են անում չսրել իրավիճակը:

Այսպես, լիբերալ դեմոկրատների ներկայացուցիչ Թոմ Բրեյքը հայտարարել է, որ ԵՄ կազմից առանց համաձայնագրի դուս գալը կստեղծի «պատերազմական ժամանակների պայմաններ: Մարդիկ կսարսափեն այն մտքից, որ Բորիս Ջոնսոնի եւ պահպանողականների գործողությունները հանգեցնում են դեղորայքի, պարենի եւ վառելիքի պակասի: Հանրաքվեի նախօրեին անցկացված քարոզչական արշավի ժամանակ Բորիս Ջոնսոնը խոստացել էր միանգամայն ուրիշ բան: «Բրեքսիտը» նվաստացուցիչ կացության մեջ է դրել ամբողջ երկիրը», նրա խոսքերն է մեջբերում Daily Mirror թերթը: Ի պատասխան, էներգետիկայի նախարար Կվասի Կվարտենգը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին կառավարությունն ամբողջապես պատրաստ կլինի ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալուն:

Իրենց հերթին կառավարության նախկին պահպանաողական անդամներ Յեն Դանկան Սմիթը եւ Օուեն Պատերսոնը հայտարարել են, որ Operation Yellowhammer-ի փաստաթղթերի արտահոսքը միտված է մարդկանց ահաբեկման: «Հենց միայն այն փաստը, որ լրագրողները տվյալ փաստաթղթերը «գտել են» Վեստմինսթերի շրջանի փաբերից մեկում, արդեն իսկ շատ բան է ասում: Հարկավոր է վերջ դնել պետական ծառայողների նմանօրինակ պաշտոնեական շահարկումներին», նշվում է քաղաքական գործիչների համատեղ հայտարարության մեջ:

«Բրեքսիտի» հետ կապված բարդ իրադրությունից կարող են օգտվել վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ պահպանողականների քաղաքական հակառակորդները: Այսպես, լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը օգոստոսի 14-ին հայտարարեց, որ ինքը Բորիս Ջոնսոնի կառավարությանն անվստահության քվե հայտնելու բանաձեւ կներկայացնի, որպեսզի կանխվի ԵՄ-ից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալու աղետաբեր սցենարը:

Խորհրդարանում Ջոնսոնի կողմնակիցներն ունեն ընդամենը մեկ ձայնի առավելություն, ինչը նրան խոցելի է դարձնում անվստահության քվեի դեմ հանդիման: Քորբինը խոստացել է հաջողության դեպքում ձեւավորել «անցումային կառավարություն», որը կձգտի Բրյուսելից ստանալ «բրեքսիտի» նոր հետաձգում, իսկ հետո կանցկացնի նոր խորհրդարանական ընտրություններ:

Ռուսաստանցի հայտնի փորձագետ Վլադիմիր Բրուտերը կարծում է, որ բրիտանական թերթի հրապարակման նպատակն այն է, որ Բրյուսելը մեղմացնի իր կեցվածքը Մեծ Բրիտանիայի հանդեպ: «Կոշտ բրեքսիտը» բացասական հետեւանքներ կունենա ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլեւ Եվրոմիության պետությունների համար, ենթադրում է փորձագետը: Եթե «բրեքսիտի» հարցով անցկացված հանրաքվեն արտահայտում է բրիտանացիների իրական տրամադրությունները, ապա երկրորդ հանրաքվե չի կարող անցկացվել: Քորբինը եւ լեյբորիստները կարող են անվստահություն հայտնել կառավարությանը, բայց դրան հավանություն չեն տա նույնիսկ Ջոնսոնի կոշտ «բրեքսիտի» գաղափարին ընդդիմացող պահպանողականները, գտնում է փորձագետը:

«Այդ պատճառով հրապարակման գլխավոր հասցեատերը Եվրոմիությունն է: Ջոնսոնը փորձում է ԵՄ-ից կորզել հավելյալ արտոնություններ, որպեսզի բրիտանացիներին հավաստիացնի, թե կոշտ «բրեքսիտ» չի լինի, սակայն Եվրոմիության պաշտոնյաների շրջանում տիրող տրամադրությունները ցույց են տալիս, որ նոր զիջումներ չեն լինելու»: Եվրոհանձնաժողովի նոր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը չունի բանակցելու այնպիսի հարուստ փորձ, ինչպիսին ուներ իրեն նախորդած Ժան Կլոդ Յունկերը: Մինչդեռ Ջոնսոնը փորձում է բրիտանացիներին համոզել, թե Եվրոմիությունը ստիպված կլինի նոր զիջումներ անել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ