RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019



Տեղադրվել է` 2019-09-10 19:43:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1402, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՅՐԵՆԻՆՙ ԲՈԼՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐՆԵՐԻՆ ՈՒ ՄԻՇՏ

ՆԱԻՐ ՅԱՆ

- Վիկտորյա, ուզո՞ւմ ես վաղը դպրոց գնալ:

- Չեմ ուզում,- կտրուկ պատասխանեց 5-րդ դասարանցի դուստրս,- դեռ լավ է, որ այս տարի մի օր շահեցինք. սեպտեմբերի 1-ը կիրակի է: Չնայած անցյալ տարի ավելի լավ էր, երկու օր շահեցինք. սեպտեմբերի 1-ն ու 2-ը հանգստյան օրեր էին:

Ուրիշ բան չէի էլ սպասում, հետեւաբար, դստերս անկեղծ խոստովանությունը ծանր չտարա:

Սեպտեմբերի 2-ին նա, այնուամենայնիվ, գնաց դպրոց: Երեխաների պայուսակները թեթեւացնելու համար այս տարի դասագրքերը երկու մասի են բաժանվելՙ առաջին եւ երկրորդ կիսամյակների համար:

Ուսումնական տարվա առաջին օրվա ավարտ, վերադարձ տուն: Ամեն ուսուցիչ իր առարկայից հաստ ու բարակ, կարճ ու երկար բազմաթիվ տետրեր է պահանջել. գրախանութներում ասեղ գցելու տեղ չկա, ծնողները տրցակներով տետրեր են գնում: «Մաթեմատիկան անպայման կանաչ, իսկ մայրենին անպայման դարչնագույն. մեր ուսուցիչները միայն այդ գույնի տետրեր են ուզել»: Բառատետր, «Հրաշք տետր», գործնական աշխատանքների տետր, ուսուցողական աշխատանքների տետր, ստուգողականինն էլՙ առանձին. ու աշակերտական պայուսակը դարձյալ 5-6 կգ է կշռում: Իսկ դասագրքերում դարձյալ նույն անիմաստ, անկենդան, անիրագործելի բովանդակությունն էՙ ուղղակի երկու գլուխների բաժանված:

Երբ նոր կառավարության կազմը հաստատվեց, շատերն սկսեցին թաքուն հույս փայփայել, թե կրթական համակարգում որեւէ բան կփոխվի: Դժգոհությունները համատարած էին. անգամ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչներն էին բողոքում թե՛ դասագրքերից, թե՛ դասապրոցեսից ու կրթական պահանջներից: Այս սեպտեմբերին ծնողները կարծում էին, թե ինչ-որ բան փոխված է լինելու. իզուր: Դպրոցներում 2-րդ ու 3-րդ հերթերն էլ մնացին, դասագրքերի բովանդակությունն էլ չփոխվեց, ուսուցիչներն էլ, սովետը հոգում ու սրտում դաջած, մտան դասարան:

Դստերս մայրենի լեզվի ուսուցչուհին հենց առաջին օրը տետրերում արտագրել է տվել «Հայ պատանու երդումը մայրենի լեզվին» արձակ բանաստեղծությունը եւ հանձնարարել այն անգիր սովորել: Այսուհետեւ ամեն օր ամբողջ դասարանը պետք է երդվի մայրենիին. այդպես է սկսվելու դասը: Սիլվա Կապուտիկյանի հարուստ բառապաշարը, մայրենիի իմացությունը, բանաստեղծական ոգին ոչ ոք կասկածի տակ չի դնում, ինչպես չենք կասկածում, որ 9-10 տարեկան երեխան կարող է անգիր անել «Երդման»ՙ օրինակՙ այսպիսի տողեր. «Դուՙ փիղ ու բաբանի զարհուրանքին դիմադիր կանգնածՙ անկործանելի պարիսպ, Զվարթնոց տաճարի չեղծված, չավերակված սրբապատկեր, երդվում եմ քար դառնալ քո պարսպացյալ ամրությանը....»: Բայց մայրենիի հանդեպ սերն այսպե՞ս են սերմանում, կրթադաստիարակչական, ուսումնամեթոդական տեսակետից արդյո՞ք ուսումնասիրվել կամ հարցում անցկացվել էՙ այս կերպ մայրենին հնարավո՞ր է սիրել, արժեւորել ու երդվել սերնդեսերունդ ու դարեդար այն փոխանցել հավերժին: Միայն մայրենիի դասինՙ 45 րոպե, վերին պաթոսով, հայոց լեզվի բառարանների ամբողջ ընդգրկումով փառաբանվում է մեր լեզուն, մեջբերվում են հայ եւ օտարազգի մեծերի ասույթներն ու պոետական տողերըՙ ձոնված հայոց լեզվին: Իսկ դպրոցի պատերից դուրս երեխան տեսնում ու լսում է, որ մայրենիի իմացությունն իրական կյանքում առոչինչ է, տասներորդական նշանակություն էլ չունի: Չէ՞որ նույն երեխան լսում է, թե աշխատանք փնտրելիս ինչպս են ծնողներից ու հարազատներից ոչ թե հայերենի, այլ օտար լեզուների գերազանց իմացություն պահանջում, տեսնում է, որ կրթական ու աշխատանքային լավ ապագա ունենալու համար մայրենիի իմացությունը ոչ մի հարցում չի օգնում, որովհետեւ մասնագիտական պահանջներում հայոց լեզուն անգամ իր հայրենիքում է արհամարհված ու անտեսված: Երեխան ամեն օր լսում է ծնողների հորդորը. «Բալես, անգլերենին շատ ուշադրություն դարձրու. անգլերեն ու մաթեմատիկա, մնացածը հեչ, եթե այդ երկուսն իմանաս, մի կտոր հացդ անպայման կունենաս»: Ու երեխան դեռ մանկապարտեզից ականջին օղ է անում, որ անգլերենն իր փայլուն ապագայի նախադրյալն է. դեռ հայերեն հոդաբաշխ նախադասություն չարտաբերած, լեզուն բերանում կլորացնելովՙ անգլերեն բառեր է ասում, որոնք սովորել է իր հետ պարապող անգլերենի մասնագետից:

Գաղթի, ավերի, պատերազմների միջով դարեդար ու սերնդեսերունդ մեզ հասած մեր բազմաչարչար լեզու, կարճ ասածՙ վերջդ եկել է: Ինչքան էլ ուսուցիչները դպրոցում փորձում են քեզ սիրել տալ, մի բան մոռանում են. գաղափարը չի սիրվում ու չի ընդունվում, եթե այն առարկայական, շոշափելի դրսեւորում չունի, իսկ եթե առարկայական, շոշափելի դրսեւորումը հակասում է գաղափարին, ուրեմն գաղափարը կմնա գրքերի էջերում. ընդամենը: Տարբեր սերունդներ այն կարտագրեն, կսերտեն, որոհետեւ այդպես է պահանջում հայոց կրթական համակարգը, բայց այդ գաղափարին չեն հավատա, որովհետեւ դրա կյանքային դրսեւորումն իրենց մաշկի վրա չեն զգալու: Այդպես 20-30 տարի անց էլ Վիկտորյայից հետո եկող սերունդն է «Երդում մայրենիին» բանաստեղծությունն անգիր անելու, բայց մայրենին չի սիրելու, կապուտիկյանական ճոխ հայերենը նրա ներսում ոչ մի բջիջ չի շարժելու, որովհետեւ մարդ արարածը սիրում է այն, ինչը հասկանում է, ինչը ներդաշնակ է իր արժեհամակարգին ու աշխարհայացքին: Մենք ազգովին, պետական մակարդակով ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաների հայացքները դրսում լինենՙ մեր հայրենիքի սահմաններից շատ հեռու, որ խոսեն ու մտածեն անգլերեն, բայց չենք զլանում պահանջել, որ երդվեն կամուրջ ու քար դառնալ մեր արհամարհված, բզկտված, չարչարված մայրենիի պահպանման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ