ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն ԵՆ ԱՐԴՅՈՔ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր Երկար տարիներ զբաղվում եմ կուսակցությունների պատմությամբ եւ տեւական ժամանակ մտածում էի գրել մի կարեւոր հարցի մասին: Օրերս հեռուստացույցով հարցազրույցի էր հրավիրված վաղեմի ծանոթներիցս մեկը: Խելացի, բանիմաց, քաղաքական հարուստ անցյալի տեր հարգարժան ընկերն իր գիտլիքների հարուստ պաշարն օգտագործելով եւ սեփական կենսափորձը վկայակոչելով մի քանի խորազնին դիտարկումներ կատարեց Կուսակցությունների մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Հիշյալ հարցազրույցն էլ առիթ դարձավ անդրադառնալու նախկինում անընդհատ հետաձգվող հիմնախնդրին: Խոսքը վերաբերում է ավանդական կուսակցություններին: Դեռեւս ուսանողական տարիներին հաճախ բանավիճում էի գործից տեղյակ համակուրսեցիներիս հետ եւ փորձում թե՛ ինձ եւ թե՛ նրանց համար պարզել կարեւոր մի հարց` դասական իմաստով արդյո՞ք քաղաքական էին մեր ավանդական կուսակցությունները: Խոստովանեմ, ավելի հաճախ բանավեճերը հիմնականում անպատասխան էին թողնում հարցը: Մեր դասախոսներն էլ երկար-բարակ պարզաբանումներ էին ներկայացնում եւ կրկին անպատասխան թողնում հարցը, շեշտելով, որ եթե դասագրքերում այդպես է գրված, ասել է թե պաշտոնական տեսակետը դա է, հետեւապես ինչ կա վիճարկելու: Ես հիմա եմ հասկանում նրանց: Պատմագիտական գրականության մեջ միայն արմենականների դեպքում էր վիճարկվում քաղաքական կուսակցություն լինելու հանգամանքը: Խիկար Բարսեղյանը «Մարքսիզմի տարածումը Հայաստանում» երկհատոր աշխատության մեջ, վկայակոչելով Գեւորգ Ղարաջյանի (Արկոմեդի) հուշերը, նրանց անվանում էր գաղափարակիցների աղանդ: Ժամանակին, ավելի շատ արմենականների հանդեպ հարգանքից ու սիրուց դրդված, այդ տեսակետը քննադատողներից եմ եղել: Ժամանակները փոխվել են, հասունացել եմ նաեւ ես... Հիմնախնդիրը հասկանալու համար վերհիշենք այն պայմանները, որոնց առկայության մեջ ասպարեզ իջան հայ ավանդական կուսակցությունները: XIX դարի վերջին քառորդին ստեղծվել էր այնպիսի պատմական իրավիճակ, հայ ժողովրդի համար այնպիսի անելանելի պայմաններ, որոնց դիմագրավելու, դրանց դեմ պայքարելու միակ միջոցը համաժողովրդական պոռթկումը եղավ: Հայ մարդը, հատկապես 1878 թ. Բեռլինի վեհաժողովից հետո, հասկանալով, որ այլ ելք չկա, իր տունն ու պատիվը, ինչքն ու ֆիզիկական գոյությունը պաշտպանելու համար դիմեց զենքի: Միաժամանակ խորապես ըմբռնեց կազմակերպվելու անհրաժեշտությունը: Հայ մտավորականությունն էլ, Եվրոպայի խոստումներից հերթական անգամ խաբվելով, ազատագրական պայքարի խանձարուր Սահմանադրական շարժման տեսքով սկսած խմորումները հանգեցրեց միավորվելու եւ սկսված անկանոն շարժումները կազմակերպված դարձնելու գաղափարին: Եվրոպական երկրներում ծայր առած հեղափոխական շարժումներն էլ իրենց ազդեցությունն ունեցան եւ արդյունքում իրար հետեւից ասպարեզ իջան հայ ավանդական կուսակցությունները: Սովորաբար այն միջավայրը, որտեղ ձեւավորվում էին եվրոպական կուսակցությունները, էականորեն տարբերվում էին օսմանյան միջնադարյան խավարում խարխափող հայկականից: Սակայն եվրոպական համալսարաններում ուսանող հայորդիները լավ չպատկերացնելով այդ տարբերությունները` փորձում էին զարգացած արդյունաբերություն եւ պրոլետարիատ ունեցող Եվրոպային հարիր գաղափարախոսությամբ առաջնորդել նաեւ հայ ազգային-ազատագրական շարժումը: Այսինքն` նրանց այդ առաքելությունն ավելի շատ տեսական, ապրիորի բնույթ ուներ, քան գործնական: Միակ բացառությունը թերեւս Արմենականներն էին, որոնք թեեւ այնքան էլ տեղյակ չէին զանազան իզմերին, սակայն լավ գիտեին միջավայրը, հակառակորդին, հետեւաբար ամենաիրատեսներն էին: Միայն ափսոս, նրանք մեծ տարածում ու հետեւորդներ շատ չունեցան, մանավանդ 1906 թ.ի ինքնապաշտպանական կռիվներից հետո դավադրության գնացած իրենց հարյուրավոր կուսակիցներին կորցնելուց հետո, եւ գործեցին հիմնականում Վան-Վասպուրականում: Ձեւավորումից հետո այդ կուսակցությունները նետվեցին պայքարի դաշտ: Նրանց հիմնական առաքելությունը եղավ ու մնաց ազգային-ազատագրական պայքարը, որը սխալմամբ հեղափոխություն անունն ստացավ: Նրանց բոլորի նպատակը հայ ժողովրդի վիճակի բարելավումն էր, տարբերությունը` միայն գործելու միջոցների: Եվ դա այն դեպքում, երբ զարգացած երկրներում ձեւավորմում էր ազատ տնտեսություն, եւ կուսակցություններն սկսել էին կայանալ ժողովրդական համակարգին համապատասխան, այսինքն` տեղի էին ունենում համեմատաբար օրինական, թափանցիկ ընտրություններ: Իսկ գաղտնիք չէ, որ ընտրությունները սովորաբար այն ֆիլտրն են, որոնք ասպարեզում թողնում են իսկական քաղաքական կուսակցություններին: Նորմալ պայմաններում կուսակցությունների առաքելությունը երկրի քաղաքական կյանքին մասնակցությունն է, ձգտումը իշխանության, քաղաքացիների քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը օժանդակելը: Այնինչ, ավանդական կուսակցություններն ի սկզբանե հեռու էին ե՛ւ քաղաքական կյանքին մասնակցություն ունենալուց, ե՛ւ ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորումից: Նրանք բոլորովին այլ առաքելությամբ էին ասպարեզ իջել եւ այլ գործառույթներ էին իրականացնում եւ դա ավել կամ պակաս չափով, լավ կամ անհաջող ֆիդայական պայքարին մասնակցություն ունենալն էր: Հաջորդ պատմաշրջանում արդեն ավանդական կուսակցություններն ավելի շատ թուրքերի հետ սիրախաղով էին զբաղված` ՀՅԴ-ն Իթթիհատի, Հնչակյանները` Իթիլաֆի, իսկ Ռամկավարները փորձում էին սահմանադրական-օրինական դաշտում լինել: Այս փուլում քաղաքական կյանքին որոշ վերապահումներով ինչ-որ չափով մասնակցություն կար, սակայն դա միջնորդավորված պայքար էր, միայն այս կամ այն քաղաքական ուժին սատարողի դերում: Իսկ քաղաքական իշխանության խնդիր այդպես էլ որեւէ կուսակցության կողմից չդրվեց եւ դրանք շարունակեցին մնալ ազգային դիմագծով խմբավորումներ: Ցեղասպանության եւ դրան հաջորդած տարիներին քաղաքական կյանքի ու դրան մասնակցության մասին խոսելն անգամ ավելորդ է, գլխավորն ինքնապահպանման, ֆիզիկապես գոյատեւելու խնդիրն էր ամենուրեք: Պատկերը զգալիորեն փոխվեց Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին: Այս կարճ` երկուսուկես տարի տեւած ժամանակամիջոցում կուսակցությունների կյանքում քաղաքական դրսեւորումներ եղան, սակայն նախ` այդ ժամանակահատվածը շատ կարճ եղավ, հետո էլ` կոալիցիոն կառավարության մի քանի ամիսներից բացի երկրում դաշնակցական մենատիրություն էր եւ չնայած ընդդիմադիր Հայ ժողովրդական, Սոցիալ-դեմոկրատ, Էսեռ, Սպեցիֆիկ ընդդիմադիր կուսակցությունների առկայության, քաղաքական կյանքն իրականում գրեթե բացակայում էր: Պատկերը գրեթե նույնը մնաց նաեւ խորհրդային տարիներին: Հասկանալի պատճառներով բոլոր ավանդական կուսակցություններն էլ տարագրվեցին եւ գործում էին միայն Սփյուռքում: Այդ ընթացքում եւս ավանդականները դասական իմաստով կուսակցություններ չէին, քանի որ այդ առումով նրանք գործելու դաշտ չունեին: Նրանք ազգապահպան կազմակերպություններ էին եղել, բայց ավանդույթի ուժով կոչվում էին կուսակցություններ: Իրավիճակը փոքր ինչ փոխվեց անկախության վերականգնումից հետո: Ավանդական կուսակցությունները թեեւ իրենց ներկայությունն ապահովեցին Հայրենիքում, բայց մեծ հաշվով չհայրենադարձվեցին, այլ դարձան սփյուռքյան կառույցների հայաստանյան «դուստր ձեռնարկություններ»: Դրանց տարածմանն ու անդամների թվաքանակի մեծացման գործում կարեւոր դերակատարություն ունեցավ նրանց նկատմամբ խորհրդարվոր պատկառանքն ու անցյալի փառավոր օրերի նկատմամբ կարոտախտը: Մի փոքր էլ` արգելված պտուղի քաղցր լինելու հանգամանքը: Կոմունիստական մենատիրությունից հոգնած եւ բազմակարծության ձգտումներով տոգորված` զգալի թվով մարդիկ անդամագրվեցին ավանդական կուսակցություններին, բայց քաղաքական իմաստով պատկերը գրեթե չփոխվեց: Սովորաբար կուսակցությունները կոչված են պետության եւ հասարակության առջեւ պատասխանատվություն ունեցող քաղաքացիներ դաստիարակելուն: Նրանց ձգտումը պիտի լինի զարգացնել երկիրը եւ ոչ թե գալ ու օգտվել իշխանությունից, ինչպես արվում էր մեզանում նախկինում: Հետո էլ` կուսակցությունները միագույն, քարացած կառույցներ չպետք է լինեն, այլ նրանց ներսում նույն հարցի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեցողներ, խմբավորումներ, բայց նույն արժեհամակարգի կրողներ պետք է լինեն: Նրանց շարքերում պարբերաբար իշխանության կրողներ պետք է աճեցվեն, փորձառու գործիչներ եւ ոչ թե անսկզբունքային հարմարվողներ: Այդ ամենը վերաբերում է նաեւ ավանդականներին: Դրան զուգահեռ մենք պիտի կարողանանք կարեւորել նրանց ներկայությունը երկրում, որպեսզի նրանք պետության վրա դրսից ազդող ուժեր չդառնան: Ավանդական կուսակցությունները մյուսների նման պետք է ամբողջովին ինտեգրվեն ՀՀ կյանքին, դառնան դրա բաղկացուցիչ մասը եւ իրենց ակտիվ մասնակցությունն ունենան երկրի կյանքին ու քաղաքական գործընթացներին: Բայց անչափ կարեւոր է, որ նրանք շարունակեն իրենց գործունեությունը նաեւ Սփյուռքում, որտեղ մերօրյա բազմատեսակ մարտահրավերներին դիմագրավելու համար այսօր նույնքան մեծ առաքելություն ունեն, որքան Հայաստանում: Չէ որ ամենապարզ հաշվարկներից պարզ երեւում է, որ այսօր Հայաստանում բնակվում է լավագույն դեպքում չորս հայից մեկը: Ամփոփենք. 1. Հայ ավանդական կուսակցությունները չնչին բացառություններով իրենց ավելի քան հարյուրամյա գործունեության ընթացքում ավելի շատ ազատագրական պայքարի ղեկավարություն, ազգապահպանություն եւ նմանատիպ այլ առաքելություններ են իրականացրել, քան դասական չափանիշներով` քաղաքական: 2. Ավանդական կուսակցությունների հայաստանյան հատվածները դրանց տեղական կառույցներն են, քանի դեռ դրանք ամբողջովին չեն հայրենադարձվել: 3. Նրանք պիտի շարունակեն իրենց պատվաբեր առաքելությունը նաեւ Սփյուռքում, որպեսզի հնարավոր լինի դիմագրավել նրան նետված մերօրյա բազմատեսակ մարտահրավերներին: P.S. Կարծում եմ, որ թեման խիստ բազմաշերտ է եւ խորքային քննարկման կարոտ: Ուստի կոչ եմ անում Սփյուռքի եւ հայաստանաբնակ բոլոր մասնագետներին ու շահագրգիռ անհատներին արձագանքել, ներկայացնել իրենց մոտեցումներն ու տեսակետները, որպեսզի հիմնախնդիրն ամբողջական եւ սպառիչ լուսաբանվի: 30.10.2019 |