RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019



Տեղադրվել է` 2019-09-19 23:33:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1940, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԹԵ... ԸՆԴՈՒՆԱԿ ԵՆ...

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Ինչպես նախապես հաղորդվել էր, առաջին ատյանի դատավոր տիկին Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին հրապարակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ վճիռը: Դատարանը նպատակահարմար չգտավ բավարարել պաշտպանական կողմի բողոքըՙ ամբաստանյալին մինչեւ վերջնական դատավճռի կայացումը նախնական կալանքից ազատելու մասին:

Ես իրավաբան չեմ եւ չեմ կարող պնդելՙ Ռոբերտ Քոչարյանը իրեն մեղսագրվողՙ երկրի սահմանադրական կարգը տապալելու հանցանքը իրոք կատարել է, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանը ոչ թե հուզական մակարդակով պիտի հնչի, այլՙ օրինականորեն ուժի մեջ մտած դատավճռով:

Պաշտպանական կողմը պնդում է, թե նախնական կալանքը կիրառվել է զուտ քաղաքական նպատակներովՙ երկրորդ նախագահից դժգոհ մարդկանց բերանը փակելու, նաեւ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգության համար իրական մեղավորներից հասարակության ուշադրությունը շեղելու համար: Իսկ իրական մեղավորները, ըստ վաղուց շրջանառվող եւ օրըստօրե լայն ծավալ ստացող ասեկոսեների, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն են: Նրանք իրենց կողմնակիցների լայն աջակցությամբ կամա-ակամա շիկացրին երկրի ներքաղաքական իրադրությունը, զանգվածներին անհիմն կերպով առաջնորդեցին հակապետական ընդվզումների: Հենց դա՛ հրահրեց պետական մարմինների կոշտ հակազդեցությունը:

Այդպես է, թե՞ այդպես չէՙ կարող է պարզել միայն արդարացի, անկողմնակալ դատավարությունը, ոչ թե այն էժանագին աղմկարարությունը, որ միտումնավոր բարձրացվել ու դեռ, անկասկած, կբարձրացվի այս խնդրի շուրջ: Կարծիք կա, որ նույնիսկ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի օրերս տված հրաժարականի իրական պատճառը ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործի ընթացքն է, այլեւ ընդհանրապես դատական համակարգի, այդ թվում նաեւ Սահմանադրական դատարանի նկատմամբ վարչապետի հանձնարարություններին համաձայն չլինելը: Պատահական չէ, որ հեռանալիս պարոն Վանեցյանը ակնհայտորեն վարչապետին ուղղված «կանգ առնելու» հորդոր ուղղեց: Ստեղծված պայմաններում Քոչարյանին դեմ տրամադրվածները կձգտեն հանրությանը համոզել, թե գործադիր իշխանության ներկայացուցիչերը, այդ թվում վարչապետ Փաշինյանը, ասում էին, որ չեն խառնվում դատական իշխանության ներքին գործերին: Ահա եւՙ չխառնվեցին: Եվ դատարանը, խնդրեմ, իբր առանց որեւէ ճնշմանՙ մեղադրյալին թողեց նախնական կալանքի տակ:

Թույլ տվեք... այդ հեքիաթին չհավատալ: Ով-ով, սակայն վարչապետ Փաշինյանը սեփական ձախողումների մեղքը ուրիշների ուսերին բարդելու ակնհայտ տաղանդ ունի: Միեւնույն է, ինչքան էլ կռնակին պառկեցնեսՙ ոտքի կթռչի ու «կապացուցի», որ ոչ թե դու, այլՙ ի՛նքն է քեզ քոթակել: Հազիվ թե այնքան ազնիվ գտնվի, որ խոստովանի, որ ե՛ւ ինքը, ե՛ւ իր հետ իշխանության եկած բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը ամենաբազմազան միջոցներով դատավորին հասկացնում էին, որ Քոչարյանին թողնի նախնական կալանքի տակ: Թե դա ի՞նչ հետեւանքներ կունենա երկրի համար, այդ թվում նաեւՙ աշխարհաքաղաքական գործոնները հաշվի առնելով, կտեսնենք միայն ապագայում: Հնարավոր էՙ նույնիսկ ոչ այնքան հեռու ապագայում: Դեռ հարց է, թե վաղը երկրորդ նախագահի հանդեպ քրեական հետապնդում նախաձեռնած եւ իրականացրած մարդիկ իրենք խուսափելո՞ւ են պատասխանատվությունից, թե՞ ոչ:

Այնուամենայնիվ, ինչպես «Ազգի» իմ նախորդ հրապարակման մեջ էի նշելՙ երկրորդ նախագահին նախնական կալանքից ազատելը կարող էր փրկօղակի դեր կատարելՙ ներկայիս իշխանությունների կյանքը երկարաձգելու համար: Սակայն դատարանի սեպտեմբերի 17-ի որոշումը եկավ հարցականի տակ դնելու այդ հնարավորությունը: Ափսո՜ս: Որովհետեւ մինչեւ ե՞րբ պետք է ներկա իշխանությունները աշխատելու փոխարենՙ հայհոյեն նախորդներին, պատճառաբանություններ հորինեն իրենց ձախողումները արդարացնելու համար: Վաղուց հարկավոր է անցյալի դեմ մղվող պատերազմին վերջ տալ, ձերբազատվել նախորդների հնարավոր վերադարձի սարսափից եւ ձեռքերը քշտած ձեռնամուխ լինել ապագայի կառուցմանը: Եթե... ընդունա՜կ են...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ