RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019



Տեղադրվել է` 2019-09-19 23:33:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1537, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՅԱՆՔԸ ՀԻԱՍՔԱ՞ՆՉ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դատելով Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան գրառումների հաճախականությունից եւ դրանց բովանդակությունից, Հայաստանի բոլոր քաղաքացիներըՙ անկախ տարիքից, սեռից ու քաղաքական-կրոնական հայացքներից, Ֆեյսբուքի օգտատեր են, քանի որ պարոն Փաշինյանը վստահ է, որ Ֆեյսբուքի իր գրառումները հասնում են ինչպես երեւանյան գրասենյակում հավաքարար աշխատող 50-ն անց կնոջը, այնպես էլ այս կնոջ հետ ոչ մի կապ չունեցող սահմանամերձ գյուղի բնակիչ 80-ն անց Ղեւոնդ պապիկին, որն ըստ գյուղում տարածված լեգենդի, մի բահով 4 գերմանացի եւ 7 թուրք է սպանել: Ինչ վերաբերում է վարչապետական գրառումների բովանդակությանը, ապա Հայաստանում տեղի ունեցողը հիշեցնում է օսկարակիր իտալացի Ռոբերտո Բենինիի ֆիլմը. այո, պատերազմ կա, բայց կյանքը հիասքանչ է: Օրինակ, Փաշինյանն իր էջում, որպես նոր Հայաստանը բնութագրող կարեւորագույն ցուցանիշ, նշել է, որ ԵՄ երկրներում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 2019-ին դարձել էՙ 1815, սա այն պարագայում, երբ 2018-ին ԵՄ-ից ապաստան է հայցել ՀՀ 2475 քաղաքացի, իսկ 2017-ինՙ 3250-ը: Փաշինյանը ճիշտ է, չի ասել, որ 2019 թվականը դեռ ընթացքի մեջ է ու շատ հնարավոր է, որ տարեվերջին ԵՄ-ից ապաստան հայցած քաղաքացիների թիվը կրկնապատկվի, օրինակՙ կտա-կանցնի անգամ 2017-ի ցուցանիշը, ինչն ի դեպ շատ հավանական է, հաշվի առնելով նախկին իշխանության ներկայացուցիչների եւ նրանց համակիրների հանդեպ նորերի տածած անհագուրդ ատելությունը ու անհանդուրժողականությունը (սրանքՙ սեր եւ ատելություն բառերի հականիշներն են ուղղակի), բայց սա կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ վարչապետի հիշյալ գրառումը, հայտնվելուց 17 րոպե անց, արդեն ստացել էր շուրջ 400 մարդու հավանությունը, որոնցից ոմանք, ի դեպ, հանգիստ նստած են ԵՄ երկրներում գտնվող իրենց տներում:

Անկեղծ ասածՙ ակտիվորեն հետեւելով վարչապետի ֆեյսբուքյան էջին, որն արդեն հասկացանք, ավելի հաճախ է թարմացվում, քան կառավարության կամ վարչապետի անձնական-պաշտոնական կայքէջերը, տպավորություն եմ ստանում, որ պարոն Փաշինյանի հետ տեղի է ունենում այն, ինչի համար նա մեղադրում էր Սերժ Սարգսյանին: ՀՀ վարչապետը չի տիրապետում իրավիճակին, գնալով ավելի ու ավելի խճճվող իրավիճակին եւ գնալովՙ ավելի ու ավելի շատ: Եթե տիրապետեր, ապա կիմանար, որ եթե Հանրապետության ԱԱԾ տնօրենը հրաժարական է տալիսՙ դուռը հետեւից չրխկացնելով, եթե Հանրապետության ոստիկանապետն ազատվում է աշխատանքից, ապա չի կարող Հանրապետության վարչապետը որեւէ բան չասել ՀՀ քաղաքացիներին, այն քաղաքացիներին, որոնք նրա սուրն են ու վահանըՙ միաժամանակ: Ավելին, առնվազն աբսուրդ է, երբ ԱԱԾ տնօրենի, ապաեւ ոստիկնապետի պաշտոնանկություններից հետո երկրի Ազգային անվտանգության խորհուրդի նիստ է հրավիրվում, որին մասնակցած ԱԺ նախագահն ու ՊՆ ղեկավարը հայտարարում են, թե նիստում ոստիկանապետի պաշտոնանկությունը չեն շոշափել: Պարոնայք, բա ի՞նչ եք շոշափել, եթե հաշվի առնենք, որ ձեր հավաքի օրը ոչ ԱԱԾ-ն տնօրեն ունի, ոչ էլ ոստիկանությունըՙ պետ: Գուցե Երեւանի ա՞ղբը, որը մեկ անգամ տեսնողը Երեւանն ամենեւին էլ չի համարի արժանապատիվ ու հպարտ քաղաքացիների մայրաքաղաք:

Իրավիճակն իրականում ավելին քան լուրջ է: Մանավանդ, երբ հիշում ենք, թե ի՞նչ օրինագիծ է մութ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» բերել ԱԺ եւ արդեն իսկ առաջին ընթերցում միաձայն անցկացրել: Ըստ դրա, օրինակ, ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել 25 տարեկան լրացած ՀՀ որեւէ քաղաքի, կարեւոր չէ, որ նա ԱԱԾ-ի մասին գիտի միայն այն, որ այն գտնվում է Նալբանդյան փողոցում: Նույնըՙ ոստիկանապետը, որի պաշտոնին հավակնողները եւս պարտադիր չէ, որ համակարգում ծառայած լինեն, նրանք պարզապես պետք է համապատասխանեն ԱԺ պատգամավորի համար պահանջվող սահմանադրական չափանիշներին:

Բայց այս ամենի մասին ՀՀ վարչապետը Ֆեյսբուքում գրառում չի արել: Նորմալ է. կարեւորն այն է, որ ԵՄ երկրներից ավելի քիչ ենք ապաստան հայցել այսՙ դեռեւս չավարտված տարում: Սա էլ է նորմալ. չէ՞ որ կինոն անչափ հետաքրքրական է եւ բոլորս այստեղ հանգիստ նստած սպասում ենք, թե ինչպես է այն ավարտվելու: Ես մի տարբերակ ունեմ, բայց չեմ ասի, թող Սորոսի հիմնադրամը փող հատկացնիՙ սցենարի զարգացման համար, նոր կասեմ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ