ՏԽՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԾԵԼ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ «Երկար տարիներ իմ «հարեւանին» համարում էի կարիքի մեջ եղած անձնավորություն: Միայն 1985-ին էր, երբ Բոստոնում ներկա գտնվեցի Հայոց ցեղասպանությանը նվիրված մի գիտաժողովի, ուր հանդիպեցի հայ վերապրողների, նրանց զավակների եւ թոռների, որոնք ինձ պատմեցին այդ ողբերգական պատմության մանրամասնությունները: Եվ այնտեղ էր, որ առաջին անգամ սեղան նստեցի մի խումբ հայերի հետ, որոնք սկսեցին հայերեն երգեր երգել, երգերՙ տխուր, բայց քաղցր, երգեր ի խորոց սրտի, որոնք արցունքներ էին խլում նրանց աչքերից: Չէի պատկերացնում, որ 1990 թվի ապրիլի 24-ին Երեւանում կանգնելու էի հայոց զոհերի հուշահամալիրի առաջ եւ ես էլ էի լացելու: Բայց լացելն ու տխրությունը, կամ բարկությունը բավական չեն: Դրանք պետք է վերածվեն վճռականության եւ գործողությունների», նշել է դոկտ. Ռոջեր Սմիթը , որն 1990-ի այդ օրվանից ի վեր իր կյանքը նվիրել է Հայոց ցեղասպանության ճանաչման ակադեմիական աշխատանքներին: Ռոջեր Սմիթը Զորյան ինստիտուտի նախագահն է, Վիրջինիայի Ուիլյամ եւ Մերի քոլեջի կառավարման բաժնի վաստակավոր դասախոս: Դասավանդում է Ցեղասպանության համեմատական ուսումնասիրություն առարկան: Համահիմնադիրներից է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի, որի նախագահն էր որոշ ժամանակ: Հոդվածներով եւ զեկուցումներով հանդես է եկել Մ. Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում եւ Հայաստանում: 2003-ից Զորյան ինստիտուտի բաժիններից մեկիՙ Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի ծրագրերի տնօրենն է եւ գլխավոր խմբագիրը ցեղասպանությունների ուսումնասիրությանը նվիրված ակադեմիական պարբերականի, որ հրատարակվում է Տորոնտոյի համալսարանի հրատարակչատան համագործակցությամբ: Նրա վաստակի գնահատման շրջաբերականում նշված է, որ իր ամենաազդեցիկ նվաճումներից է Վուլֆգանգ Գուստի մասին գրքի հրատարակումը: Գերմանական արտգործնախարարության 1915-16 թվերի արխիվների նյութերի հրապարակումը մեծ դեր է խաղացել Գերմանիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 2016 թվի հունիսի 2-ի հայտարարության գործում: Զորյան ինստիտուտ այցելելիս, Գերմանիայի «Կանաչների միություն» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հաստատել է, որ Գուստի հատորը վճռորոշ նշանակություն է ունեցել, որովհետեւ «առաջին անգամ է, որ մենք ծանոթացանք այդ արխիվային նյութերի հետ, որոնք Հայոց ցեղասպանությանը վերաբերող ամենալավ պահպանված արձանագրություններն են աշխարհում»: Պրոֆ. Սմիթի մասնագիտական հմտությունները մեծապես նպաստել են ցեղասպանագիտության բնագավառում իրազեկման ընդարձակմանը: Ավելացնենք, որ Զորյան ինստիտուտի առաջիկա ծրագրերում Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ «Հայաստանի վերափոխումը համեմատական կոնտեքստում: Ժողովրդավարության վերսկսումը» թեմայով երկօրյա գիտաժողովի անցկացումն է, որը նախատեսված է առաջիկա նոյեմբերի 14-ին եւ 15-ին: Քննարկվելու է «թավշյա հեղափոխության» մեկուկես տարվա ձեռքբերումները: |