RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019



Տեղադրվել է` 2019-10-31 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2171, Տպվել է` 158, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «ԱԼ-ԲԱՂԴԱԴԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Անցյալ շաբաթ կեսգիշերին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հայտվեցին ամերիկյան ութ ուղղաթիռներ: Մի քանի ժամ տեւած փոխհրաձգությունից հետո ամերիկյան ռազմօդանավերից մեկը վերջնական հարված հասցրեց: Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթթերյան էջում գրեց, որ տեղի է ունեցել ինչ-որ նշանակալի բան: Կիրակի առավոտյան Թրամփը հաստատեց, որ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանված է:

Նրան հետապնդող ամերիկյան հատուկ ուժերը գիտեին, որ գետնուղիները փակուղային են: Նախագահի խոսքերովՙ զինվորականները իսլամիստների առաջնորդին հետապնդելիս բերել էին ռոբոտացված տեխնիկա, թեեւ դրա անհրաժեշտությունը չկար:

Այս տարվա մարտին Սիրիայի հյուսիս-արեւելքում իսլամիստների վերջին հենակետի գրավումից հետո Բաղդադիի հայտնաբերումը ամերիկացիների եւ նրանց քուրդ դաշնակիցների գլխավոր նպատակներից մեկն էր: Սիրիայի հյուսիսում հակաահաբեկչական բանտերից մեկի կալանավոր իսլամիստներից մեկը The Wall Street Journal-ին թղթակցին պատմել է, որ իր բանտարկության օրերին ամերիկացիները իրեն հարցեր էին տալիս իսլամիստների բարձրաստիճան ղեկավարների, այդ թվումՙ ալ-Բաղդադիի գտնվելու վայրի մասին: Այդ տասնութամյա գրոհայինը պատասխանել է, որ դա իրեն հայտնի չէ: Նախագահ Թրամփի խոսքերով, իսլամիստների առաջնորդին գտնելու համար օգտագործվել են հիմնականում սեփական հետախուզական տվյալներ:

Թրամփի խոսքերովՙ չբռնվելու համար ալ-Բաղդադին հաճախ փոխում էր իր կեցավայրը, հետը ունենալով խոշոր կանխիկ գումարներ եւ չօգտվելով բջջային կապից: Ստացվեց տեղեկություն, ըստ որի ալ-Բաղդադին գտնվում էր Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, եւ ամերիկյան ռազմական գործողությունը ձեռնարկվեց:

Գրոհ սկսվեց այն շենքի վրա, որտեղ թաքնվում էր ալ-Բաղդադին: Ամերիկացիները ճեղք բացեցին համալիրի պատի մեջ: Բաղդադիի զինակիցներից շատերը սպանվեցին:

Մարտի թեժ պահին Բաղդադին փորձեց գետնուղիներով փախչել իր երեք զավակների հետ: Նրանց հետապնդեց ամերիկացի հետախույզների շունը: Փակուղային գետնուղիներից մեկի վերջնամասում Բաղդադին մահապարտի գոտին օգտագործելով պայթեցրեց իրեն: Թրամփի խոսքերով նա անդադար լաց է եղել եւ բղավել: Չնայած գետնուղու փլուզմանը, զինծառայողներին հաջողվեց հավաքել ԴՆԹ-ի նմուշներ, որոնք ենթարկվեցին լաբորատոր քննության: Նախնական հետեւությունն այն էր, որ սպանվածը ալ-Բաղդադին է: Գիշերվա ընթացքում կատարված եզրափակիչ տարրալուծումը հաստատեց այդ հետեւությունը: Թրամփի խոսքերով, զորքը համալիրում մնացել է ընդհանուր առմամբ երկու ժամ:

Ֆրանսիական Le Monde թերթի թղթակից Ալան Կավալը մեջբերում է ինքնակոչ «խալիֆի» սպանության նախօրեին սիրիացի քրդերի հակաահաբեկչական ուժերի ներկայացուցչի արած այն հայտարարությունը, որ չնայած «Իսլամական պետության» անկումային վիճակին, թուրքական զորքի ներխուժումը մեծ պատեհություն է ստեղծում ջիհադիստների համար:

«Սիրիայի հուսիսում ներկայումս իրադրությունն առավել քաոսային է դարձել կառավարական ուժերի ներկայության եւ ահաբեկիչների դեմ մեր պայքարի թուլացման պատճառով: Այժմ ահաբեկիչները կարող են վերականգնել մարտական կարգուկանոնը, եւ դա վատ նորություն է Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի, ամբողջ աշխարհի համար: Մենք ստիպված ենք մարտնչել երկու ճակատով», հայտարարել է քուրդ զինյալը:

Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններում արդեն իսկ նկատելի են իսլամիստների քնած բջիջների վերաշխուժացման դեպքեր: Դեռ հոկտեմբերի կեսերին իրաքցի քուրդ գեներալներից մեկը, որը հայտնի է Շեյխ Ալի անունով, հայտարարել էր, որ «Իսլամական պետության» հետ նոր հակամարտությունը անխուսափելի է, հարցը լոկ այն է, թե դա երբ տեղի կունենա: Ի դեպ, «Իսլամական պետությունը» կողմնակիցներ ունի նաեւ Իրաքի արեւմուտքում, եւ դա դժվարացնում է Սիրիայի կառավարական զորքերի գործողությունները:

Հիմա մնում է, որ ջիհադիստական խմբավորումը գտնի նոր առաջնորդ, որը կկարողանար միավորել տարբեր ճյուղավորումների գործունեությունը: Միանգամայն հնարավոր է, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին արդեն նշանակած լինի իր իրավահաջորդին, գրում է Le Monde-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ