ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՍՐԱՅԵԼԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԳԻՐՔԸ Գ. Գ. Ermenihaber.am-ըՙ հղում անելով ahaber.com-ին, գրում է. «Թուրքական կայքերը շարունակում են ցավագին ընդունել աշխարհի տարբեր երկրնում Հայոց ցեղասպանությունն ապացուցող գրքերի հրատարակությունը: Իսրայելացի պատմաբաններ Նեննի Մորիսի եւ Դրոր Զեեւիի համահեղինակությամբ 2019թ. ապրիլի 24-ին լույս է տեսել «30 տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացումը (1894-1924թթ)» վերնագրով գիտահետազոտական գիրքը, որին անդրադարձել է նաեւ թուրքական մամուլը: Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան Հարվարդ համալսարանի հրատարակչությունը: Գրքում նշվում է, որ Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի Հանրապետության իշխանությունների հրամանով կոտորվել են շուրջ 4 մլն հայեր, հույներ եւ ասորիներ: Իսրայելացի հեղինակներն իրենց աշխատանքում օգտվել են այնպիսի հեղինակների աշխատություններից, ինչպիսիք են թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, ցեղասպանագետ Ռայմոնդ Գեւորգյանը, Գրիգորիս վարդապետ Պալաքյանը եւ թուրք պատմաբան Ֆուաթ Դյունդարը: Թուրքական աղբյուրը զարմանք է հայտնել, թե ինչու իսրայելացի հեղինակներն իրենց աշխատանքում շատ քիչ են օգտվել թուրքական աղբյուրներից: Իսկ գրքի հեղինակների խոսքովՙ բազմաթիվ թուրքական արխիվներ իրենց համար անհասանելի են եղել: Մասնավորապես նրանք ցանկացել են օգտվել «Թուրքիայի գլխավոր շտաբի ռազմական, պատմական եւ ռազմավարական հետազոտությունների արխիվից», սակայն վերջինս փակ է եղել հետազոտողների համար: |