RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2019-10-31 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2946, Տպվել է` 164, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «ԱԶԳ»Ի ԳՈՐԾՈՎ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ

«Ազգ»ի 2019 թ. հունիսի 21-ի համարում հրապարակվել էր թերթի երիտասարդ աշխատակիցներից Գեւորգ Գյուլումյանի հոդվածը «Սորոսյան հիմնադրամը չի կարող կրթել հայ երեխային» վերտառությամբ, որտեղ հեղինակը անդրադարձել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կազմակերպած ամառային դպրոցին, որի իրականացումը վստահվել էր ՄԱԿ-ի պարենի ծրագրին եւ «Բաց հասարակության հիմնադրամին», որն առավել ծանոթ է «Սորոսի հիմնադրամ» անունով: Հոդվածագիրը այդ մասին տեղեկացել էր ՀՀ կրթության նախարարության պաշտոնական կայքէջից եւ իր մտահոգությունն էր հայտնել, նաեւ վրդովմունքը, որ երեխաների կրթությունը վստահվում է օտար եւ որոշ երկրներում իր կասկածելի գործունեության համար արգելված մի կազմակերպության, որիՙ այսպես կոչված սեռադաստիարակչական բնույթի ձեռնարկները մերժվել են մեր լայն հասարակության կողմից: Մեր հոդվածագրի գլխավոր թիրախը, սակայն, ոչ թե սորոսական կազմակերպությունն էր, որին բնութագրելու համար Գ. Գյուլումյանը չի խնայել իր կապարճի մեջ գտնվող նետերը, այլ կրթության նախարարությունը, որը հայազգի երեխաների կրթությունը վստահել է լայն հասարակության կողմից ապազգային համարվող այդ կազմակերպությանը:

Եվ ինչպես վերջերս հաճախ է պատահում, ամառային ճամբար-դպրոցի կազմակերպիչ նախարարության փոխարեն «Ազգ»ի հրապարակմանը արձագանքելու պարտականությունն իր վրա է վերցրել ծրագրի գործադրողը (հավանաբար նաեւ ֆինանսավորողը), «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, որը հուլիսի 18-ին դիմում է ներկայացրել ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնինՙ մատնանշելով, որ մեր թերթը խախտել է «Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքները», որոնցից առանձնացրել է հատկապես այն, որ հոդվածագիրը չի էլ փորձել ճշտումների համար կապվել Հիմնադրամի ու նրա ներկայացուցիչների հետ :

Ու քանի որ «Ազգ»ը ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության անդամներից է եւ ստորագրել է «Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը», Դիտորդ մարմինը, առաջնորդվելով իր աշխատակարգով, հուլիսի 18-ին տեղեկացրել էր «Ազգ»ի գլխավոր խմբագրին, որ պատրաստվում է քննել Դավիթ Ամիրյանի բողոքը, սակայն «քննության անաչառությունն ապահովելու համար Դիտորդ մարմինը կցանկանար ստանալ (խմբագրի) պարզաբանումները»:

Խմբագիրն ու հոդվածագիրը, հարգելով Դիտորդ մարմնի անաչառության ձգտումը, նաեւ ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության անդամիՙ թերթի պարտականությունը, հուլիսի 29-ին գրավոր պարզաբանումներ էին տվել եւ մասնավորաբար նշել, որՙ

ա) Ամառային դպրոցի ծրագրի վերաբերյալ կարիք չկար որեւէ մեկի հետ կապվել ճշտումների համար, քանի որ այդ մասին առանձին հաղորդագրությունը հրապարակվել էր ՀՀ կրթության նախարարության պաշտոնական կայքում:

բ) Հոդվածագիրը խնդրին անդրադառնալիս ընտրել է հրապարակախոսական ժանրը, որտեղ, ինչպես ընդունված է, փաստական նյութի ու մեկնաբանության տարանջատումը պարտադիր չէ:

գ) Սորոսականության վերաբերյալ հոդվածագրի ու թերթի կարծիքը համահունչ է Հայաստանում գոյություն ունեցող հասարակական կարծիքին, ինչպես նաեւ սեռային շեղումների, ապազգայնության եւ գլոբալիզացիայի վերաբերյալ «Բաց հասարակության հիմնադրամի» ու նրա անդամների քարոզչագործնական փաստերից ստացված հասարակական ու մամուլի տպավորությանը:

Հոկտեմբերի 23-ին «Ազգ»ի խմբագրությունը ստացավ Դիտորդ մարմնից իր վարույթում գտնվող գործի քննության արդյունքըՙ 7 էջ: Ստորեւ հրապարակում ենք նյութի Եզրակացության բաժինըՙ շեղատառ: Ինչպես պիտի տեսնի ընթերցողը, Դիտորդ մարմինը հաստատել է բողոքող կողմի պնդումը, թե մեր հրապարակման մեջ առկա են «Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի պահանջների հետ մի շարք հակասություններ», եւ, վերջում, փաստորեն, բողոքող կողմին հորդորել է օգտվել օրինական կարգով «պատասխանի հրապարակման իր իրավունքից»:

Խմբագրությունս, որը երբեւիցե բարդույթ չի ունեցել պատասխանի իրավունք եւ անգամ հերքում հրապարակելու հարցում, նորից կրկնում է իր նախապայմանը, որը ներկայացրել էր Դիտորդ մարմնինՙ պրն Դավիթ Ամիրյանի պատասխանը կամ հերքումը հրապարակելու համարՙ ապացուցել, որ Սորոսի հիմնադրամը չի քաջալերում, չի քարոզում, չի խրախուսում միասեռականությունը, սեռափոխությունը, սեռական բնականոն հարաբերությունից մյուս շեղումները: Խմբագրությունը կողմ է այդ եւ նման շեղումներ ունեցող մարդկանց անձնական կյանք ունենալու ազատությանը, իրավունքին: Բայց դեմ է դրանց պրոպագանդմանը, հատկապես ու մանավանդ դեռահասների շրջանում եւ այն համարում է բռնություն երեխաների նկատմամբ, ինչը արգելվում է օրենքով:

Այս առիթով ասպարեզ ենք հրավիում պրն Դավիթ Ամիրյանին որեւէ լրատվամիջոցով հրապարակավ հայտարարել, որ իր ներկայացրած կազմակերպությունը չի քաջալերում եւ անչափահասների շրջանակում չի քարոզում սեռական շեղումներ, եւ հերքելու անհերքելին:

Վերջումՙ մեկ խոսք Դիտորդ մարմնի այն անդամներին, ովքեր տարիներ ու տասնամյակներ շարունակ օգտվել եւ օգտվում են «Բաց հասարակության հիմնադրամի» դրամաշնորհներից: Պարկեշտությունը պահանջում էր, որ նրանք ձեռնպահ մնային այս գործի քննությանը մասնակցելուց: Ավելի քան ակնհայտ է, որ այստեղ շահերի բախում կա, ավելի ճիշտՙ շահերի համընկնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինըՙ

- ընդունելով «Ազգ» թերթի գլխավոր խմբագրի մեկնաբանությունը, որ խմբագրությունը պարտավոր չէ պաշտոնական կայքից վերցված տեղեկությունը այլ աղբյուրից ճշտել, եւ որ հոդվածի հրապարակախոսական բնույթը ենթադրում է նաեւ որակումներ եւ հեղինակի կարծիքի արտահայտում,

- հիշեցնելով, որ լրատվամիջոցների առաքելությունը ոչ միայն տեղեկություններ եւ գաղափարներ տարածելն է, այլ նաեւ դրանք վերլուծելը, մեկնաբանելը,

- նկատի առնելով, որ իր հիշյալ առաքելությունն իրակացնելիս, այսուհանդերձ, հարկ է օգտագործել պատշաճ բառապաշար, զերծ մնալ պիտակավորումներից, որպես վիրավորանք ընկալվող արտահայտություններից եւ ձեւակերպումներից,

արձանագրում է.

«Ազգ» շաբաթաթերթի 2019թ. հունիսի 21-ի համարում հրապարակած Գեւորգ Գյուլումյանի «Սորոսյան հիմնադրամը չի կարող կրթել հայ երեխային» հոդվածում առկա են Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի պահանջների հետ մի շարք հակասություններ:

Այսպեսՙ

1. «Ծնողներն իմանալո՞ւ են, որ այդ կառույցը բարոյականության երդվյալ թշնամին է, ազգից ժողովուրդ, ժողովրդիցՙ ամբոխ կերտող «հաստոց» ձեւակերպումը հակասում է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի 1.3 կետով սահմանվածՙ փաստերի եւ կարծիքների տարանջատման սկզբունքին, քանի որ հեղինակն այդ պնդումը ներկայացնում է ոչ թե որպես սեփական գնահատական, այլ որպես հանրահայտ իրողություն: Սա կարող է թյուրիմացության մեջ գցել ընթերցողին եւ այդպիսով առանց փաստական հիմքի վնաս է հասցնում է «ԲՀՀ-Հայաստան» կազմակերպության գործարար համբավին: Այդ ձեւակերպումը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իմաստով կարող է գնահատվել վիրավորական:

2. «(...) խոսքը արդեն հանրահայտ Սորոսյան հիմնադրամի մասին է: Մեր կրթությունն ու մշակույթը ներառող նախարարությունը համագործակցում է մի կազմակերպության հետ, որի ոտնահետքերի տեղը անբարոյականություն ու պղծություն է բուսնում» արտահայտությունը կարող է գնահատվել որպես գործարար համբավի արատավորում, քանզի հոդվածում չունի որեւէ հիմնավորում, իսկ իր պատասխանում Գեւորգ Գյուլումյանի բերած կազմակերպությունների ֆինանսավորման օրինակները հիմք չեն նման գնահատականի համար:

3. «Իսկ ո՞վ է վստահ, որ հանձնաժողովի կազմում Լարա Ահարոնյանի պես մեկը չի լինելու, թագուհիղազարյաններ ու տղայից առջկա վերածված «մասնագետներ» չեն լինելու. ընտրողներն իրենք չե՞ն: Իրենք ասելով նկատի ունեմ Սորոսյան հիմնադրամի անդամներին (...)»: Այս նախադասության մեջ մարդկանց անձը վիրավորելու միտում ունեցող ձեւակերպումներ են, որոնք կարող են նաեւ որակվել որպես խտրականության դրսեւորում:

4. Պատասխանի հրապարակման համար «Ազգ» թերթի խմբագրի առաջարկած նախապայմանը հակասում է ինչպես «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1- ին կետի պահանջին, այնպես էլՙ անընդունելի է էթիկայի տեսակետից:

ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄԻՆՆ ընդգծում է նաեւ, որ եթե համագործակցության իր առաջարկին «Ազգ» շաբաթաթերթի խմբագրի պատասխանը հիմնականում պատշաճ էր, ապա նույնը չի կարելի ասել հոդվածի հեղինակի անդրադարձի մասին, որի ոճը, ձեւակերպումները, ինչպես նաեւ երբեմն չհիմնավորված փաստարկումները միանգամայն անհարիր են լրագրողի վարքին:

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հորդորում է «ԲՀՀ-Հայաստան» կազմակերպությանը, որ նման դեպքերում օգտվի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանվածՙ պատասխանի հրապարակման իրենց իրավունքից:

Ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի

019թ. հոկտեմբերի 16-ի նիստում,

Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով`

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ , մամուլի փորձագետ

Արա ՂԱԶԱՐՅԱՆ , իրավաբան

Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ , Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ , «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, «Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ , Երեւանի մամուլի ակումբի նախագահ

Նունե ՍԱՐԳՍՅԱՆ , Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ , Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերության խմբագիր

Գեղամ ՎԱՐԴԱՆՅԱՆ , Media.am-ի պրոդյուսեր

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ