ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻՆ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ Բայց թյուրիմացաբար ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ... արհեստական վիժեցումն արգելող օրինագծի համար Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների 405-11 հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւը, որտեղ ճանաչմանը զուգահեռ Ցեղասպանության ժխտման դեմ միջոցներ ձեռնարկելու, կրթական ծրագրերով Ցեղասպանության մասին իրազեկվածությունը խրախուսելու եւ դրա հանրային ընկալումը բարձրացնելու կոչ է արվում Միացյալ Նահանգների կառավարությանը: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատի օրակարգ են ներկայացրել դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ու հանրապետական Գուս Բիլիրակիսը: Քվեարկությունից առաջ ելույթ են ունեցել մի քանի տասնյակ կոնգրեսականներ: Նախքան ելույթներին անդրադառնալը նշենք, որ նման բանաձեւերն առհասարակ Ներկայացուցիչների պալատի օրակարգ են մտնում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատվելուց հետո: Այս անգամ, սակայն, թուրքական աղբյուրների վկայությամբ, Ցեղասպանության բանաձեւը օրակարգ է մտել ուղղակի, առանց հանձնաժողովի հաստատման: Գալով ելույթներին, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին «Այսօր մեծ օր է Կոնգրեսի համար: Եկեք հենց այսօր պարզորոշ ցույց տանք, որ կատարված հանցագործությունն ակնհայտ ցեղասպանություն էր, ռասայական բնաջնջման ոճիր, որը մենք որպես ազատատենչ ժողովուրդ, բարոյապես պարտավոր ենք ճանաչել» խոսքերով կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը, ապա երախտագիտություն է հայտնել բանաձեւի համահեղինակներին, որոնցից Ադամ Շիֆն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության փաստը որեւէ կասկած չի հարուցում, երբեք ուշ չէ ճանաչել ցեղասպանության այդ փաստը: Մեծամասնության ղեկավար, դեմոկրատ կոնգրեսական Սթենլի Հոյերն իր ելույթում ափսոսանք է հայտնել, որ Թուրքիան չի հետեւել Գերմանիայի օրինակին եւ չի ճանաչել Ցեղասպանությունը: Հոյերի օրինակին հետեւել են Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը , արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելն ու բազմաթիվ այլ կոնգրեսականներ: Նույն օրը Ներկայացուցիչների պալատը 403 կողմ, 16 դեմ ձայներով ընդունեց մեկ այլ օրինագիծ, որով հավելյալ պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի նկատմամբՙ Սիրիայի քրդական ուժերի դեմ գործողություններ ծավալելու համար: Դրանք նախատեսում են սառեցնել նախագահ Էրդողանի, նրա կնոջ, երկու որդիների եւ դուստրերի, փեսաներով հանդերձ, ունեցվածքն ու բանկային հաշիվներն ԱՄՆ-ում: Օրինագիծն ընդունվելուց հետո պետքարտուղարն արդեն, խորհրդակցելով պետական գանձարանի նախարարի եւ ազգային անվտանգության պետի հետ, պարտավորվում է 120 օրվա ընթացքում պատրաստել Էրդողանի եւ նրա ընտանիքի ունեցվածքի, եկամուտի աղբյուրների եւ գործարար հարաբերությունների մասին համապատասխան զեկուցագիր: Օրինագծով պատժամիջոցներ են նախատեսում նաեւ Էրդողանի տեղակալի, Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի, պետգանձարանի եւ ֆինանսների եւ այլ նախարարներին, պահանջելով ԱՄՆ-ի նախագահից ուժի մեջ դնել դրանք: Քվեարկությունից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը , որակելով պատմական, ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը Ներկայացուցիչների պալատում: Ողջունելու առումով ՀՀ վարչապետին է միացել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Բանաձեւի ընդունման առնչությամբ մեծ ոգեւորություն է ապրել ամիրակահայ համայնքը: Հակառակ դրան, այս բանաձեւը բուռն հակազդեցություն է առաջ բերել Թուրքիայում: Դա ընդունելու համար Ներկայացուցիչների պալատին խստագույնս դատապարտել են Թուրքիայի նախագահ Էրդողանը , նրա խոսնակ Իբրահիմ Քալընը , նախագահի տեղակալ Ֆուաթ Օքթայը , նախագահականի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթդին Ալթունը , արտգործնախարարության գլխավորությամբ մի շարք նախարարություններ, խորհրդարանական բոլոր կուսակցությունները, բացառությամբ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, ինչպես նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողովըՙ Մեջլիսը: Նախագահ Էրդողանը ամոթալի համարեց Ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունելու Ներկայացուցիչների պալատի որոշումը, ասաց, որ դա իրենց համար որեւէ արժեք չի ներկայացնում, ուստի չեն ճանաչում: Խոսնակ Քալընը բանաձեւը որակելով «պատմությունը քաղաքական նպատակներին ծառայեցնելու ամենաամոթալի օրինակներից մեկը, Թուրքիային ցեղասպանության մեջ մեղադրողներին հորդորեց հետահայաց նայել իրենց արյունալի անցյալին: Արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասաց, որ չարաչար սխալվում են նրանք, ովքեր բանաձեւի միջոցով փորձում են վրեժ լուծել իրենցից: Դատապարտելով հանդերձ բանաձեւի ընդունումը, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն միաժամանակ քննադատեց Էրդողանին, որ ժամանակին չի դիմել կանխարգելիչ միջոցների: Ինչ վերաբերում է Մեջլիսին, ապա նա էլ համատեղ հայտարարությամբ բանաձեւը մերժեց, համարելով դա անհիմն, ինչպես նաեւ պատմական իրողությունները մթագնող փաստաթուղթ: Բանաձեւը դատապարտող նույն կարգի հայտարարություններով հանդես եկան նաեւ թուրք պետական այլ գործիչներ: Հետեւաբար հարկ չեմ համարում անդրադառնալ նրանց: Բայցեւայնպես չեմ կարող չնշել Թուրքիայի արտգործնախարարության նամակի մասին: Նախարարությունը, նախարար Չավուշօղլուից անկախ, փորձել է առանձին նամակով դատապարտել Ներկայացուցիչների պալատին, բայց թյուրիմացության պատճառով Հայոց ցեղասպանության բանաձեւը դատապարտելու փոխարեն դատապարտել է «արհեստական եղանակով պտուղի վիժեցումն արգելող» բանաձեւը: Ինչպե՞ս: Հարցին հոկտեմբերի 30-ին կայքեջում պատասխանել է ընդդիմադիր «Halk TV» հեռուստաալիքը: Ինտերնետային այդ նամակն արտգործնախարարությունը Ներկայացուցիչների պալատ է հղել հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից անմիջապես հետո: Դրա տեղ հասնելու պահին Պալատում քննարկվել է «արհեստական եղանակով պտուղի վիժեցումն արգելող» HR 269 բանաձեւը, իսկ Ցեղասպանության բանաձեւի կոդը H.Res 296 էր, որն էլ մտադիր էր դատապարտել նախարությունը : Քանի որ նամակում H.Res 296 կոդի տեղը նշվել էր HR 269 կոդը, ուստի նախարարությունն ակամա դատապարտել է վիժեցումն արգելող բանաձեւը: «Halk TV» հեռուստաալիքը միաժամանակ նշում է, որ այս նամակը նույնությամբ տեղադրվել էր արտգործանախարարության կայքէջում, օրվա մեջ, սակայն, սխալն ուղղեցին: Ակամա հարց է ծագում, ո՞րն է լինելու բանաձեւի ընդունման հաջորդ քայլը: Ընդունված կարգի համաձայն դա պետք է ներկայացվի Սենատին: Թեեւ նախագահական համակարգը ԱՄՆ-ում նախագահին տալիս է վետոյի իրավունք, սակայն Կոնգրեսի երկու պալատներում եթե որեւէ բանաձեւ ստանում է ձայների բացարձակ մեծամասնությունը, այսինքն ավելի քան 2/3-րդը, այդ դեպքում նախագահի վետոն կորցնում է ուժը: Այս մասին նշել են «Eeuronews-ը», «Halk TV-ին» եւ թուրքական այլ կայքէջեր: Համաձայն դրանց, 435 տեղանոց Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են կազմում դեմոկրատները, իսկ 100 տեղանոց Սենատումՙ հանրապետականները: Հայոց ցեղասպանության բանաձեւը Պալատում ստացել է 405 ձայն, թեեւ 290-նն էլ բավական էր, եթե Սենատում ստանա առնվազն 67 ձայն, ապա այստեղ եւս ընդունվելու է եւ վավերացման համար ներկայացվելու ԱՄՆ նախագահին: Վերջինս 10 օրվա ընթացքոիմ պարտավոր է ստորագրել բանաձեւը կամ մերժել: Մերժելու դեպքում Կոնգրեսը գումարում է երկու պալատների համատեղ նիստ, ձայների բացարձակ մեծամասնությունը ստանալու պարագային բանաձեւը Կոնգրեսում հաստատվում եւ առանց նախագահի վավերացման ստանում է օրենքի ուժ: Որքան էլ Սենատում մեծամասնություն ունենան հանրապետականները, մասնագետների կարծիքով նախագահ Թրամփի ազդեցությունը նրանց վրա խիստ թույլ է: Այլ կերպՙ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ներկայացուցիչների պալատում հաստատված Ցեղասպանության բանաձեւը կհաստատի նաեւ Սենատը եւ դա, անկախ Թրամփից, օրենքի ուժ կստանա: Հարկ է սակայն նշել, որ շոշափելի արդյունքը դեռեւս հսկայական ջանքեր է պահանջում Հայաստանից: Ցեղասպանության ճանաչումը արդյունքի առումով ավելի քան բարդ խնդիր է, ըստ երեւույթին համապարփակ մոտեցում է պահանջում: Առաջին փուլում միջազգայնացվում է Ցեղասպանության ճանաչումը: Երկրորդ փուլում փորձ է արվում քրեականացնել արդեն միջազգայնորեն ճանաչված Ցեղասպանության ժխտումը, իսկ երրորդ փուլում հասնել ցեղասպանության հետեւանքների վերացման հարցի միջազգայնացմանը: Հայաստանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով շոշափելի հաջողությունների է հասել: Ներկայացուցիչների պալատի Ցեղասպանությունը ճանաչելու որոշումը, ըստ ամենայնի, նոր թափ կհաղորդի ճանաչման գործընթացի ծավալմանը, եւ հաջողությունները կդառնան ավելի շոշափելի: Որոշակի տեղաշարժեր արձանագրվել են նաեւ Ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու առումով: Եթե հաջողվի զարգացնել ձեռքբերումները, միանգամայն հնարավոր է, որ հայտնվենք Ցեղասպանության հետեւանքները միջազգայնացնելու փուլի շեմին: |