ԵՐԿՐԱՇԱՐԺ. ԷՊԻԿԵՆՏՐՈՆԸՙ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀՈԳԻՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս մասին ոչինչ չի ասում, բայց իրականում սարսափելի երկրաշարժը մեկ շաբաթ առաջ չէրՙ Հայաստան-Վրաստան սահմանային գոտումՙ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հարավ-արեւելք, ժամը 20:22-ին եւ էպիկենտրոնումՙ 6-7 բալ ուժգնությամբ: Երկրաշարժն ամեն օր էՙ սկսած անցյալ տարվա ապրիլ-մայիսից եւ բոլորիս տներում, նույնիսկ ներսումՙ կապ չունի նախկին իշխանության սեւ ստրուկ ենք, թե նորերի հետ ազատ թռչող ճերմակ... ճնճղուկ: Ցնցվում ենք բոլորս, եւ սա ազգային անվտանգության պակաս հարց չէ, քան սեյսմիկ ամրություն չունեցող մեր խարխուլ շենքերը, որտեղ ապագայի վերաբերյալ ամուր նպատակներն ենք գծագրում: Երեկ էլ, այսօր էլ հուսադրում ենք իրար, թե վաղը լավ է լինելու, բայց երեկ էլ, այսօր էլ չենք խոստովանում, որ ուրեմն այսօր լավ չէ: Ու չգիտեմ, թե ո՞ր չինացին է մեզ նզովել, բայց տպավորություն կա, որ ապրում ենք չինական մեծ նզովքի ծանրության տակ, որն իր թիրախին հավերժ փոփոխություններ է մաղթում, որ չկարողանա շունչ քաշել, ինչպես ԱԱԾ նախկին տնօրենն է ասումՙ կանգ առնել: Մինչդեռ կապ չունի քայլերը հանուն են, թե՞ ընդդեմ, ինչ-որ մեկին մերժելու կամ դիմավորելու համար են, կարեւորը կանգառն է: Որովհետեւ միայն այդ ժամանակ ես ոչ թե տեսնում, այլ զգում, որ կողքիդ մարդ կա: Քայլելիս չես զգում, քանի որ ուշադրությունդ բացառապես քո ճանապարհն է, թռչելիսՙ առավելեւս, լողալիսՙ նույնպես: Միայն կանգառում: Տեղապտույտն ու դափնիների վրա ննջելը խոչընդոտում են զարգացո՞ւմը, անշուշտ, բայց անդադար գլխապտույտը, հավերժի հասնող շնչակտուր վազքը, չդադարող անորոշությունը եւ անկանխատեսելիությունըՙ մի կողմից, եւ ժողովրդական սիրո ու հանդուրժողականության հսկայական կաթսայում բռնապետական ճաշացանկին համահունչ կերակուր պատրաստելըՙ մյուս կողմից, չե՞ն վտանգում մեր երկիրը չէ, մեր պետականությունը չէ, մե՛զ: Լավ, ո՞վ կարող է հանգիստ նստել, նույնիսկ ապրել մի տանը, որի բոլոր սենյակների դռները բաց են (չհաշվածՙ լոգարանինը), եւ որոնցից ամեն վայրկյան մի մարդ է դուրս գալիսՙ գոռալով, կապ չունի ինչ: Դուք գիտե՞ք, որ օրենսդիր իշխանության ամենացածր օղակներում աշխատող շատ խելացի ու սիրուն տղա-աղջիկները վախից ցնցվում են, որ հանկարծ չպարզվի, որ իրենք մյուսին Ազգային Ժողովի ճաշարանում հյուրասիրել են ու դա չհամարվի կոռուպցիոն մեծ շղթայի մի փոքրիկ օղակ: Իսկ գիտե՞ք, որ գործադիր իշխանությանՙ նույն ամենափոքր օղակներում ոչ պակաս սիրուն ու խելացի աղջիկ-տղաները կրկին ցնցվում են, որ հանկարծ վերեւում չիմանան, որ իրենք սեւ հագուստ կրող ընկերներ ունեն, որոնց հետ հաճախ են ուրբաթ երեկոները ոչ թե թավշյա հեղափոխության քաղցր արժեքները կիսում, այլ սովորական դառը գարեջուր եւ աղի պիստակ: Եւ վերջապես, դուք նայե՞լ եք դատական իշխանության ներքին օղակներում աշխատող պրոֆեսիոնալ տղա-աղջիկների ահալի աչքերին, երբ բացառապես սիրո կոչերով ու հանդուրժողական բառապաշարով փակում էիք դատարանների մուտք-ելքերը եւ մինչեւ օրս հայտարարում եք, թե դատարանները չեն արտահայտում ժողովրդի կամքը: Իսկ ինչո՞ւ պետք է արտահայտեն: Կամ եթե պետք է արտահայտեն, ինչո՞ւ են դատարանները մեզ պետք: Ամբաստանյալին կանգնեցնենք հրապարակում ու ժողովուրդը թող որոշիՙ կտրում ենք պարանոցի պարա՞նը, թե՞ տակի աթոռի ոտքը: Եւ ո՞ւմ բարի եւ սիրով լեցուն մտքում է հղացել այսքան մարդու ամեն օր ցնցումների մեջ պահելը կոչել պետականաշինություն եւ նախկին հանցավոր ռեժիմի թափթփուկ մնացորդներից մեր բազմաչարչար ժողովրդին ազատագրելու սուրբ գործողություն: Ո՞վ է այսքան ատում սեփական ժողովրդինՙ ապահովելով շարունակական երկրաշարժը, ընդ որումՙ ամենավտանգավորը բոլոր երկրաշարժերի մեջՙ ներքին ցնցումներով ուղեկցվող...Ես իսկապես չգիտեմ, թե ով է նա կամ ովքեր են նրանք: Բայց գիտեմ, որ ոչ թե իշխանական պատգամավորը, ոչ թե ՊՆ ղեկավարը, կա՛մ ոստիկանապետը, կա՛մ գլխավոր դատախազը, այլ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հեռանալիս ասել էՙ իմ հրաժարականը Կանգ ա՛ռ-ի սթափեցնող քայլ է: Եւ ուրեմնՙ հանուն ազգային անվտանգության քայլ: Այո՛, կանգառն էլ է քայլ, տվյալ պարագայումՙ հեղափոխական եւ իսկապես սիրո ու հանդուրժողականության տիրույթում: |