«ԲՈՂՈՔԱԿԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Իշխանափոխությանը հաջորդած մեկ-մեկուկես տարին մեր ժողովրդի պատմության էջերում արձանագրվելու է որպես շարունակական, ավելի շուտՙ շղթայական բողոքների, բողոքարկումների եւ բողոքականության ժամանակաշրջան: Դժվար չէ վերհիշելը, թե անցնող ժամանակաշրջանում, հատկապես ընթացիկ տարվա սկզբից ի վեր, ինչպիսի ցույցեր, հանրահավաքներ, քայլերթեր, ճանապարհի փակումներ, կառավարական շենքերի, հատկապես վարչապետարանի, դատախազության, դատարանների, անգամ դեսպանատների առջեւ պիկետներ, բողոքի նամակների հանձնումներ հաջորդել եւ հաջորդում են միմյանց, մեծամասամբ առանց հանգուցալուծման: Խոսքը չի վերաբերում Երկրորդ նախագահին անօրինականորեն կալանքի տակ պահելու, Բաց հասարակության ինստիտուտի գործունեության կամ Ամուլսարի վերաշահագործման դեմ կատարվող բողոքի ակցիաներին, այլՙ ավելի մասնավոր ու տեղայնական ցուցարարություններին, որոնք տեղի են ունենում գրեթե ամեն օր, երկրի ողջ տարածքով մեկ: Ո՞րն է, կամ որո՞նք են դժգոհությունների արտահայտման խորքային պատճառները, տարիներով ու տասնամյակներով անլույծ մնացած հարցե՞րը, կուտակված դժգոհությունները հրապարակայնորեն արտահայտելու ցանկությո՞ւնը, սեփական իրավունքներին տեր դառնալու մղո՞ւմը, ինքնադրսեւորման ձգտո՞ւմը եւ, վերջապես, քաղաքացիական գիտակցության զարթո՞նքը: Երեւի միայն հմուտ հասարակագետները կարող են մեզ բացատրություն տալ այս բոլոր երեւույթների պատճառների ու հնարավոր հետեւանքների մասին: Սակայն առանց մասնագիտական հմտության էլ կարելի է պնդել, որ մարդիկ գոհ չեն իրենց պայմաններից, դժգոհ են իրենց կարգավիճակից, չարացածություն կա ամեն ինչի հանդեպ, անհանդուրժողականություն միմյանց նկատմամբ, սեփական կամք պարտադրելու ձգտում ամեն ինչում: Բավական է հետեւել ոստիկանության ամենօրյա ամփոփագրերինՙ ճանապարհային դժբախտ պատահարներից մինչեւ ոճրային տարբեր արարքներ, զինյալ հաշվեհարդարներից մինչեւ զոռբայության տարբեր դրսեւորոււմներ, անգամ հրդեհներ ու հրդեհումներ: Մարդիկ ջղային են: Մարդիկ սպասում են: Կասկածամիտ մեր իշխանությունները եւ առաջին հերթինՙ երկրի վարչապետը կարծում է, որ այդ բոլորը ուղղորդված են նախկինների եւ առավել նախկինների կողմից: Նման կասկածները չեմ կարծում, թե հիմնավորված են կոնկրետ փաստերով: (Այլապես մեր շա՜տ աչալուրջ ԱԱԾ-ն մի բան կասեր): Փոխարենը մենք տեսնում ենք, վկաՙ մի շարք լրատվամիջոցներ, որ նախկինները ցցում-շահարկում են առկա խժդժությունները ամենայն հաճույքով: Եվ ներկա իշխանությանը, որեւէ իշխանությանը, պիտի՛ որ ծանոթ լիներ, որ ընդդիմությունը սովորաբար այդպես էլ վարվում է ամենուր: Դա չպիտի զարմացներ հատկապես ներկա իշխանությանը, որը պետական լծակներին տիրացել է նախկինների նկատմամբ դժգոհությունների խորացման, ընդվզումների բորբոքման ու շահարկման ճանապարհով: Սա՛ է քաղաքական տրամաբանությունը, որից խուսափելն անկարելի, բայց այն մեղմացնելը, նույնիսկ վնասազերծելն ու պարփակելը, այնուամենայնիվ, հնարավոր է: Պարզապեսՙ պետք է արդյունավետ աշխատել, հանրօգուտ գործունեությամբ զբաղվել, կյանքի պայմանները բարելավել, գործազրկության ծավալները կրճատել, ներդրումներ գրավել: Նաեւ աշխատելՙ դժվարություններն ու սեփական ձախողումները չթաքցնելով, այդ մասին հանրությանը իրազեկ պահելով: Եվ ոչ թե, ինչպես ներկա իշխանություններն են սովոր անելՙ շոգենավի ամբողջ շոգին «սիգնալիզացիային», այսինքն քարոզչությանը միացնելով, ինչպես սովետական հայտնի անեկդոտում է նկարագրվում բաց ծովում անշարժացած սովետական նավի մասին: Լոզունգներով երկիր չի ղեկավարվում, ոչ էլ վիճակագրական բարձր ցուցանիշներ շեփորելով: Պետք է քիչ խոսել եւ շատ գործել: Հաջորդական մեր բոլոր իշխանությունները, ներառյալ այս մեկը, այդպես էլ չըմբռնեցին քարոզչության եւ PR-ի միջեւ գոյություն ունեցող էական տարբերությունը, որ քարոզչությունը միայն դրականն է շեշտում, PR-ըՙ սեփական բացթողումները նաեւ, դրանք ուղղելու, շտկելու պատրաստակամությամբ: Դա՛ է մարդկանց վստահությունը շահելու, լարվածությունները մեղմացնելու լավագույն մեթոդներից մեկը: Այս եւ հաջորդ իշխանությունները պետք է հասկանան, որ Հայաստանն այսուհետեւ չի կարող լինել նախկինի պես, մեր ժողովուրդը փոխված է, այլեւս նախկին համակերպվողը չէ, սեփական չարացածությունը կուլ տվողը չէ, անարդարությունն ու անհավասարությունը հանդուրժողը չէ: Եվ դա որքան որ լավ է դեպի քաղաքացիական հասարակություն մեր երթի տեսակետից, նույնքան դժվար ու բարդ է ներկա թե ապագա իշխանությունների համար: Մեր հասարակությունը այլեւս ներողամիտ չի լինելու, ընդհակառակնՙ առավել հիշաչար է լինելու, առավել պահանջկոտ ու պահանջատեր: Եվ սա, ընդունենք կամ ոչ, ապրիլյան համաժողովրդական ընդվզման բերած բարիքն է, առայժմՙ թերեւս միակը: |