ԼԻԲԱՆԱՆ-ԻՍՐԱՅԵԼ. ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՈՒՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Լիբանանի եւ Իսրայելի սահմանների վրա հերթական լարվածությունն է սկսվել, կողմերը հարվածներ են փոխանակել: Իրավիճակն այնպիսին է, որ շատ դժվար է պարզել դեպքերի իրական պատկերը: Իսրայելական եւ լիբանանյան աղբյուրների հաղորդումները, ինչպես նաեւ երկու կողմերի պաշտոնական անձանց հայտարարությունները խիստ հակասական են: Առայժմ ուրվագծվում է տեղեկությունների հետեւյալ շարքը: Օգոստոսի 25-ին իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածից հրկիզվել է Լիբանանի սահմանամերձ Ար Դով կաղնուտը: Սեպտեմբերի 1-ին «Հզբոլլահ» կազմակերպությունը հակատանկային հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի վրա: Դրանցից մեկը ընկել է մի ռազմակայանի վրա: Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Գոլանի բարձունքների վրա գտնվող155 միլիմետրանոց հրանոթներից: Իսրայելական ռազմօդանավերը գրոհել են լիբանանյան սահմանամերձ գյուղերի վրա: Ցավոք դա սովորական պատմություն է: Թեեւ «Հզբոլլահի» առաջնորդի տեղակալ շեյխ Նաիմ Քասեմը հայտարարել է, թե դա աննխադեպ երեւույթ է: Եվ ահա թե որն է անսովորությունը: Իսրայելի բանակը ձեռնարկել է մի շարք միջոցներ, որոնք ուղղված են երկրի հյուսիսային սահմանում մարտավիճակի բարձրացմանը: Հետաձգվել են ծրագրված զորավարժությունները, սահմանին է մոտեցվում հրետանի, չեղյալ են հայտարարվել մարտական զորամասերի զինծառայողների արձակուրդները, իսրայելա-լիբանանյան սահմանի մոտ նկատվում է իսրայելական օդուժի գործողությունների ակտիվացում: Ավելին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն բանակին հանձնարարել է պատրաստ լինել ամեն տեսակ սցենարների, նրա խոսքերով, «Մենք անցկացնում ենք խորհրդակցություններ առաջիկա քայլերի վերաբերյալ, ըստ իրավիճակի մենք որոշում կընդունենք հաջորդ քայլի մասին»: Նման հայտարարությունները հենց այնպես չեն արվում: Այն տպավորությունն է ստեղծվում, թե Իսրայելը ձեռնարկել է «կանխիչ» բնույթի գործողություններ: Իսկ գլխավոր շտաբի պետ գեներալ Ավիվ Կոխավին գործողությունների լիակատար ազատություն է տվել Հյուսիային հրամանատարությանը, որպեսզի վերջինս պատրաստ լինի «Հզբոլլահի» հնարավոր հարձակմանը: Կարծես թե ամեն ինչ տրամաբանական է, եւ «Հզբոլլահը» սպառնում է հաշիվները մաքրել Իսրայելի հետ ու զինված հարձակում իրականացնել ի պատասխան իսրայելական օդուժի գրոհների: Բայց խոսքը այլ բանի մասին է: Լիբանանցի ռազմական փորձագետ գեներալ Ամին Հոտեյտը գտնում է, որ իսրայելական բանակն ու հետախուզությունը ամենայն հավանականությամբ հարվածներ էին սպասում ուրիշ վայրում: Նրա խոսքերով, իսրայելական հրետանին մի քանի օր ու գիշեր գնդակոծել է Շեբաա օկուպացված շրջանի լիբանանյան սահմանամերձ գյուղերը: Ըստ երեւույթին, իսրայելական հետախուզությունը սխալվել է Լիբանանի տարածքից նախապատրաստվող հարվածի պլացդարմի հարցում, բայց սկզբունքային առումով, այնուամենայնիվ կատարել է իր գործը: Ինտրիգն այն է, որ ավելի վաղ «Հզբոլլահը» Իսրայելին սպառնացել էր վրեժ լուծել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շրջակայքում ՙ Աքրաբի շրջանում գտվող իր ռազմական ճանբարի գնդակոծման համար: Օգոստոսի 25-ի իսրայելական ռազմօդանավերը մի քանի հրթիռ էին արձակել այդ ճամբարի վրա: Գեներալ Հոտեյտի կարծիքով, «Հզբոլլահը» հավանաբար հույսը դրել էր այն բանի վրա, որ Իսրայելը չի համարձակվի իրադրությունը սրել սեպտեմբերի 17-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Միեւնույն ժամանակ նա վստահ է, որ «Հզբոլլահը» մտադիր չի եղել սկսել ռազմական գործողություններ, իսրայելական հրետանին էլ ընտրովի կրակ է տեղացել հարավային Լիբանանի բնակավայրերի վրա: Եվ այդուհանդերձ, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին աճապարել է հեռխոսային կապ հաստատել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանյուել Բոնի հետ: Հարիրին նրանց տեղեկացրել է լիբանանա-իսրայելական սահմանում տեղի ունեցող վտանգավոր զարգացումների մասին եւ հորդորել է միջամտել ու թույլ չտալ լարվածության հետագա խորացում: Սա ենթադրել է տալիս, որ Հարիրին տիրապետում է ինչ-որ առանձնահատուկ տեղեկությունների: Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, այդ ամենը կապված է ոչ միայն տարածաշրջանային ուժերի տեղաբաշխման եւ արտաքին խաղացողների ազդեցության հետ, այլեւ այն բանի հետ, որ Իսրայելն ու Լիբանանն ունեն մի ամբողջ շարք պատճառներ, որոնցից շատերը միտված են առաջին հերթին ներքին խնդիրների լուծմանը: Իսրայելը, օրինակ, միջադեպն օգտագործելով կհայտարարի Լիբանանում իրանական կամ իրանամետ ուժերի ամրապնդման մասին, ինչպես նաեւ այն մասին, որ Լիբանանի կառավարությունը պարտավոր է տարածել իր սուվերեն ինքնիշխանությունը երկրի հարավային շրջանների վրա, որոնք պետք է անցնեն լիբանանյան բանակի վերահսկողության տակ: Մյուս կողմից, գոյություն ունեն Մերձավոր Արեւելքում որոշակի այնպիսի ուժերի շահեր, որոնք ձգտում են տարածաշրջանում Լիբանանը դարձնել հակամարտության նոր ասպարեզ, ինչպես դա եղել էր 1975 1989 թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ, Լիբանանում վերացնել կամ չեզոքացնել սիրիական գործոնը եւ ձեւավորել լիբանանա-իսրայելական զույգ: Բայց միչեւ օրս Իսրայելին չի հաջողվել իրականացնել նման գործողություն: «Հզբոլլահը», որը իրեն ներկայացնում է որպես Իսրայելի դեմ պայքարող գլխավոր ուժ, առաջվա պես հիմնական մտահոգիչ գործոնն է լիբանանա-իսրայելական հարաբերություններում: Ինչ վերաբերում է լիբանանա-իսրայելական սահմանում տեղի ունեցած վերջին զինված միջադեպերին, դրանք ծագել են եւ կծագեն ամենատարբեր առիթներով: Խնդիրն այն է, որ Լիբանանն այլեւս չի կարող Իսրայելի հետ հարաբերությունները կառուցել ոչ միայն մերձավորարեւելյան կարգավորման մյուս ուղիներից, այլեւ տարածաշրջանի մյուս ճգնաժամերից դուրս: Իսկ այդ խնդիրը հնարավոր է լուծել ոչ այլ կերպ, քան բազմակողմ ձեւաչափով: |