RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019



Տեղադրվել է` 2019-10-31 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2520, Տպվել է` 163, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՇԽԱՐՀԸ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ... ԿԱԼԻՖՈՐՆԻԱՆ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հայաստանաբնակները հիմնականում համոզվել են, համենայնդեպս նշվող գնահատականին են հանգում իրենց փոքր թե մեծ շրջապատի կարծիքն ու կյանքը լսելու ու տեսնելու արդյունքում, որ աշխարհը կայանում է, անգամ զարգանում: Ապացույցըՙ տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների հավաստիացումներն առավելապես տնտեսական վիճակի շուրջ, իրենց սառնարանի պարունակության, գնողունակության ու վճարունակության առումներով: Այսօրինակ գործընթացը ՀՀ նորօրյա իշխանության մոտ յուրօրինակ շփոթ է ստեղծում, որից ելք է դիտարկվում հասարակությունը երկու մասի բաժանելու մոտեցումըՙ Հայաստանը պետք է դառնա տնտեսության վաղվա պահանջներին համապատասխանող տաղանդավոր մարդկանց երկիր եւ... մնացյալը:

Չգիտես խնդաս թե լաս, քանզի հնարավոր չէ պատկերացնել մի հանրություն, որն ընդունի իր խելացիությունը, միաժամանակ նվազագույնս չբացատրելով իր առօրյա կյանքի ու կենցաղի գրեթե ողորմելիության հասնող վիճակը, երբ անզոր ես գդալ-պատառաքաղից սկսած մինչեւ արդուկ ու վառարան տեղական արտադրություն կազմակերպել: Անկեղծ գտնվեմ եւ նշեմ, որ այսօրինակ խնդիրների առումով տեղյակ չեմ, ասենք Անգոլայի վիճակից: Սակայն ներկայացվող տեղեկատուն երկրի տնտեսության առավել կարեւոր այլ հարցերի շուրջ բավարար վիճակագրություն պարունակում է: Երբեմնի թշվառ այս տարածքում հիմա էլ բնակչության 30 տոկոսն անգրագետ է, վերջին տարիների տնտեսական աճը հազիվ 1 տոկոս է կազմում: Սակայն արի ու տես, որ անգամ այս պայմաններում 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն ու բյուջեի ծախսը 6800 դոլար եւ 1400 դոլար է, ՀՀ-ում 4000 եւ 1000 դոլար, արտահանումը 1100 եւ 500 դոլար, ներմուծումը 750 եւ 1200 դոլար: Անգոլայի ներդրումային միջավայրի վերաբերյալ շատ հաճախ կարելի է գովազդ դիտել եվրոպական հեռուստաալիքներով, երբ մեզանում նպատակ է հռչակվում խելացի անասնագոմեր կառուցողներին ու որոշ տնտեսվարողների տրվող հարկային արտոնությունները:

ՀՀ կառավարությունը տնտեսական հեղափոխություն իրականացնելու ելքը տեսնում է ԱՄՆ-ի ծայրամասային նահանգ Կալիֆորնիայում, առավել կոնկրետՙ դրա Սիլիկոնյան հովիտ կոչվող հատվածում, ուր տեղաբաշխված են ժամանակակից հռչակվող տեղեկատվական տեխնոլոգիաներ կոչվող ընկերությունները: Հետեւությունը ինքնաբերարար է ծնվում. ՏՏ ոլորտի արդյունքում թե շնորհիվ է, որ Կալիֆորնիան աշխարհի 5-րդ տնտեսությունն ունի: Թե ով է հաշվել ու հաշվառել այս ոլորտի բացակայության շրջանում էլ կայուն տնտեսական աճ արձանագրած նահանգի ցուցանիշը, որեւէ մեկը վկայել չի կարող, քանզի այստեղ նման հաշվառում չի կատարվում: Ապացույցըՙ ԱՄՆ-ում 1868 թվականից տպագրվող 1008 էջերից բաղկացած սույն տեղեկագիրքը: Թե որտեղից է ՀՀ բարձրագույն ղեկավարությունը, սկսած վարչապետից ու փոխվարչապետերից, նախարարներից ու նրանց տեղակալներից, հանրությանը հրամցնում համաշխարհային տնտեսությունում Կալիֆորնիայի 5-րդը լինելու հանգամանքը, դժվար է ասել, քանզի տեղեկագրքի 2019-ի հրատարակությունն այս առումով այլ տեղեկատվություն է պարունակում: Տնտեսության հիմնական ցուցանիշ դիտարկվող համախառն ներքին արդյունքով համաշխարհային առաջատարն արդեն մի քանի տարի Չինաստանն է, վերջին 23,2 տրիլիոն դոլար հանրագումարով, 1 բնակչի հաշվով համեստ 16,7 հազար դոլարով: Երկրորդը ԱՄՆ-ն է 19,4 տրիլիոն դոլար եւ 59,5 հազար դոլար գումարներով: Երրորդը Հնդկաստանն է 9,5 տրիլիոն դոլար եւ առավել համեստ 7,2 հազար դոլարով: Չորրորդը Եվրոպայի տնտեսության լոկոմոտիվ համարվող Գերմանիան է 4,2 տրիլիոն եւ 50,4 հազար դոլար ցուցանիշներով: Հինգերորդ հորիզոնականում, պարզվում է, Ռուսաստանի Դաշնությունն է, 4 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով եւ միջինից բարձր 27,8 հազար դոլար արդյունքով:

Իսկ ու՞ր մնաց 5-րդը հայտարարվող Կալիֆորնիան: Պարզվում է մինչ նրա ցուցանիշին հասնելը կան 3,2 տրիլիոն ՀՆԱ-ով 6-7-րդ տեղերն զբաղեցնող Բրազիլիան ու Ինդոնեզիան, 8-9-րդըՙ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, նոր միայն ցանկում հայտնվում է Կալիֆորնիան իր 2,7 տրիլիոն դոլար համախառն ներքին արդյունքով, հաջորդը Թուրքիան է: Մի պահ ընդունենք որ նահանգն իր տարածքով ու ներկայիս բնակչությամբ հայաստանցիներիս 10-ապատիկն է, իսկ 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ի 67 հազար դոլարով 17-ապատիկը: Մենք երբ ենք իզորու ներկայիս 4 հազար դոլար տարեկան արդյունքը հասցնել նշված թվին, երբ պարզ չէ դրան հասնելու ոչ ձեւը, ոչ միջոցը: Այն հայտարարությունը, թե առաջիկայում 1000 դոլար վաստակող հինգ հազար աշխատող կունենանք, խնդրի լուծման հետ որեւէ կապ չունի, քանզի մեզանում հակառակն է նկատվում: Վճարունակ դարձած մարդիկ իրենց գնողունակությամբ, առաջարկ-պահանջարկի խաթարված արդյունքում, գնաճի պատճառ են դառնում: Ապացույց եք ուզում, խնդրեմ. հոկտեմբերի վերջին օրերին բնակությանս վայրի սուպերմարկետի մսի բաժնում նախորդ օրը 2750 դրամով վաճառված տավարի միսը առաջարկվում էր արդեն 3090 դրամով, ամբողջ 340 դրամով ավելի կամ 12 տոկոս գնաճով: Օրեր առաջ էլ 605 դրամով վաճառվող ներմուծված բուսայուղը հիմա արժե 640 դրամ, գնաճըՙ 6 տոկոս: Անգամ այս պարագայում գյուղարտադրանքում 5 տոկոս նվազում է արձանագրվել: Ոլորտի հեւոցը կանգնեցնելու քայլեր չեն նշմարվում, չխոսելով առավել գործնական միջոցառումներ ձեռնարկելուց, գյուղաբնակի աշխատանքին արդյունավետություն հաղորդելուց, նրա կողմից հավելյալ արժեքի ստեղծման պայմաններին օժանդակելուց: Երբ հեկտարով հող ու գոմում երեք կով ունեցողն է դժգոհում իր առօրյայից, այստեղ պետությունը մտահոգվելու տեղ ունի, չխոսելով քաղաքի գործազուրկի վիճակից: Այնպես որ նշված համեստ սննդատեսակները մեր ընտանիքներում առաջնահերթություններ են, որոնց դիմաց մարդիկ պարտադրված են վճարել, մի դեպքումՙ ներմուծված խոր սառեցված անհայտ ծագման մսամթերքի սպառումից խուսափելու, մի այլ դեպքում տեղականի իսպառ բացակայության պատճառով ներմուծվող բուսայուղից օգտվելու համար: Եվ հարցըՙ ե՞րբ ՀՀ-ում գործնական քայլեր կձեռնարկվեն տնտեսությունում մեր մարդկանց առաջնահերթ անհրաժեշտ ապրանքների ու սննդահումքի արտադրության ուղղությամբ, հնչում է բնականաբար: Ընդամենը մեկ ոլորտի կայացման շուրջ կուտ տալով, այս գնահատականն է գործընթաց համարվողի համար տեղին, անտեսելով փոքր ու միջին գործարար միջավայրի կազմավորմամբ երկրի տնտեսությունը բարեփոխելու քայլերը, ՀՀ տնտեսությունը հայտնվում է անզորի ու անօգնականի վիճակում, որտեղ գերխնդիր է դիտարկվում առեւտրային կտրոնների քանակի ավելացումը, որոնք անվերջ լինել չեն կարող: Կալիֆորնիայում էլ են դրանք խստագույնս հաշվառվում, վստահեցնում եմՙ 10-ից 8-ի դեպքում տեղական արտադրանքի դիմաց, երբ մեզանում հակառակն է, առանց փոփոխվելու նշանների:

Այսպես էլ ապրում ենք:

28.10.2019

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ