ԵՐԿԱՐ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԷՐԴՈՂԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ ԹՐԱՄՓԻ ՀՐԱՎԵՐԻՆ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ Նոյեմբերի 13-ին նա Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահի հետ Նոյեմբերի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեջլիսում ելույթ ունեցավ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ: Ելույթում նա անդրադարձավ երկրի տնտեսական կյանքին, Սիրիայի վերջին զարգացումներին, ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակին: Մինչ անգլիական «Economist» հանդեսը վերջին համարում, հաշվի առնելով թուրքական տնտեսության ֆինանսական դժվարությունները, հարաճուն սղաճը, արտադրության կրճատումը, գործազրկության աճը, որի տեմպերը հասել են 8.5 %-ի, Թուրքիայում վաղաժամկետ ընտրությունների կանխատեսում էր անում, Էրդողանը բառացի ասաց. «Կենտրոնական բանկի նախորդ տնօրենը խոսք չէր լսում, նրան պաշտոնից ազատեցինք: Նոր տնօրենը խոսք լսող է, վարկերի տոկոսադրույքները իջեցրեց, դրա հետ նվազեց սղաճն ու հունի մեջ մտավ տնտեսությունը»: Սիրիայում տիրող իրավիճակի առնչությամբ նա մեղադրեց քրդական ոչժերին, թե չեն ենթարկվում ձեռք բերված պայմանավորվածություններին, ահաբեկիչները դեռեւս շարունակում են մնալ իրենց տեղերում, եթե չհեռանան, ապա իրենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է: Ձեռք բերված պայմանավորվածություններ ասելով Էրդողանն ակնարկում էր հոկտեմբերի 17-ին Անկարայում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած պատվիրակության հետ ստորագրած համաձայնագիրը եւ հոկտեմբերի 22-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո երկու երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեվլութ Չավուշօղլուի ստորագրած հուշագիրը: Իրականում դա նույնպես համաձայնագիր է, որովհետեւ հուշագրի տակ առհասարակ չեն ստորագրում: Ըստ ամենայնի ռուսական կողմն ընդառաջել է Էրդողանին, այնպես, ինչպես Անկարայի թուրք-ամերիկյան համաձայնագրով հայտարարված զինադադարի պարագայում, որը թուրքական լրատվամիջոցները նախագահ Էրդողանի օրինակով անվանում են «Խաղաղության աղբյուր գործողությունների ժամանակավոր դադարեցում»: Հատկանշական է, որ Սոչիի հուշագրի ռուսական տեքստում հիշատակվող «Քրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումներըՙ YPG-ն», թուրքերեն տարբերակում նշված է «YPG-ի ահաբեկիչներ»: Դա նկատվել էր Պուտինի եւ Էրդողան մամուլի համատեղ ասուլիսում, որտեղ հակառակ ՌԴ նախագահի, վերջինը համառորեն ահաբեկիչներ անվանեց YPG-ին: Էրդողանի համառությունը, սակայն, իրերի դրությունը Թուրքիայի տեսանկյունից չի փոխել Սիրիայում: Ոչ էլ ուշադրության են արժանացել նրա անընդմեջ կրկնվող խոսքերը, թե Թուրքիան պետություն է, պետություններն ահաբեկիչների հետ չեն բանակցում: Իրականում դա ճիշտ չէ, 2011-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Թուրքիան բանակցել էր PKK-ի պատվիրակության հետ, բանակցությունները թուրքական կողմից վարել էր Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, այն էլ Էրդողանի անմիջական կարգադրությամբ, որի մասին վերջինն է խոստովանել: Ավելին, թուրքական իշխանությունները, բացի բանակցելուց, YPG-ի նման ահաբեկչական համարվող Դեմոկրատական միասնության կուսակցությանՙ PYD-ի համանախագահ Սալիհ Մուսլիմին 2013-2014 թթ. Ստամբուլ, իսկ 2015-ին Անկարա են հրավիրել: Ընդ որում Մուսլիմի վերջին այցը իրականացվել է, ինչպես ինքն էր ասել թուրքական «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում, Թուրքիայի արտգործնախարարության հրավերով, այսինքն նախորդների պես գաղտնի չէր եղել: Ի դեպ, որքան էլ Թուրքիան նախագահ էրդողանի գլխավորությամբ YPG-ին ու PYD-ին բնութագրի որպես ահաբեկչական կառույց, Մոսկվան այս կառույցներից առաջինին համարում է «Քրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումներ», իսկ ԱՄՆ-ը, ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի, շարունակաբար թուրքերին հորդորում է բանակցել քրդական կառույցների հետ: Հարցի էությունը, սակայն, Թրամփի հորդորներով չի սահմանափակվում: Քրդական կառույցների հետ Սիրիայում ԱՄՆ-ի հետ հավասարապես սկսել է համագործակցել Ռուսաստանը, վերջիններս էլ երկրից ամերիկյան զինծառայողների հեռացման պայմաններում ռուսների միջնորդությամբ երկխոսություն են հաստատել Բաշար Ասադի վարչակարգի հետ, զիջելով կառավարական զորքերին իրենց վերահսկողության տակ գտնվող այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Մանբիջը, Քոբանին, Հասաքեն եւ Ղամիշլին: Այդ ընթացքում ամերիկյան պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Փենսը հոկտեմբերի 17-ին հենց Անկարայում Էրդողանից պահանջել է անհապաղ դադարեցնել «Խաղաղության աղբյուր» գործողությունները, զինադադար հայտարարել եւ բանակցություններ սկսել քրդական ուժերի հետ, միջնորդության պատրաստակամությամբ: Ինչ վերաբերում է Թրամփին , ապա նա թուրքական կողմին ներկայացրած ռազմական գործողությունները Սիրիայում իսկույն դադարեցնելու, YPG-ի եւ PYD-ի հետ բանակցություններ սկսելու պահանջներից զատ հեռախոսազրույցներ էր ունեցել քուրդ առաջնորդների հետ, այդ թվում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար Մազլում Քոբանիի: Դեռ ավելինՙ Էրդողանին վրդովեցնելու գնով վերջինին հորջորջել էր «գեներալ» եւ «հանդիպման անհամբեր սպասումով» հրավիրել Վաշինգտոն: Օգտվելով առիթից նշենք, որ Քոբանիի հանդեպ ամենեւին անուշադիր չեն նաեւ ռուսները, հատկապես ՌԴ արտգործնախարարությունն ու ի դեմս նախարարիՙ պաշտպանության նախարարությունը: Այս ամենը վկայում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի սիրիական քաղաքականության մեջ քրդական գործոնի ազդեցության աճի մասին: Դրան, ինչ խոսք, նպաստել են հոկտեմբերի 17-ին Անկարայում ստորագրված թուրք-ամերիկյան համաձայնագիրն ու հոկտեմբերի 22-ին Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումից հետո ընդունված հուշագիրը, առավել եւս նախքան հուշագիրը նախագահ Թրամփի ամերիկյան զինվորներին Սիրիայից դուրս բերելու որոշումը: Այդ զինվորները քրդական ուժերին ազատ գործունեության հնարավորություն էին տալիս Սիրիայի արեւելքում: Նրանց դուրս բերման պայմաններում քրդական ուժերը, մնալով դեմ հանդիման թուրքական զորքերի հետ, լքվածության զգացումով ստիպված մերձեցան ռուսներին, որ վերջիններիս միջնորդությամբ համագործակցության եզրեր գտնեն Բաշար Ասադի վարչակարգի հետ, ինչի հետեւանքով ԱՄՆ-ի կորցրած նախաձեռնությունը Սիրիայում ամբողջությամբ անցավ Ռուսաստանին, աճեց նրա հեղինակությունը տարածաշրջանում, կառավարական զորքերը, մուտք գործելով քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող քաղաքներ, նպաստեցին երկրում նախագահ Ասադի գերիշխանության ընդարձակմանն ու ազդեցության աճին: Ստեղծված իրավիճակում նախագահ Թրամփը վերանայեց ԱՄՆ-ում բուռն հակազդեցություն առաջ բերածՙ Սիրիայից ամերիկյան զինվորներին դուրս բերելու իր որոշումը: Այսպիսով ամերիկյան զինվորներից 800-ը ետ վերադարձավ, նավթահորերը, այսպես կոչված, պաշտպանելու առաքելությանբ: Նրանք նախնական տվյալներով տեղակայվել են Հասաքեի եւ Դեր Զորի շրջանում: Սակայն նավթահորերը միայն այս երկու շրջանում չեն միայն, բացի այդՙ չափազանց դժվար է 800 զինվորով վերահսկելը նավթառատ մյուս շրջանները: Այդ իսկ պատճառով հոկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահը թույլ տվեց ընդարձակելու ռազմական գործողությունները Հասաքեում եւ Դեր Զորում: Ակամա հարց է ծագում, ո՞ւմ, քրդական ուժերին: Այլ կերպ, «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեների դիպուկ արտահայտությամբ «Խաղաղության աղբյուր» գործողություններից «քրդերը շահեցին, շահեց Ռուսաստանն ու Ասադի վարչակարգը, ԱՄՆ-ն անցավ գերշահույթի, տուժողը միայն «համաշխարհային առաջնորդ» Էրդողանն էր»: Նման եզրակացության համար ի՞նչ հիմքեր ուներ տիկ. Աքշեները: Ա՛յն, որ Էրդողանը ռազմական գործողությունները ձեռնարկել էր Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական սահմանից 30 կմ խորությամբ «անվտանգ» գոտի ստեղծելու, դրա երկարություը, հակառակ Թրամփի նախանշած 120 կմ-ից, մինչեւ 444 կմ-ի հասցնելու եւ այդ գործողությունները մինչեւ քրդական ուժերին արմատախիլ անելը շարունակելու վճռականությամբ: Ընդ որում նա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի հետ Անկարայում թուրք-ամերիկյան համաձայնագիրը ստորագրելու նախօրյակին մերժել էր ռազմական գործողությունների 120 ժամանոց դադարը եւս մեկ օրով երկարաձգելու Թրամփի խնդրանքը: Սակայն Սոչիում Պուտինի հետ հանդիպումից հետո երկարաձգեց 150 ժամ: Սոչիի հուշագիրը Էրդողանին չտվեց իր առջեւ դրած խնդիրներն իրականացնելու գրեթե ոչ մի հնարավորություն: Նրան ամենեւին չհաջողվեց արմատախիլ անել այսպես կոչված քուրդ ահաբեկիչներին, ոչ էլ կարողացավ ընդարձակել անվտանգ գոտին, հակառակ իր հավաստիացումներին, նախքան քրդական ուժերի հեռացումը, վերջ տվեց նաեւ «Խաղաղության աղբյուր» գործողություններին: Թերեւս նրա ակտիվում կարելի էր գրանցել «անվտանգ գոտու արեւելքում եւ արեւմուտքում 10 կմ խորությամբ ռուների հետ համատեղ իրականացվող պարեկային հսկողությունը, սակայն չմոռանալ, որ ամերիկյան զինվորների Սիրիա վերադարձով քրդական ուժերն էլ սկսեցին պարեկային հսկողություն իրականացնել ամերիկացիների հետ: Բացի այս ամենից, նոյեմբերի 13-ին Էրդողանին սպասում է լուրջ փորձություն Վաշինգտոնում, ոչ միայն դրա համար, որ նրա նախագահ Թրամփի հրավերով պայմանավորված այցը իրականացվելու է Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակման 96-րդ տարեդարձինՙ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագծի ընդունման ֆոնին: Կան նաեւ Էրդողանի համար խիստ մտահոգիչ այլ հանգամանքներ: Դրանցից թերեւս պետք է առանձնացնել նախագահ Թրամփի անձամբ թուրք գործընկերոջը հասցեագրած եւ Թուրքիայում բուռն շահարկումների տեղիք տված գրավոր նամակը: Դա Անկարա էր հասել դեռեւս հոկտեմբերի 9-ին: Քանի որ ԱՄՆ-ի նախագահը հրամայական տոնով Էրդողանին խրատում էր «ապուշություն չանել եւ չմեծամտանալ», ուստի նամակը քողարկել էին նախագահականում: Զգալով դա, Վաշինգտոնում տեղեկատվության արտահոսքի միջոցով նամակը հայտնվել էր ամերիկյան Fox TV-ի խմբագրությունում, ապա հրապարակվել մամուլի էջերում, ընդ որում այն պահին, երբ փոխնախագահ Փենսի պատվիրակությունը հասել եր Անկարա: Թեեւ դրա առնչությամբ Թրամփը ասել էր. «Եթե նամակը չլիներ, ապա չէր ստորագրվի Անկարայի համաձայնագիրը», սակայն դա ավելի շուտ ստորագրվել է շնորհիվ փոխնախագահ Փենսի Էրդողանի եւ նրա ընտանիքի անդամների ունեցվածքի մասին ներկայացրած փաստաթղթերի, քան նամակի: Նամակը պարզապես նպաստել է, որ Էրդողանն ընդունի ԱՄՆ-ի փոխնախագահին եւ նրա պատվիրակության անդամներին: Համաձայնագրի ստորագրումից հետո այլեւս անիմաստ էր նամակը թաքցնելը: Ուստի դա հրապարակվեց, թուրք լրագրողները սկսեցին հարցնել, թե նախագահ Էրդողանը պատասխան նամակ չի՞ գրելու: Նրանց հարցերին արձագանքեց նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը . «Նամակն աղբաման ենք նետել»: Ըստ երեւույթին հետո հանել էին աղբամանից, որ մամուլն ու քաղաքական շրջանակներն անընդհատ արծարծում էին պատասխան նամակի հարցը, Թուրքիայի ազգային արժանապատվությունը վիրավորելու ենթատեքստում: Հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության ճանաչման բանաձեւի եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի օրակարգը սկսեց զբաղեցնել Էրդողանի Վաշինգտոն մեկնելու հարցը: Հարցին Էրդողանի փոխարեն պատասխանում էր նրա խոսնակը, թե շարունակում են գնահատել ստեղծված իրավիճակը, թե նախագաhը դեռ չի որոշել: Մոտավորապես նույնն էր ասում նաեւ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն , եւ այդ առոմով նրան էր միանում Էրդողանը: Հետո հայտարարվեց, որ Էրդողանը հեռախոսազրույց կունենա մեծարգո Թրամփի հետ, ապա վերջական որոշում կընդունի: Հոկտեմբերի 6-ին, երբ արդեն Թուրքիայում հայտնի էր դարձել Սիրիայի հարցերով նախագահ Թրամփի հանձնակատար Ջեյմս Ջեֆրիի առաջիկա այցը Անկարա, Էրդողանն անձամբ հայտարարեց, որ կմեկնի Վաշինգտոն: Նա, ըստ երեւույթին, հեռախոսազրույց ունեցել է նախագահ Թրամփի հետ, որոհետեւ դրանից մեկ օր առաջ ասում էր. «Նախ կզրուցեմ նախագա Թրամփի հետ, ապա նոր կորոշեմ»: Թեեւ ընդդիմությունը Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավորությամբ Էրդողանից պահանջում էր չմեկնել Վաշինգտոն, մատնացույց անելով Թրամփի «տխրահռչակ» նամակն ու Ներկայացուցիչների պալատի ընդունած վերջին որոշումները, իսկ քաղաքական մեկնաբանները կարծիք էին հայտնում, թե թող գնա եւ այդ «ամբարտավանին» հանձնի ուղարկած նամակը, ըստ երեւույթին սուրհանդակի տեղ դնելով իրենց նախագահին, նրանք սակայն հաշվի չեն առնում Թրամփի հրավերը մերժելու Էրդողանի հնարավորությունները: Ժամանակը Էրդողանի տեսանկյունից հավանաբար նպաստավոր չէ ԱՄՆ այցելելու համար, բայց դա նախագահ Թրամփի հրավերը մերժելու դեպքում կդառնա իսկական մղձավանջ: Մանավանդ որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու Ներկայացուցիչների պալատի օրինագծում մատնանշվել են Էրդողանի, նրա տիկնոջ, չորս զավակների ունեցվածքն ու բանկային հաշիվները: Դրանք հանկարծ կարող են միանգամայն սառեցվել, իսկ եթե այդ ամենը տեղեկատվության «արտահոսքի» եղանակով հայտնվի ամերիկյան մամուլի էջերում, ապա Էրդողանը հազիվ թե տակից դուրս գա: Թվում էր, թե Էրդողանի նոյեմբերի 13-ին նախատեսվող այցը ԱՄՆ, հատկապես նախագահ Թրանփի հետ նրա բանակցությունները հնարավորություն կտան Սիրիայում տիրող իրավիճակի մասին մեր պատկերացումները փոքրիշատե հստակեցնելու համար: Ինչպես երեւում է, Թուրքիայի նախագահի պաշտոնական այցի եւ նրա բանակցությունների վրա իրենց կնիքն են թողնելու անձնական եւ ընտանեկան ունեցվածքի խնդիրները, կապված ԱՄՆ-ում դրա հետագա ճակատագրի հետ: |