RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019



ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-09-10 19:43:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1759, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋԱՎԱԽՔԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵՎ ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՀՈԳ ՏԱՆԵԼ ՆՐԱՆ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Այս տարի, ի տարբերություն նախորդների, Հայաստանի բուհերում Ջավախքից եկած ուսանողները քիչ են, անհամեմատ քիչ: Եթե նախորդ տարիներին կարելի էր հանդիպել հարյուրավոր առաջին կուրսեցի ջախավեցի ուսանողների, ապա այս տարի այդ թիվը ոչ թե կիսվել է, այլ բազմակոտոր եղել, որովհետեւ տեղի երիտասարդությունն արդեն, կոպիտ է հնչում, զզվել է համապատասխան մարմինների կամայական, անհեռատես պահվածքից:

Մենք անվերջ խոսում ենք հայապահպանությունից, ազգային արժանապատվությունից ու միասնականությունից, բայց ժամանակը ցույց է տալիս, որ այդ ամենը մնում է թղթերի ու կենացների արանքում: Հենց այդ «թունդ» կենցաների ժամանակ է, որ Ջավախքը ոմանց կողմից համարվում է «սփյուռք», ջավախեցինՙ «սփյուռքահայ»: Ես անկեղծ ցավում եմ այդ մարդկանց մտավոր որակների համար, ավելինՙ հաճախ մի կերպ եմ ինձ զսպում, որ միտում չտեսնեմ այդ ձեւակերպումների հետեւում, որովհետեւ Ջավախքը պատմական Հայաստանի մի մասնիկն է, ջավախեցին էլ ապրում է իր պատմական հայրենիքում, հետեւաբարՙ Ջավախքն սփյուռք, ջավախահայությանն էլ սփյուռքահայ անվանողները ոչ միայն տառապում են մտավոր հարթաթաթությամբ, այլՙ չհասկանալով ջուր են լցնում թշնամու ջրաղացին: Իր հայրենիքում ապրող հայը չի կարող սփյուռքահայ կոչվել:

Բայց բոլորովին տարբեր կերպ են մտածում ՀՀ կառավարության որոշ անդամներ, որի հետեւանքով էլ վերջին տարիներին Ջավախքի մեր երիտասարդ հայրենակիցները սովորելու նպատակով ոչ թե ընդունվում են Հայաստանի, այլՙ Թբիլիսիի բուհեր: Բացատրությունը պարզ է:

Ջավախքից Երեւան գալովՙ երիտասարդները բախվում են վարձով բնակարան փնտրելու դժվարությանը, իսկ վարձով բնակարաններ հատկացնող երեւանցիները, գաղտնիք չէ, միշտ «շատ փողի կարիք ունեն» եւ հաճախ այնպիսի խոշոր թվեր են պահանջում մեկ ամսվա համար, որ կարծես բնակարանը ոչ թե Երեւանում է, այլՙ Լուսնի վրա: Բայց այս փորձությունը, այսպես ասած, հեշտհաղթահարելի էր, բարձր կուրսերի ուսանողներն ամռան ընթացքում արդեն ապահովում էին նորեկների կեցության պայմաններն ու միմյանց օգնում:

Բայց ավելի դժվար խնդիրը կամ ծիծաղ հարուցողն այն է, որ «Հայաստանի քթի» տակ գտնվող Վրաստանի Հանրապետությունում լուրջ չեն վերաբերվում ՀՀ բուհերի դիպլոմներին, այդպիսովՙ չորս տարի սովորելով Հայաստանում ու վերադառնալով Ջավախքՙ ջավախեցի երիտասարդը ստիպված է կա՛մ չաշխատել, կա՛մ էլ Վրաստանում հատուկ կուրսեր անցնելՙ Հայաստանում ձեռք բերած դիպլոմը «վավերացնելու նպատակով»: Պատկերացնո՞ւմ եք, երեսուն տարվա ընթացքում ՀՀ ԿԳ նախարարությունը չի կարողացել կարգավորել այս հարցը եւ թեթեւացնել մեր ջավախահայ հայրենակիցների հոգսը: Բոլորիս է հայտնի, որ տարիներ շարունակ վրացական իշխանությունները փորձել են ճնշել ջավախահայության ըմբոստ ոգին, բայց հաջողության չհասնելով, սկսել են պաշտոնական լծակներ գործադրել, որոնցից է վերոհիշյալ խնդիրը: Ներողություն, բայց սա խոսում է այն մասին, որ մեր երրորդ հանրապետության կրթական համակարգի պատասխանատուները տարիներ շարունակ քնած են եղել, անմեղսունակ մի քուն, որով այսօր վարակվել են նաեւ «թավշյա դպիրները»:

Բացի այդՙ Ջավախքից եկած ուսանողները Հայաստանում շատ դժվարությամբ են կարողանում աշխատանքի տեղավորվել, հաճախ չեն էլ հաջողում, որովհետեւ գործատուն պատճառաբանում է, թեՙ «այլ երկրի քաղաքացիներ են»: Վերջին հույսը գրեթե միշտ մնում է շինարարությունն ու մյուս ծանր աշխատանքները, որոնք անհամատեղելի են ուսանողական կյանքի հետ. ամբողջ օրը բեռներ տեղափոխող մարդը չի կարող երեկոյան գիրք կարդալ:

Եթե այս ամենին հավելենք նաեւ այն, որ հայ-վրացական սահմանն անցնելիս մարդիկ չեն կարողանում նորմալ քանակովՙ գոնե գյուղմթերք բերել Հայաստան, ապա կարող ենք եզրակացնել, որ կա՛մ միտում կա այս մարդկանց վիճակը հնարավորինս բարդացնելու, կա՛մ համապատասխան մարմիններն իրավիճակը լավ չեն պատկերացնում: Հուսանք, գոնե երկրորդ տարբերակն է պատճառը:

Ինչեւէ, խնդիրները թվարկելը մի բան է, լուծման ուղիներ գտնելը մի բան:

Ստեղծված ճգնաժամային իրավիճակը հարթելու համար, առաջին հերթին Հայաստանի իշխանությունները պետք է որոշակի արտոնություններ տան Ջավախքից Հայաստան եկած ուսանողներին, ստեղծեն հատուկ կեցության վայրեր, որտեղ նրանք կարող են խելամիտ վարձավճարի դիմաց ապրել: Անհրաժեշտ է նաեւ մաքսատուն «հատուկ հրահանգ իջեցնել», որպեսզի վերջիններս Ջավախքից Հայաստան եկող ուսանողների մոտ եղած իրերը (անկողին, վերմակ, տաք վերարկու, մեղր, յուղ եւ նման բաներ) «ծանրութեթեւ» չանեն ու հավելյալ գումար չպահանջեն: Այս ամենին զուգահեռ, ՀՀ կրթության պատասխանատուները պետք է անհապաղ բանակցություններ սկսեն վրացական իշխանությունների հետՙ ՀՀ բուհերի դիպլոմները տեղում «վավեր» ճանաչելու ուղղությամբ:

Ահա սրանք են կարեւոր առաջնային խնդիրները, որոնք կարոտ են հրատապ լուծումների: Իսկ եթե չարվի այս ամենը, տարեցտարի հասնելու ենք այն պատկերին, որ Ջավախքի մեր եղբայրներն ու քույրերն այլեւս չեն գա Հայաստանՙ ուսանելու, որը հղի է բազում վտանգներով, որոնցից ամենակարեւորը, թերեւս, երկու միջավայրերի շփման բացակայությունն ու խորթության առաջացումն է:

Հայաստանի իշխանությունները Ջավախքի երիտասարդներից պետք է լավ մասնագետներ թրծեն, որպեսզի վերջիններս իրենց բնակավայրերում կարողանան հոգ տանել ջավախահայերին:

Հ.Գ. Օրեր առաջ իմացա, որ Ջավախքի մի շարք գյուղերի դպրոցներում առաջին դասարան չի բացվել. աշակերտներ չկան: Սա ահազանգ է Ջավախքի հայաթափության մասին: Չի կարելի թույլ տալ այդ ամենը, չի կարելի աչք փակել այդ ամենի վրա, դա հանցագործություն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ