TANAP ԳԱԶԱՄՈՒՂԻ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պգթ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, նոյեմբերի 30-ին կայանալու է TANAP (Trans-Anatolian Pipeline) գազամուղի պաշտոնական բացումը: Կարելի է պնդել, որ սա Ադրբեջանի համար ռազմավարական նշանակության ծրագիր է, քանի որ առաջին խողովակաշարն է, որը վերահսկվում է պաշտոնական Բաքվի կողմից: Նշենք, որ Ադրբեջանից սկիզբ առնող մյուս խողովակաշարերըՙ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը եւ Բաքու-Էրզրում գազամուղը պատկանում են միջազգային կոնսորցիումների, որոնց հիմնական օպերատորը Բրիտիշ Փետրոլիումն է: Այս պայմաններում TANAP-ի գործարկումը, որի հիմնական սեփականատերը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն էՙ SOCAR-ը 59 տոկոսով, պաշտոնական Բաքվի համար ռազմավարական նշանակություն է ստանում: Ըստ վերջիններիս հաշվարկների TANAP-ի գործարկումը հնարավորություն կտա «լուրջ» քաղաքական խաղացող դառնալ Եվրոպայի գազի շուկայում, այստեղից բխող քաղաքական հետեւանքներով: Թե ինչքանով են լուրջ նմանատիպ հաշվարկները, սա առանձին հոդվածի թեմա է, սակայն այս պահին շեշտենք, որ ամբողջ հաշվարկը կատարված է ռուսական Գազպրոմին այլընտրանք ստեղծելու անհրաժեշտության հրամայականով: Հիշեցնենք, որ այս ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 40 մլրդ դոլար է, որից 13 մլրդ դոլարը միայն TANAP-ի կառուցումն է, որը սկիզբ առնելով վրաց-թուրքական սահմանիցՙ ավարտվում է թուրք-հունական սահմանին: Այսինքն, մոտ 1850 կմ երկարության գազամուղը, որի հզորությունը ընդամենը 16 մլրդ խ/մ է տարեկան, պետք է ադրբեջանական գազը հասցնի մինչեւ Հունաստան, իսկ այնտեղից արդեն TAP (Trans-Adriatic Pipeline) գազամուղովՙ մինչեւ Իտալիա: TAP գազամուղի երկարությունը մոտ 878 կմ է, իսկ արժեքըՙ 5.1 մլրդ դոլար: Այս գազամուղի շահագործումը, որն անցնելու է նաեւ Ալբանիայով եւ Ադրիատիկ ծովի հատակով, նախատեսվում է շահագործման հանձնել 2020թ.-ին: Բավականին բարդ եւ ֆինանսա-տնտեսական եկամտաբերության առումով կասկածելի այս ծրագրին հրաժարվեցին մասնակցել Եվրոպական գազի հսկաները, մասնավորապես ֆրանսիական TOTAL-ը եւ նորվեգական StatOil-ը: BP-ի մասնակցությունը պայմանավորված էր քաղաքական այն շահերով, որոնք այս տարածաշրջանում ունեն անդրազգային այդ ընկերությանը սատարող պետություններըՙ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն: Բացի այդ, վերջինս կարողացավ ստիպել Ադրբեջանին այդ գործարքին մասնակցելու դիմաց ստանալ գազի տարանցման ավելի մեծ հնարավորությունՙ քան նախատեսված էր նախնական պայմանագրով: TANAP-ի մյուս ակցիոներները թուրքական պետական նավթա-գազային ընկերություններն են: Ըստ շատ մասնագետների, գազի վաճառքով զբաղվող միջազգային ընկերությունների ցածր հետաքրքրությունը այս նախագծով բացատրվում է դրա կասկածելի բիզնես հեռանկարներով եւ այն ռիսկերով, որոնք առաջանում են Եվրոպական շուկա TANAP-ի մուտք գործելուց հետո: Հիշեցնենք, որ 16 մլրդ խ/մ թողունակության այս խողովակաշարի գազի մի մասը, մոտ 6 մլրդ խ/մ, սպառվելու է Թուրքիայում, իսկ մնացածը հոսելու է դեպի Եվրոպա: Նախատեսվում է, որ հետագայում TANAP-ի հզորությունները կկրկնապատկվեն մինչեւ 31 մլրդ խ/մ տարեկան, սակայն նույնիսկ այս հեռանկարը պայծառ չի դարձնում տվյալ ծրագրի կոմերցիոն կողմը, քանի որ կա կարծիք, որ ընդհանուր առմամբ 40 մլրդ դոլար արժողության այս գերթանկ նախագիծը առաջիկա 20 տարիների ընթացքում չի կարողանա հետ բերել ներդրված գումարները: Ծրագրի ցածր շահութաբերությունն է պատճառը, որ Եվրոպական նավթագազային ընկերությունները մեծ հետաքրքրություն այս ծրագրի նկատմամբ չդրսեվորեցին: Սա նշանակում է, որ ծախսի ամբողջ ծանրությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա, որը նավթի գների անկումից ու տնտեսական կոլապսից հետո դեռ մինչեւ վերջ չի կարողացել կարգավորել իր տնտեսությունը եւ ծրագրի իրականացման համար ստիպված է մեծ պարտքեր կուտակել: Բացի դրանից, մինչեւ օրս պարզ չէ ռուսական կողմի գործողություներն ու վերաբերմունքը այս նախագծին: Ադրբեջանական կողմը փորձում է «թաքցել» նախագծի հակառուսական երանգները Ռուսաստանին առաջարկելով միանալ դրան եւ օգտագործել TANAP-ի հզորություները ռուսական գազը Եվրոպա հասցնելու համար: Սակայն քիչ հավանական է, որ ռուսները կընդունեն այս առաջարկը, քանի որ կառուցում են իրենց գազատարըՙ «Թուրքական հոսքը», հետեւաբար լրացուցիչ հզորությունների կարիք չունեն: Բացի այդ, կա ռիսկ, որ TANAP-ի նախագծի շահագործումից հետո Ռուսաստանը ուղղակիորեն կնվազեցնի գազի գինը Իտալիայի համար, այդպիսով վերացնելով այս ծրագրով եկամուտ ստանալու որեւիցե հեռանկար: |