ԱՆԿԱՐԱՅԻ ԵՌԱԿՈՂՄ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐԵԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ Հիմա նա սպասում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային, որ հանդիպի նախագահ Թրամփի հետ Սեպտեմբերի 16-ին Անկարայում հրավիրվեց եռակողմ գագաթաժողով, մասնակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի: Գագաթաժողովի օրակարգում առաջնահերթ խնդիրը Իդլիբում տեղակայված ահաբեկիչների ճակատագիրն էր: Շուրջ 10 ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Սիրիայի հյուսիս-արեւելքում նախատեսվող «անվտանգ» գոտու ձեւավորման ու Սահմանադրական կոմիտեի ստեղծման խնդիրներին: Թուրք քաղաքագետները նշել են, որ Անկարայի թվով 5-րդ գագաթաժողովը Թուրքիայի տեսանկյունից անցել է ապարդյուն: Ի դեպ, ապարդլուն էր անցել նաեւ Էրդողանի Իդլիբի հարցը Պուտինի հետ քննարկելու նպատակով օգոստոսի 27-ին Մոսկվա ձեռնարկած մեկօրյա աշխատանքային այցը: Ավելին, այդ այցն ընդամենը հանգեցրել էր Իդլիբի շուրջը Ռուսաստան-Թուրքիա տարաձայնությունների սրմանը: Անկարայի գագաթաժողովից հետո դրանք վերաճեցին հակասությունների եւ դա միանգամայն տրամաբանական էր: Ի՞նչ առումով: Այն, որ մինչ Էրդողանն ուղեւորվում էր Մոսկվաՙ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը, ռուսական օդուժի աջակցությամբ, լուրջ հարվածներ էին հասցնում Թուրքիայի հովանավորությամբ Իդլիբը վերահսկող ահաբեկչական կազմակերպություններին, որոնց թիվը Ան Նուսրայիՙ Հայաթ Թահրիր ալ Շամ վերանվանված տարբերակի գլխավորությամբ 20-ի է հասնում, ահաբեկիչներից հաջողությամբ մաքրում նահանգի հարավային շրջանները եւ պաշարում թուրքական զինուժին պատկանող 12 դիտակետերից կարեւորագույն 7, 8 եւ 9-րդը, ներառյալ թուրք զինծառայողներին, որոնց թիվը, համաձայն թուրքական աղբյուրների, հասնում է 200-ի: Հատկանշական էր, որ Իդլիբում Ասադի զորքերի ռազմական գործողությունների առնչությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեռեւս օգոստոսի սկզբներին է հայտարարել, թե դրանք չեն հակասում 2018-ի սեպտեմբերի 17-ին Թուրքիայի հետ ստորագրված Սոչիի պայմանագրին, ըստ որի թուրքական կողմը պարտավորվել էր Իդլիբից դուրս բերել ահաբեկչական բոլոր խմբավորումներին, իսկ Պուտինը օգոստոսի 19-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հետ հանդիպման ավարտին կազմակերված մամուլի ասուլիսում, դիմելով անուղղակի Էրդողանին, ասել էր. «Մեզ Սիրիա էր հրավիրել երկրի նախագահ Բաշար Ասադը, իսկ ձեզ ո՞վ հրավիրեց, որ ներխուժեցիք»: Սեպտեմբերի 16-ին Անկարա ուղեւորվելիս Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում էլ, ինչպես BBCին է նշում, նախագահ Ռոհանին է հայտարարել, թե ահաբեկիչները Իդլիբում դեռեւս գործում են, հետեւաբար անհրաժեշտ է շարունակել ռազմական գործողությունները նրանց դեմ: Նա դրանով փաստորեն ակնարկել է, որ Թուրքիան չի կատարում Սոչիում ստանձնած Իդլիբն ահաբեկիչներից մաքրելու առնչությամբ ստանձնած պարտավորությունը: Վերջիններիս դեմ պատերազմը շարունակելու հարցում Ռոհանիին Մոսկվայում հավելել է Պուտինը, վերահաստատելով դեռեւս Փարիզում արտահայտած իր դիրքորոշումը: Հարկ է նշել, որ Ասադի զորքերի ռազմական գործողությունները Իդլիբում շարունակվում էին նաեւ գագաթաժողովի ընթացքում: Ռուսական եւ իրանական կողմերի աջակցությունն այդ զորքերինՙ նմանապես: Այդ գործողություններն ու նախագահներ Ռոհանիի եւ Պուտինի դրանց շարունակմանն ուղղված հայտարարությունները դեռեւս գագաթաժողովի նախօրյակին շիկացրել էին եռակողմ հանդիպման մթնոլորտը, հիասթափությու պատճառելով Էրդողանին: Ստեղծված իրավիճակում ակնհայտ էր, որ գագաթաժողովն արդյունքների առումով, ինչպես թուրք քաղաքագետներն են նշել, ամենեւին չգոհացներ Էրդողանին: Նախքան գագաթաժողովի աշխատանքներին անդրադառնալը, նշեմ, որ Իդլիբն ունեցել էր 750 հազար բնակչություն: Ան Նուսրայի ճակատի հաստատումից հետո ընտանիքներով այնտեղ են ապաստանել ահաբեկիչների հոծ զանգվածներ եւ այդ թիվը ՄԱԿ-ի տվյալներով հասել է 3.5 միլիոնի: Վերջիններիս զգալի մասը Միջին Ասիայից են, Ադրբեջանից եւ հատկապես Չեչնիայից, Դաղստանից ու Ռուսաստանի այլ շրջաններից: Պուտինը խիստ դեմ է, որ ահաբեկիչները վերադառնան բնակության նախկին վայրեր, այսինքն Ռուսաստան, այդ իսկ պատճառով էլ պահանջում ոչնչացնել բոլորին կամ տեղափոխել Թուրքիա: Էրդողանը, որ ժամանակին հովանավորում էր սրանց, հայտվել է երկու քարի արանքում, մանավադ որ Թուրքիայում բնակվող սիրիացիների թիվը, որոնց մեջ քիչ չեն ահաբեկիչները, արդեն 4 միլիոնի է հասնում: Ընդունել նաեւ Իդլիբում տեղակայվածներին, Էրդողանի տեսանկյունից կնշանակի երկրում ինքնակամ համալրել ահաբեկիչներին, անկանխատեսելի հետեւանքներով: Ի՞նչ լուծում կգտնի այս հարցին Թուրքիայի նախագահը, դժվար է կռահել: Համենայն դեպս եռակողմ գագաթաժողովից առաջ Էրդողանն առանձնազրույց է ունեցել Իրանի, ապա Ռուսաստանի նախագահների հետ: Այնուհետեւ նա հյուրերին «Չանքայա» պալատում դիմավորելիս, որտեղ էր հրավիրվել եռակողմ հանդիպումը, առանց անգլերեն իմանալու, անգլերենով դիմել է Պուտինին, փոխանակ ասելու. «Ուրախ եմ կրկին հանդիպելու համար», ասել է. «I am so glad to make your acquaintance», այսինքն. «Շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար»: Ըստ երեւույթին նա մոռացել է, որ Պուտինը ԱՄՆ-ի նախագահը չէ եւ ինքը վաղուց է ծանոթ Ռուսաստանի նախագահին: Հանդիպումը, իհարկե դռնփակ էր, որի ընթացքում ընդունվել է ընդհանուր հայտարարություն, որտեղ կողմերը պարտավորվում են հարգել Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի սկզբունքները, մերժում են ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ նոր իրողությունների առաջացմանը միտված ամեն մի նախաձեռնություն, ընդգծում են, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում անվտանգությունն ու կայունությունը հնարավոր է ապահովել երկրի անվտանգության եւ տարածքային ամբողջականության հենքի վրա, բացառում են Սիրայի հակամարտության ռազմական միջոցներով կարգավորումը, պայմանավորելով դա միմիայն քաղաքական եղանակով, ինչպես նաեւ դատապարտում ԱՄՆ-ի Գոլանի բարձունքների առչությամբ ընդունած որոշումը, համարելով դա սպառնալիք տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար: Հանդիպման ավարտին կողմերը պատասխանել են լրագրողների հարցերին: Էրդողանն ասել է. «Ներկա պահին Սիրիայում արմատախիլ է արված Իսլամական պետության ահաբեկչությունը, հիմա այնտեղ ահաբեկչության գլխավոր օջախը PKK-է եւ դրա սիրիական մասնաճյուղը հանդւսացող Դեմոկրատական միասնություն կուսակցությունըՙ PYD-ն ու Ժողովրդի պաշտպանական ստորաբաժանումներըՙ YPG-ն են: Քանի դեռ այս կառույցները գոյությու ունեն, ոչ Սիրիայում, ոչ էլ տարածաշրջանում անհնար է հասնել խաղաղությանը: Եփրատի արեւելքում «անվտանգ» գոտի ստեղծելու մեր նախաձեռնության մասին իրազեկել եմ ինչպես մեծարգո Ռոհանիին, այնպես էլ մեծարգո Պուտինին: Ես նրանց ասացի, որ մենք մեր սահմանի երկանքով չենք հանդուրժելու ահաբեկչական որեւէ կազմակերպության գոյությունը: Մեր վերջնական նպատակը Սիրիայի հյուսիսում խաղաղության միջանցք ստեղծելով երկրի մասնատումը կանխելն է: Ես մեր երկու բարեկամին էլ բացատրեցի, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի հետ ցանկալի արդյունքի չհասնելու պարագային շրջանառության մեջ ենք դնելու գործողությունների մեր ծրագիրը»: Դա նշանակում է ռազմական գործողությունների իրականացում Սիրիայի հյուսիսում: Բայց ինչպե՞ս իրականացնել առանց ԱՄՆ-ի թույտվության: Հարցը, ըստ թուրք մեկնաբանների, պատասխան չունի: Հակառակ դրան Թուրքիան Սիրիայի հյուսիս արեւմուտքում թվակազմը պաշտոնական տվյալներով 11 հազարի հասնող զորքեր ունի, որոնք շարունակում են օկուպացված վիճակում պահել Աֆրինը, Ազազը, Ալ Բաբը եւ Ջարաբլուսը, էլ չենք խոսում Իդլիբի մասին: Էրդողանն այդ հարցերը շրջանցել է, փոխարենը, նկատի ունենալով PKK-ի գլխավորությամբ քրդական կազմակերպություննրին, ասել է, որ Սիրիայի տարածքի մեկ քառորդն առայժմ ահաբեկիչների ձեռքում են, սրանք նույնիսկ զինվորագրում են երեխաներին, ժողովրդին ստիպում զինվորագրվել եւ բռնություն իրագործում, առգրավելով մարդկաց ունեցվածքը: Նա խոսել է նաեւ Թուրքիա ապաստանած սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու մասին, պայմանավորելով վերադարձը «անվտանգ» գոտու ձեւավորման հետ: Իրանի նախագահ Ռոհանին օգտակար եւ կառուցողական է համաեւել եռակողմ հանդիպումը, անդրադարձել է Աստանայի գործընթացին, ապա շարունակելՙ «Երեք երկրներն էլ համամիտ են Սիրիային առչվող մի շարք հարցերում: Մենք բոլորս դեմ ենք Սիրիայի գործերին այլ երկրների միջամտությանը: ԱՄՆ-ն այս ընթացքում կամ աջակցել է ահաբեկիչներին, կամ էլ անտեղի միջամտել, հետապնդելով խիստ վտանգավոր նպատակներ: Նա Սիրիայի մի հատվածը տրամադրել է ագրեսորներին, որ մասնատի երկիրը: Երեք երկրների առաջնորդներս ընդգծել ենք ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Սիրիայի ժողովուրդը դեռ որքա՞ն պիտի հանդուրժի ահաբեկիչներին: Մի՞թե բավական չէին անցած 9 տարիները: Բոլորս էլ գիտենք, թե ո՞ր երկրներն են ֆինանսավորում ահաբեկիչներին, որո՞նքՙ զինում: Մենք պետք է պայքարենք նաեւ Իդլիբի ահաբեկիչների դեմ, որ օգնենք Սիրիային: Պայքարը պիտի շարունակել մինչեւ ահաբեկչական բոլոր կազմակերպությունների իսպառ չեզոքացումը»: Այնուհետեւ Ռոհանին անդրադարձել է Աստանայի գործընթացին եւ Սոչիի պայմանագրին, առանց շոշափելու պայմանագրով Թուրիայի ստանձնած պարտավորությունները: Նա ասել է, որ Իրանը հավանություն է տվել պայմանագրին, որպեսզի ահաբեկիչները դուրս բերվեն Իդլիբից եւ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող շրջաններում վերահաստատվի երկրի կառավարության գերիշխանությունը: Նախագահ Պուտինը եւս կառուցողական է անվանել Անկարայի գագաթաժողովը, ապա խիստ մտահոգիչ է համարել Իդլիբում տիրող իրավիճակը, ասել է որ իրենք Էրդողանի եւ Ռոհանիի հետ որոշել են լրացուցիչ քայլեր ձեռնարկել Իդլիբում: Թուրք քաղաքագետներից ոմանք, մասնավորապես «Հաբեր-թուրքի» Անկարայի գրասենյակի ղեկավար Բյուլենթ Այդեմիրն արեց հեռուստատեսության Էկրանից, երկերեսանիության մեջ մեղադրեցին Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, առավել եւս ՌԴ նախագահ Վլադիմիր Պութինին, պատճառաբանելով, թե Դեմոկրատական միասնություն կուսակցությունըՙ PYD-ն ու վերջինի ռազմական թեւը հանդիսացող Ժողովրդի պաշտպանական ստորաբաժանումներըՙ YPG-ն գրասենյակ ունեն Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում: Եթե ամփոփելու լինենք, ապա պետք է ասենք, որ Թուրքիայի, հատկապես նախագահ Էրդողանի տեսանկյունից ապարդյուն են անցել նաեւ, ինչպես վերջինի Մոսկվա կատարած այցությունն էր, Անկարայի գագաթաժողովի աշխատանքները: Էրդողանը հիմա սպասում է սեպտեմբերի վերջերին Նյու Յորքում նախատեսվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, որ դրա շրջանակներում հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: |