ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՃՈՒՄ Է ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ Պատճառը Իդլիբի հարցում Սոչիի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու թուրքական կողմի գործելակերպն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը օգոստոսի վերջերին այցելեց Ռուսաստան: Նա Մոսկվայում առանձնազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Առանձնազրույցը տեւել է մեկ ժամ 20 րոպե, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են կողմերին հետաքրքրող հարցեր: Էրդողանը Ռուսաստանից ռազմական Սու- 27 եւ մարդատար ինքնաթիռներ գնելու պատրաստակամություն է հայտնել: Ի դեպ նշենք, որ ամերիկացիները, որոնք նախապես հրաժարվել էին Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրել, այդ մասին արդեն օգոստոսի 22-ին հայտարարեցին պաշտոնապես: Այս հանգամանքը, թերեւս, արդարացնում էր Էրդողանի վերոհիշյալ պատրաստակամությունը: Հատկանշական է, որ ե՛ւ թուրքական, ե՛ւ ռուսական լրատվամիջոցները Պուտին-Էրդողան լուսաբանելիս հիմնական ուշադրությունը բեւեռել էին հենց ինքնաթիռների գնման Թուրքիայի նախագահի պատրաստակամության վրա: Էրդողանի այցը Մոսկվա լուսաբանել էր նաեւ հայկական մամուլը, հետեւաբար մանրամասնելու փոխարեն ես կփորձեմ այցին մոտենալ կողմերի միջեւ Իդլիբի առնչությամբ առաջացած տարաձայնությունների տեսանկյունից, որոնք թուրքական մամուլի վկայությությամբ ռուս-թուրքական մերձեցումը վերածել են ճգնաժամի: Ռուսական ինքնաթիռներ, այդ թվում ռազմական, գնելու պարագան, ինչ խոսք, կարեւոր է, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ եղել է Արեւմուտքի ռազմավարական վաղեմի դաշնակիցը: Սակայն Իդլիբը երկու երկրների հարաբերություններում ավելի քան կարեւոր է, այդ իսկ պատճառով դրվել է Պուտին-Էրդողան հանդիպման առանցքում: Դա ակամա անդրադառնում է նաեւ Սիրիայի հյուսիսում «անվտանգ» գոտու ստեղծման շուրջը ԱՄՆ-ի հետ Թուրքիայի ծավալած սակարկությունների վրա, սահմանափակելով անշուշտ սակարկելու վերջինի հնարավորությունները: Ինչո՞ւ ճգնաժամ: Մինչ հարցին պատասխանելը պիտի նշել, որ ոչ պակաս ճգնաժամային են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, պայմանավորված թեկուզ Սիրիայի հյուսիսում նախատեսվող «անվտանգ» գոտու ստեղծման հարցում առաջացած լուրջ տարաձայնությունների հետ: Հակառակ այդ գոտին 32 կմ խորությամբ Սիրիայի տարածքում ստեղծելու եւ դրա վերահսկողությունը Թուրքիային հանձնելու թուրքական կողմի համառ պահանջներին, ամերիկյան կողմը պահանջում է, որ գոտին ունենա 15+20 կմ խորություն, այսինքն 15-ը Թուքիայի տարածքում, 20-ըՙ Սիրիայի, գոտին վերահսկող զորքերի շտաբը տեղակայվի Ուրֆայում եւ հրամանատարությունը հանձնվի ամերիկյան զինված ուժերին: Թուրքիան այդ գոտին ուզում էր ստեղծել Սիրիայի դեմոկրատական ուժերին, որոնք մեծապես քրդական են, թուքական սահմաններից հնարավորինս հեռացնելու մտադրությամբ, սպառնալով, թե այլապես կներխուժի Սիրիայի հյուսիս եւ կոչնչացնի քրդական ուժերին: Մինչդեռ ամերիկյան տարբերակով թուրքերը զրկվում են ոչ միայն Սիրիա ներխուժելու, այլեւ սեփական երկրի քրդաբնակ շրջաններում PKK-ի դեմ պայքարելու ամեն մի հնարավորությությունից: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի խնդիրը Սիրիայում ամենեւին էլ «անվտանգ» գոտի ստեղծելը չէ, այլ Սիրիայի արեւելքում, Եփրատից մինչեւ Իրաքի սահման ձգվող տարածքում, քրդական ինքնավարություն ձեւավորելու նախագիծը, որպեսզի քրդերի միջոցով վերահսկի նշված տարածքը: Չի բացառվում, որ ամերիկացիներն էլ քրդական ինքնավարության հարցը սակարկեն ռուսների հետ եւ համաձայնության գան: Համենայն դեպս Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ բավականին ջերմ հարաբերություններ են պահպանում նաեւ ռուսները: Ինչ վերաբերում է Իդլիբի հարցի շուրջը ծավալվող տարաձայնություններին, որոնք թուրք մեկնաբանների վկայությամբ ճգնաժամի են վերածել ռուս-թուրքական հարաբերությունները, ըստ երեւույթին Պուտին-Էրդողան հանդիպմանը կողմերն այդ հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել, որ իրավիճակն էլ ավելի չսրելու մղումով թուրքական եւ ռուսական մամուլը շրջանցեց այդ հարցը, կամ էլ վերջիններիս համապատասխան տեղեկատվություն չտրվեց: Կասկածից վեր է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը կհանգեցնի նաեւ Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունների սրմանը: Խնդիրը, սակայն, Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները չեն, այլ Իդլիբի առնչությամբ Թուրքիայի ստանձնած պարտավորությունները: Համաձայն 2018-ի սեպտեմբերի17-ին Սոչիում ստորագրված համաձայնագրի, Թուրքիան պարտավորվել էր Իդլիբից դուրս բերել ահաբեկչական բոլոր խմբավորումներին, որոնց թիվը ներկայումս հասնում է 20-ի, որոնցից 9-ը խոշոր խմբավորումներ են համարվում, իսկ Ռուսաստանըՙ դադարեցնել ռազմական գործողությունները: Չնայած համաձայնագրի ստորագրմանը, թուրքական կողմը ոչ միայն չկատարեց պարտավորությունները, այլեւ 12 ռազմական դիտակետեր տեղակայեց Իդլիբում: Այդ ընթացքում աննախադեպ աճեց մինչ այդ 750 հազարի հասնող Իդլիբի բնակչությունը, դառնալով ՄԱԿ-ի տվայներով 3.5 մլն., բնակիչների մեկ մլն. տեղաբաշխված է քաղաքի շրջաններում: Սրանք, իհարկե, խաղաղ բնակիչներ չեն, այլՙ Իրաք-Շամ իսլամական պետությանը, Ան Նուսրային եւ այլ խմբավորումներին պատկանող ահաբեկիչներ: Քանի որ ահաբեկիչները համազգեստ չեն կրում, հետեւաբար արտաքինով չեն տարբերվում խաղաղ բնակիչներից, ուստիեւ թուրքական եւ արեւմտյան աղբյուրները ռազմական գործողությունների ընթացքում սպանված ահաբեկիչներին հեշտությամբ ներկայացնում են որպես խաղաղ բնակիչներ, մեղադրելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին խաղաղ բնակչությանը ոչնչացնելու մեջ: Ինչո՞ւ է Թուրքիան համառում Սոչիի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հարցում: Դրա պատասխանը միանշանակ է. կատարելու դեպքում Իդլիբում տեղաբաշխված ահաբեկիչներին ստիպված է լինելու տեղափոխել սեփական երկիր, ավելինՙ այնտեղից դուրս է բերել թուրքական զորքերին: Դա ենթադրում է դրանց դուրս բերել նաեւ Աֆրինից, Ազազից, Ալ Բաբից, Ջերաբլուսից, ինչը վերջ կտա Թուրքիայի ռամաքաղաքական ներկայությանը Սիրիայում: Սակայն որքան էլ համառի Էրդողանը այլընտրանք չունի: Դեռեւս 2018-ի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրքերին բազմիցս հիշեցրել է Իդլիբում ստանձնած պարտավորությունների մասին: Լավրովը դեռ մի կողմ, այդ պարտավորությունների մասին, ինչպես «Halk TV-ի» էկրանից նշել են թուրք քաղաքական մեկնաբանները, արտահայտվել է նաեւ Պուտինը, այն էլ Փարիզում: ՌԴ նախագահը օգոստոսի 19-ին մեկօրյա աշխատանքային այցով եղել էլ Փարիզում, իր պաշտոնակցիՙ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո, ըստ թուրքական աղբյուրների, անդրադարձել է Իդլիբի հարցին: Նա, շեշտելով Սոչիի համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, դրանք խախտելու մեջ մեղադրել է թուրքական կողմին, ապա դիմելով Թուրքիային ասել է. «Մեզ Սիրիա հրավիրեց նախագահ Բաշար Ասադը, իսկ դուք ինչո՞ւ մտաք»: Նա միաժամանակ նշել է, որ այսուհետեւ սառեցվում է Սոչիի համաձայնագրով Իդլիբում հաստատված հրադադարը եւ ռազմական գործողություններ են ձեռնարկվելու քաղաքի դեմ: Այդ ընթացքում նախագահ Ասադի զորքերին հաջողվել է Իդլիբի շրջանը պաշարել եւ ռոսական օդուժի աջակցությամբ 90 %-ով հետ գրավել ահաբեկիչներից: Հատկանշական է, որ օգոստոսի 19-ին, երբ Պուտինը Փարիզում Իդլիբի մասին էր խոսում, նույն օրն այնտեղ Ասադի զորքերը, շրջապատել էին թուրքական 9-րդ դիտակետը եւ կրակ բացել դիտակետից հեռացող թուրք զինվորների շարասյան վրա, առանց հաշվի առնելու հեռացման մասին թուրքական կողմի նախապես արած նախազգուշացումը: Ի դեպ Իդլիբի հարցը սեպտեմբերի 16-ին կքննարկվի Ստամբուլում, մասնակցությամբ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի նախագահների: Ինչ արդյունքի կհանգեցնի եռակողմ այդ հանդիպումը, ցույց կտա ժամանակը: Սակայն ակնհայտ է, որ անկախ հանդիպման արդյունքից Թուրքիան Իդլիբի հարցում առճակատվելով ռուսների հետ, ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ խուսանավելու հանարավորությունից զատ, կորցնում է նաեւ ամերիկյան ճնշումները ռուսական կողմին մերձենալու միջոցով հակակշռելու հնարավորությունից: |