RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 824, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԵԿՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Էրդողանի նկրտումները մասամբ իրագործվում են

Սիրիայի հյուսիս-արեւելքումՙ Եփրատից արեւելք, ամերիկյան եւ թուրքական զորքերի առաջին համատեղ պարեկությունը թուրքական որոշ հեռուստաալիքներ ցուցադրեցին ուղիղ եթերում, բայց որոշ ընդհատումներով: Պարեկությանը մասնակցում էին Թուրքիայի տարածքից Սիրիա բերված վեց զրահամեքենաներ:

Պատկերն այնքան էլ ոգեւորիչ չէր. քրդերի ինքնապաշտպանական ջոկատների թողած տարածքներում պարզապես ցուցադրվում էր ռազմական տեխնիկա: Այդուհանդերձ, հեռուստաալիքներից հրավիրված թուրք մեկնաբանները խոսում էին նախագահ Էրդողանի դիվանագիտական երկրորդ հաղթանակի մասին: Առաջինը նրանք համարում էին Էրդողանի այցը Մոսկվա: Այն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան, սիրիական բանակը միակողմանիորեն դադարեցրեց կրակը: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի խոսքերով, Մոսկվան Անկարային անվտանգության երաշխիքներ է տվել Իդլիբում:

Ինչ վերաբերում է Էրդողանի երկրորդ հաղթանակին, այն բաղկացած է մի քանի սյուժեներից: Թուրքիան, Եփրատից արեւելք ռազմական գործողություն սկսելու մտադրություն արտահայտելով, ճնշում գործադրեց ԱՄՆ-ի վրա: Օգոստոսի 7-ին կողմերը պայմանավորվեցին Սիրիայում համատեղ գործողությունների կենտրոն ստեղծելու մասին: Կենտրոնը զբաղվում է Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտու ձեւավորմամբ, որտեղ ենթադրվում է տեղաբաշխել Թուրքիայից վերադարձող սիրիացի փախստականներին: Բացի դրանից, դա պետք է պաշտպանական գոտի դառնա Թուրքիայի սահմանի մոտ: Ճիշտ է, Անկարան պահանջել էր, որ միայն ինքն իրականացնի անվտանգության գոտու վերահսկողությունը, բայց ապարդյուն: Անկարան դրսեւորեց միանգամից երկու հարթակներում խաղալու կարողություն, այն էՙ պաշտպանել Աստանայի գործընթացը եւ համաձայնության գալ ամերիկացիների հետ:

Ամերիկացիները հայտարարել են, որ մտադիր են բուֆերային գոտու ստեղծմանը մասնակից դարձնել նաեւ եվրոպացի գործընկերներին, ինչպիսիք են Ֆրանսիան եւ Գերմանիան: Դրանից հետո Թուրքիայի համար դժվար կլինի Եփրատից արեւելք միակողմանի ռազմական տեղաշարժեր իրականացնելՙ շրջանցելով ամերիկացիներին եւ մյուս գործընկերներին: Դրա արդյունքում, ինչպես գտնում է թուրք ռազմական վերլուծաբան Մեթին Գուրջանը, ստեղծվող գոտում ի հայտ կգան դիտորդական պահակակետեր ամերիկացի զինվորականների սեւեռուն ուշադրության ներքո, ինչպես որ դա իրականացվում է Իդլիբի շուրջը գոյություն ունեցող թուրքական տասներկու դիտորդական պահակակետերի նկատմամբ. այդտեղ վերահսկողություն է իրականացնում Դամասկոսը:

Օրերս Էրդողանն արել է կտրուկ հայտարարություն. «Այն պահին, երբ Թուրքիան վճռականորեն տրամադրված է Սիրիայի հյուսիսը մաքրելու ահաբեկչական խմբավորումներից, ԱՄՆ-ը ուզում է կառավարել միաժամանակ նրանց եւ մեզ: Թվում էՙ ԱՄՆ-ը ուզում է անվտանգության գոտի ստեղծել ոչ թե մեզ համար, այլ ահաբեկչական կազմակերպությունների համար»: Եվ Էրդողանը սպառնալի քայլ է կատարել:

«Կա՛մ դուք մեզ կօգնեք Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման հարցում, կա՛մ էլ մենք ստիպված կլինենք բացել մեր սահմանային անցակետերը: Կա՛մ դուք մեզ օգնություն եք ցուցաբերում, կա՛մ էլ ոչ ոք որեւէ բանի համար չպետք է ափսոսա: Մինչեւ որոշակի պահ մենք համբերել ենք, հիմա էլ ենք համբերում: Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանն ընկած սիրիական հողերը լինեն անվտանգ: Մենք պատրաստ ենք դե-ֆակտո այնտեղ անվտանգության գոտի ստեղծել մինչեւ սեպտեմբերի վերջին շաբաթը: Իդեալական կլիներ դա անել մեր ամերիկացի բարեկամների հետ, բայց եթե դա չհաջողվի, ապա ինքներս կանենք: Կա՛մ դա տեղի կունենա, կա՛մ էլ մենք ստիպված կլինենք փախստականների առջեւ բացել դեպի Եվրոպա տանող դարպասները»:

Առայժմ Անկարայի համար պարզ է հետեւյալը. Վաշինգտոնը իր համար սահմանափակել է մանեւրելու հնարավորությունները, քանի որ գտնում է, որ Սիրիայում միայն Անկարայի վերահսկողությունը չի ծառայի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ընդհանուր շահերին: Վարկածներից մեկի համաձայն, այս ամենը կշռադատված գործողության արդյունք է, որի նպատակն է Անկարային ավելի խորը ներքաշել Սիրիայի ճգնաժամի մեջ, ինչի մասին վաղուց երազում են դրանում շահագրգռված ուժերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ