ՊԱՏՐԻԱՐՔԻ ՏԵՂԱՊԱՀ ՍԱՀԱԿ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԻՆ Հ.Չ. Չնայած Կ.Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությանը, պատրիարքական ընտրությունների նշանակման առումով որեւէ տեղաշարժ չէր արձանագրվում: Ըստ երեւույթին տեղաշարժի համար բարենպաստ առիթ է հանդիսացել Թուրքիայում ամեն տարի որպես հաղթանակի տոն նշվող օգոստոսի 30-ը: 1922 թ. օգոստոսի 30-ին քեմալական զորքերը պարտության էին մատնել Փոքր Ասիայում առաջացող հունական զորքերին: Խնդիրը, սակայն թուրքերի հաղթանակի տոնը չէ, այլ տոնի առթիվ Անկարայում նախագահական պալատում կազմակերպվող ընդունելությունը, որին նախագահ Էրդողանը հրավիրել է նաեւ պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որին ուղեկցել է Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Այլ կերպՙ Սահակ սրբազանը Էրդողանին հանդիպել է ընդունելության շրջանակներում, որի ընթացքում, ինչպես օգոստոսի 31-ին մատնանշել էր «Հայ թերթ» կայքեջը, Էրդողանը հետաքրքրվել է պատրիարքական ընտրություններով, ստանալով սրբազանից «անցկացման կարգադրություն դեռեւս չենք ստացել» պատասխանը, իսկույն դիմել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, իսկ նախարարը խոստացել է, որ այդ կարգադրությունը պատրաստ կլինի առաջիկա մեկ շաբաթվա մեջ: Թվում է թե Էրդողանի միջամտությունից հետո նախարար Սոյլուն չի հանդգնի չկատարել իր խոստումը: Խնդիրը, սակայն, դա չէ, այլ Էրդողանի Անկարայում տված ընդունելությանը Արամ արք. Աթեշյանին չհրավիրվելը: Դա նշանակում է, որ թուրքական իշխանությունները հրաժարվել են աջակցել Արամ սրբազանին, որքան էլ վերջինիս փորձերինՙ հակառակն ապացուցելու: |