RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-10-31 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1669, Տպվել է` 159, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՐԴԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԿՌՎԱԽՆՁՈՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԱՄՆ-Ի ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Եթե Վաշինգտոնին չհաջողվի վերականգնել դիրքերը Սիրիայում, ապա դրա պատասխանատվությունն ակամա ստանձնելու է Թուրքիան

Հոկտեմբերի 29-ին տեղական ժամանակով 18:00-ին լրացավ «անվտանգ» գոտու տարածքից հեռանալու համար քրդական ուժերին Սոչիի հուշագրով տրամադրված լրացուցիչ 150 ժամը: Նույն օրը լրացել էր նաեւ Թուրքիայում հանրապետական կարգերի հաստատման 96-րդ տարին, այսինքն «հանրապետության» տոն էր երկրում: Թուրքական հեռուստատեսությունները հաճախակի ազդարարում էին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տոնի առթիվ նախագահականում տված ընդունելությանը ժամը 18:30-ին ելույթ կունենա եւ ելույթում կանդրադառնա 150 ժամվա ժամկետի սպառմանը հաջորդող քայլերին: Հիրավի նա ելույթ ունեցավ, մատնանշելով, որ բոլորի ուշքումիտքը նավթն է, ամբողջ հասակով մեր առջեւ է կանգնած մի կաթիլ նավթը մի կաթիլ արյանը գերադասելու նկրտումը: Սակայն նախքան Էրդողանի ելույթը, վերջնաժամկետի լրումից 30 րոպե առաջ հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն , ընդ որում Երեվանից, եւ ասաց, որ քրդական ուժերի դուրս բերումն «անվտանգ» գոտուց, նախատեսվածից շուտ է ավարտվել, այդ հատվածում տեղակայվել են Սիրիայի սահմանապահ զորքերն ու ռուսական ռազմական ոստիկանությունը:

Ըստ երեւույթին բավականին ազդեցիկ է եղել նախարար Շոյգուի հայտարարությունը, որ Էրդողանը ելույթում շրջանցեց լրացուցիչ ժամկետի ավարտին առնչվող հարցը: Նա այս անգամ զերծ մնաց նաեւ քրդական ուժերին, որոնց ինքը ահաբեկիչներ է անվանում, ապառնալու գայթակղությունից: Մինչդեռ քրդական ուժերը Ռաս ուլ-Այնում երկու թուրք զինծառայող էին սպանել, Թուրքիայի պաշտպանության նախարարությունն անընդհատ հաղորդագրություններ էր տարածում, թե քուրդ «ահաբեկիչները» շարունակ հարձակումներ են գործում թուրքական դիրքերի վրա, իսկ Էրդողանը նույն հաճախականությամբ հայտարարում. «Եթե քուրդ ահաբեկիչները չհեռանան նախանշված վայրերից, ապա մենք ավելի մեծ ուժգնությամբ կշարունակենք «Խաղաղության աղբյուր» գործողությունները»: Չնայած հաղորդագրություններին, պաշտպանության նախարարությունն Էրդողանի փոխարեն այնուամենայնիվ անդրադարձավ վերջնաժամկետի հարցին, բայց առանց առարկության, վերահաստատելով փաստորեն Սերգեյ Շոյգուի ասածները:

Հոկտեմբերի 29-ի հաղորդագրության մեջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նշում էր. «Մենք ամենայն բծախնդրությամբ հետեւում ենք 2019-ի հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի հետ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, Ռուսաստանի Դաշնությունը իրազեկել է, որ 150 ժամի ավարտին Ժողովրդի պաշտպանական ստորաբաժանումներըՙ YPG-ն ծանր զենքերով 30 կմ հեռացվել է Թուրքիա-Սիրիա սահմանից, ինչպես նաեւ Մանբիջից ու Թել Ռիֆաթից: Շոտով ռուսական կողմի հետ 30 կմ խորությամբ համատեղ պարեկություն ենք սկսելու «անվտանգ» գոտու արեւելքում եւ արեւմուտքում: Մեր պայքարը Իսլամական պետության եւ YPG/PKK-ի ահաբեկիչների հետ վճռականորեն շարունակվելու է»: Նախարարությանը հավելել էր արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն . «Ներկա դրությամբ Ռուսաստանն իրազեկեց մեզ YPG-ականների հեռացման մասին, մենք հավատում ենք ռուս գործընկերներին, սակայն չենք կարող ահաբեկիչներին վստահել: «Անվտանգ» գոտու տարածքում YPG/PKK-ի ահաբեկիչներ նկատելու դեպքում չենք վարանի նրանց ոչնչացնելուց»:

Որքան էլ Չավուշօղլուն քուրդ զինյալներին ոչնչացնելու մասին խոսի, ռուս զինծառայողների հետ համատեղ պարեկությունը թուրքերին այդ հնարավորությունը չի տալիս: Դա իրականացվում է, ինչպես Թուրքիայի պաշտպանության նախարարությունն է նշել, քուրդ զինյալների հեռացումը ստուգելու առաջադրանքով: Համատեղ պարեկության պայմաններում Թուրքիային չի հաջողվի ԱՄՆ-ի նախանշած 30 կմ խորություն ունեցող «անվտանգ» գոտու 120 կմ-անոց երկարությունը հասցնել 144 կմ-ի, առավել եւս տիրել Մանբիջին եւ հատկապես Քոբանիին, այն առումով, որ Քոբանին Սիրիայի քրդերի, հետեւաբար քրդական ուժերի կենտրոնն է: Ի դեպ, Թուրքիան նախքան ամերիկյան զինծառայողների դուրս բերումը Սիրիայից, Սիրիայի դեմոկրադական ուժերի հրամանատար Մազլում Քոբանին թուրքական իշխանություններին հանձնելու պահանջով պաշտոնապես դիմել էր ԱՄՆ-ի վարչակարգին: Ի պատասխան դրան նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Էրդողանին անհամբեր սպասում է Վաշինգտոնում:

Ավելինՙ փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին Անկարայում բանակցությունների ավարտին, հենց Էրդողանի ներկայությամբ, թուրքական կողմից պահանջել էր անհապաղ դադարեցնել «Խաղաղության աղբյուր» գործողությունները Սիրիայում, հայտարարել զինադադար եւ բանակցություններ սկսել քրդերի հետ, առաջարկելով ԱՄՆ-ի միջնորդությունը: Նուն օրը պատվիրակության պահանջը մեկնաբանելիս Չավուշօղլուն նշել էր. «Ամերիկյան կողմը Քոբանիի առնչությամբ որեւէ առարկություն չունի, պարզապես ասացին, որ հարցը (Քոբանի քաղաքը թուրքերին հանձնելու) այլեւս ռուսների հետ կքննարկեք»: Թեեւ հոկտեմբերի 22-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիմիր Պուտինի հետ Էրդողանի հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարների ստորագրած հուշագիրը չեզոքացրեց Անկարայում Փենսի պատվիրակության բանակցությունների արդյունքում ձեռք բերված թուրք-ամերիկյան համաձայնագիրը, սակայն «անվտանգ» գոտին երկարաձգելու առումով հուշագիրը նույնպես չբավարարեց թուրքական կողմին, քանի որ դա ընդամենը 10 կմ խորությամբ համատեղ պարեկություն է սահմանում գոտու արեւելքում եւ արեւմուտքում, էլ չենք խոսում Մանբիջի եւ Քոբանիի հանձման մասին:

Հուշագրով միաժամանակ սահմանափակվում է թուրքական զորքերի գործունեության ոլորտը հյուսիս-արեւելյան Սիրիայում, քանի որ թուրք-սիրիական սահմանին արդեն տեղակայված են 14 պահակակետեր, որոնց վրա Սիրիայի պետական դրոշի կողքին ծածավում է նաեւ Ռուսաստանի Դաշնության դրոշը: Դրա հետ մեկտեղ քրդական ուժերը կռվախնձոր են դարձել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ: Դա, թերեւս, պայմանավորված է կողմերի հյուսիս-արեւելյան Սիրիայում ռազմաքաղաքական ներկայությունը միմյանց չզիջելու վերջիններիս նկատառումներով: Հոկտեմբերի 25-ին Պենտագոնը հայտարարեց, որ Իրաքից ռազմական սարքավորումներ է առաքում Սիրիա, այդ երկրի նավթը «պաշտպանելու» նպատակով: INTERFAX.RU-ի տվյալներով 170 բեռնատարներից կազմված ամերիկյան շարասյունը հոկտեմբերի 28-ին Ղամիշլիով շարժվել էր դեպի Հասաքե եւ Դեր Զոր: Նույն աղբյուրի վկայությամբ ամերիկացիները Սիրիա են տեղափոխել նաեւ 500 զինծառայող:

Պենտագոնի հայտարարությանը հետեւել էր նախագահ Թրամփի հոկտեմբերի 27-ի հայտարարությունը, թե անհրաժեշտության պարագային իրենք կարող են պատերազմել նավթի համար, դա վերաբերում է նաեւ նրանց, ովքեր կփորձեն իրենցից խլել այդ նավթը: Իրականում ԱՄՆ-ի խնդիրը նավթը չէ, որովհետեւ սիրիական նավթը համաշխարհային պաշարների ընդամենը 0.14 %-ն է կազմում, այսինքն ավելի քան չնչին է: Հակառակ դրան Սաուդյան Արաբիայինըՙ 15.42, Իրաքինը` 8.62, Քուվեյթինըՙ 5.88 %: Ի վերջո Պարսից ծոցի արաբական երկների նավթը լիակատար վերահսկում է ԱՄՆ-ը: Թեեւ պետքարտուղար Մայք Պոմպեոն Աբու Բաքար ալ-Բաղդադիի ինքնասպանությունից հետո ուղղեց Թրամփին, թե Սիրիայում մնալու իրենց կարեւորագույն նպատակը Իսլամական պետության ահաբեկիչների դեմ պայքարը շարունակելն է, քանի որ առաջնորդի մահը դեռեւս արմատախիլ չի անում ահաբեկչական այդ կազմակերպությանը: Բայց խնդիրն իրականում ամերիկյան զինծառայողներին Իրաք տեղափոխելուց հետո Սիրիայում դիրքերը Ռուսաստանին եւ նախագահ Բաշար Ասադին զիջելու, դրանով քրդական ուժերին ակամա վերջիններիս գիրկը մղելու, ռուսների եւ Ասադի վարչակարգի մերձեցման պայմաններում նրանց որպես կանխարգելիչ միջոց Իրանի դեպի Սիրիա առաջխաղացման դեմ օգտագործելու հնարավորությունը կորցնելու մտավախությունն էր: Սոչիի հուշագիրը Վաշինգտոնի համար ավելի տեսանելի դարձրեց այս հանգամանքը: Թերեւս այդ առումով պատահական չէր Մազլում Քոբանիի հանդեպ Վաշինգտոնի ցուցաբերած հետաքրքրությունը:

Նախագահ Թրամփը երկու հեռախոսազրույց էր ունեցել քուրդ հրամանատարի հետ, ապա, ինչպես ինքն էր վկայում, ասել էՙ «Քեզ անհամբեր սպասում եմ Վաշինգտոնում»: Թրամփի հրավերը պետք է վշտացրած լիներ Էրդողանին, որ նա հոկտեմբերի 26-ին վիրավորված հայտարարեց. «ԱՄՆ-ի պես գերտերության ղեկավարները, ելնում ինչ-որ մի ահաբեկչի հետ են շփվում, դեռ պահանջում են, որ Թուրքիան միջնորդի: Մենք ահաբեկիչների հետ բանակցել չենք կարող»: Հատկանշական է, որ Մազլում Քոբանիի հանդեպ ոչ պակաս հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ ռուսները: Քոբանին երկու հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարարությունում, միաժամանակ տելեկամուրջի միջոցով շփվել պաշտպանության նախարար Շոյգուի հետ: Թե ինչ ընթացք կունենան Վաշինգտոնի եւ Մոսկվայի համատեղ հետաքրքրությունները քուրդ հրամանատարի նկատմամբ, ցույց կտա ժամանակը: Սակայն, քրդական ուժերի կողմնորոշումը կախված է այս հետաքրքրություններին Մազլում Քոբանիի արձագանքից, կասկած չի հարուցում:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա Սիրիայի հյուսիս-արեւելքում ձեռնարկած «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունները ոչ միայն չհանգեցրին այսպես կոչված քուրդ ահաբեկիչների չեզոքացմանը, էլ չենք խոսում նրանց արմատախիլ անելու մասին, ինչպես Էրդողանն էր հաճախակի կրկնում, այլեւ նպաստեցին, որ քրդերը, որպես գործոն, հայտնվեն Մոսկվայի եւ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում: Այդ ընթացքում է՛լ ավելի սրվեց ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների լարվածությունը: Եթե նախաձեռնությունը Ռուսաստանին զիջելու պատճառով Սիրիայում դիրքեր կորցրած ԱՄՆ-ին չհաջողվի վերականգնել դրանք, ապա Վաշինգտոնը դրա պատասխանատվությունը կբարդի Թուրքիայի վրա եւ նա առանց դիրքերը վերականգնելու չի կարող հրապուրել ոչ քրդական ուժերին, ոչ էլ կանխել Իրանի ներթափանցումը Սիրիա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի 13-ին Վաշինգտոն է հրավիրված Էրդողանը Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման, դժվար չէ կռահել, թե ստեղծված իրավիճակում ինչպիսի ծանր բանակցություններ են սպասում Թուրքիայի նախագահին: Տվյալ դեպքում խնդիրն Էրդողանի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պայատում եւ Սենատում հավասարապես տիրող ինչպես «դեմոկրատների», այնպես էլ «հանրապետականների» հակաթուրքական տրամադրություններն են: Դրանք չնայած նախագահ Թրամփի համակրանքին, Էրդողանի պարագայում ավելի քան սուր բնույթ են ստանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ