ՈՒՍՈՒՑԻՉ ԵՎ ԴԱՍԱՏՈՒ ՆԱԻՐ ՅԱՆ Մեր ամբողջ հասարակությունն ուսուցչի ստեղծագործություն է կամ դասատուի արտադրանք: Ընդ որումՙ մայրենի լեզվի ուսուցչի կամ դասատուի: Երբ մարդն ինքն իր հետ մենակ է մնում ու ինքավերլուծության ենթարկվում, հանգում է մի պարզ ու բնական ճշմարտությանՙ իր կյանքում եղել է այն մեկը, որը խոր հետք է թողել իր վրա: Եթե մարդը վերջնարդյունքում գոհ է իրենից ու իր ապրած կյանքից, մտքում շնորհակալ է լինում այդ մեկինՙ ուսուցչին: Կարեւոր չէՙ այդ մեկն իրեն դպրոցում է հանդիպել, բուհում, թե կյանքի ինչ-որ դիպվածով մեկ այլ տեղ, նրան անվանում է ՈւՍՈւՑԻՉ: Այս բառի, հասկացության խորությունն իմաստավորում է մեր ապրած կյանքը, մեր ապրածի որակը, մեր տեսակը, նկարագիրն ու հոգեկերտվածքը: Մեկ բառովՙ մեր «ես»-ը: Եկեք յուրաքանչյուրս հիշենք մեր դպրոցը, ուսուցիչներին ու հատկապես մայրենի լեզվի ու գրականության ուսուցչին: Հիշեցի՞ք, ձեր հուշերում վերակենդանացրի՞ք նրա կերպարը: Հիմա հաջորդ հարցերը. դուք ձեր մայրենի լեզվով գրքեր կարդո՞ւմ եք, Սահյան, Չարենց, Թումանյան, Թեքեյան, Վարուժան, Շահնուր գիտե՞ք, երբ լսում եք Վահրամ Փափազյանի արտասանած «Իջե՜ք, իջեք, երազները», սիրտներդ թրթռո՞ւմ է, երբ Կոմիտասի «Հով արեքն» եք լսում, լացներդ գալի՞ս է, երբ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի առջեւ ծաղիկ եք խոնարհում, ձեր ներսում աղոթքն ու ցասումն իրա՞ր են խառնվում: Եթե այո, ուրեմն դուք մայրենի լեզվի եւ գրականության ուսուցիչ եք ունեցել, իսկ եթե ոչ, ուրեմն նա դասատու է եղել: Որքան էլ ասենքՙ ժամանակները փոխվում են, օտար լեզուներն ու նոր տեխնոլոգիաները կուլ են տալիս մայրենին էլ, հայրենին էլ, սո՛ւտ է: Եթե մայրենին ու հայրենին ձեր ներսում, հոգում, էության մեջ, մտքում արմատներ են գցել, ձեզ հետ մի մարմին ու մի հոգի դարձել, ուրեմն դուք առանց նրանց ապրել չեք կարող: Այս արժեքների սերմերն ուսուցիչն է գցում մեր հոգում, հետո ջրում է, խնամում, որ ծիլեր տան, արմատները հզորանան, ինքն էլ տեսնում է, հավաստիանում, որ ծառը պտուղներ է տալիս, հետո միայն հանգիստ խղճով իր առաքելությունն ավարտված է համարում: Աշխարհում ոչ մի մասնագիտություն, անգամ բժշկությունը առաքելություն չէ, բացի ուսուցչի կոչումից: Ուսուցչի եւ առաքյալի արժեքային կապն անգամ «Աստվածաշնչում» է առկա: Ուսուցիչ լինելն առաքելություն է, որովհետեւ ուսուցչի կերտած մարդը կարող է աշխարհ փրկել ու աշխարհ կործանել: Օրուգիշեր դժգոհում ենք համատարած անգրագիտությունից, դժգոհողն էլ է իր դժգոհությունն անգրագետ գրում ու արտահայտում: Հետո դժգոհողի դեմ դժգոհողն էլ իր հերթին է անգրագետ դժգոհում: Բայց պարադոքսն այն է, որ ոչ ոք իր անգրագիտությունը չի նկատում, ու անգրագիտությունը դառնում է մարտնչող: Իսկ անգրագետին քննադատելիս առաջինն ո՞ւմ են հիշում. նրա հայոց լեզվի ուսուցչին: Հակառակն էլ է լինում, երբ հարուստ բառապաշարով հագեցած խոսք ենք լսում, դարձյալ հիշում ենք խոսողի հայոց լեզվի ուսուցչինՙ նրան օրհնելով: Հիմա թուրութվանքն առել-ընկել ենք երկար անունով նախարարության նախարարի հետեւից. ո՞նց թե, ուսուցիչը պետք է քննություն հանձնի, որ պարզնեքՙ դասատո՞ւ է, թե ուսուցիչ: Պարոն նախարար, ուրեմն ուսուցիչների գիտելիքները, մասնագիտական որակը կասկածի տա՞կ եք առնում: 3 հատ 8 միավորով մանկավարժական համալսարան ու ԵՊՀ ընդունված դիմորդը 4 տարի դասի է գնում-գալիս, դասախոսությունները գրի է առնում, կուրսայինի ու ռեֆերատի փող է տալիսՙ չհաշված տարեկան կես միլիոն ուսման վարձը, քննություններից առաջ աղոթում է Բարձրյալին, որ 3 հարցն իր սվորած 10 հարցերից ընկնի, ոչ թե չսովորած 99-ից, վերջում երանելի դիպլոմն ստանում է, դիպլոմի հետ էլ տատի նվերըՙ բուհը մի կերպ ավարտելու կապակցությամբ ոսկե մատանի կամ ականջօղ: Եվ մեր հասարակության շարքերը համալրվում են եւս մի դասատուով: Դիպլոմն ստանալիս պոտենցիալ դասատուն երանությամբ է հիշում իր անգերազանցելի անգրագիտության վրա աչք փակած դասախոսներին, իսկ մի կերպ «բավարար» նշանակածների անունն անգամ հիշել չի ուզում: Ու տասնամյակներ շարունակ մեր դպրոցները բավարարվել են «բավարար» ստացած դասատուներով: Ավելի ճիշտՙ մենք ենք բավարարվել, լռել ու համակերպվել: Հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն դասավանդող դասախոսները դժգոհության հերթական ալիքն են բարձրացրելՙ ինչպե՞ս կարելի է հանդուրժել, որ ոչ մասնագիտական բուհերում հայագիտական առարկաներ չուսուցանվեն: Ուզում եմ նրանց հարցնել. դուք ձեզ հարգո՞ւմ եք, հարգելի դասախոսներ, երբ, ասենք, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ձեր դասերին ուսանողները կա՛մ չեն նստում, կա՛մ բացակա չստանալու համար են նստում: Նրանք դպրոցում 12 տարի հայագիտական առարկաներից անգամ նվազագույն գիտելիք չեն ստանում, շատերը քարտեզի վրա Հայաստանի ու Արցախի տեղը չգիտեն, չգիտեն, թե արցախյան պատերազմը երբ է սկսվել, զինադադարը երբ է եղել, մեր հերոս ազատամարտիկների անունները չգիտեն: Երկար անունով նախարարության նախարարի հետ հանդիպած դասախոսներին, որոնք հայոց լեզվի ավարտական քննությունների «Շտեմարանն» են կազմել, ուզում եմ հարցնել. «Հարգելիներս, դուք հատուկ ծրագիր ու քաղաքականությո՞ւն եք իրականացնում, որ մեր երեխաներն ատեն մայրենին ու հայ գրականությունը: Առանց այդ էլ իրենց կյանքի լավագույն 12 տարիները նրանք ուղղակի սպանում են դպրոցում. ո՛չ դասագրքերն են բանի պետք, ո՛չ կրթական համակարգը, ոչ էլ (թող ներեն ինձ կոչումով ու առաքելությամբ հատուկենտ ուսուցիչները) դասատուները»: Երկար անունով նախարարությանն եմ դիմում. ուսումնասիրություններ անցկացրեք, հետազոտեք ու կհամոզվեք, որ բարձր առաջադիմությամբ, խելացի, գրագետ աշակերտներն ու ուսանողներն այդպիսին են ոչ թե դպրոցների եւ դասատուների, այլ նրանց ընտանիքների, ծնողների շնորհիվ: Այսօրվա հայրերն ու մայրերը ոչինչ չեն խնայում իրենց երեխայի համար, անգամ կրկնուսույցին են վճարում, որ դպրոցի բացը լրացնեն, երեխայի հետ դաս են սովորում, բացատրում են, ուղղություն ցույց տալիս, նրա հետ 12 տարի դպրոց են գնում: Ցավոք, շատերը համակերպվել են բուհը «բավարարով» ավարտած դասատու ունենալու իրողության հետ, որովհետեւ ո՞ւմ դեմ պայքարեն, քանիսի՞ դեմ պայքարեն, նրանք մի ամբողջ բանակ են, հրոսակախումբ: Երկար անունով նախարարությանը նորից եմ դիմում. ծնողների շրջանում հարցում անց կացրեք ու կհամոզվեք, որ եթե ֆինանսական եկամուտները բավարարեին, ոչ մի ծնող իր երեխային հանրակրթական դպրոց չէր տանի: Այսօրվա հայրերն ու մայրերն իրենց հազար մասի են բաժանում, որ երեխան գրագետ, բարեկիրթ, զարգացած մարդ մեծանա: Եթե հույսները միայն դպրոցի վրա դնեն, կնշանակի հարազատ երեխայի ապագան անտեսում են: Բայց չէ՞որ այդ նույն ծնողի հարկերից է դասատուն վարձատրվում: Ո՞վ պետք է պատասխան տա նրա տապալված, բովանդակությունից զուրկ դասերի ու երեխային խեղաթյուրված մարդու վերածելու համար: Դպրոցում հայոց լեզվի եւ հայ գրականության երջանկահիշատակ իմ ուսուցչուհինՙ Տիրուհի Գեւորգյանն է իմ սրտում հայրենագիտության սերմերը ցանել: Նա տվեց ինձ իմ մայրենիի բանալին, բացեց թաքնված ու լուռ սիրո այն դուռը, որը տանում է դեպի մեր պատմության, բանահյուսության ակունքները: Նա սովորեցրեց ինձ սիրել իմ մայրենին, սովորեցրեց պատկառել նրանից այն աստիճան, որ ամեն սխալ գրված բառ ես դիտարկեմ որպես անարգանք Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու, Չարենցի, ծնողներիս, հայրենիքիս ու իմ հասցեին: Գրագետ խոսելն ու գրելը, այո՛, առաջին հերթին հարգանք է սեփական անձի նկատմամբ: Սեփական պատմությունն ու մշակույթը ճանաչելը մեծարանք է սեփական անձի նկատմամբ: Երեխայիդ ազգային ու համամարդկային արժեքներին հաղորդակից դարձնելը, կիրթ ու գրագետ մարդ դաստիարակելը հարգանք է նախեւառաջ նրա՛ անձի նկատմամբ, եւ դա ինքնին պայքարի ձեւ էՙ ընդդեմ դասատուի, խեղված դասագրքի ու անորակ կրթական համակարգի: Երիտասարդ դաշնակցականները երկար անունով նախարարության նախարարի հրաժարականն են պահանջում, բողոքում են, թե նա կործանում է մեր ազգային արժեքները, հայագիտության հիմերն է քանդում: Հայագիտության ո՞ր հիմերն է քանդում, վաղուց քանդվա՞ծը: Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնն առնվազն չորս անգամ դաշնակցական է զբաղեցրել: Ծաղկել, բարգավաճե՞լ է հայագիտությունը, թե՞ դասագրքերն ու դասատուներն են որակապես փայլել: Արեւմտահայերենը կորցրել ենք, սիրելիներս, հիմա էլ մեր բարբառներն ենք կորցնում, քանի որ դրանք կրողները մարզերից Երեւան են տեղափոխվում կամ երկիրը լքում են: Հայագիտության այս հիմերը, որ սրբորեն պետք է պահպանեինք, արդեն քանդվել են ու վաղուց... Մտածե՛լ սովորեցրեք երեխային, երեւույթների խորքերը նայել սովորեցրեք: Խոսել սովորեցրեք, խոսելՙ առանց պաթոսի, կեղծ բառերի, թող երեխան աշունը նկարագրի ոչ թե գրքային բառերով, որոնց ինքն էլ չի հավատում, այլ իր զգացածովՙ պարզ, անմիջական: Թույլ տվեք երեխային բացատրելՙ ինչու չի սիրում Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը: Իսկ միգուցե մինչ բանաստեղծությանն անցնելը նրան պետք է պատմել, թե Կապուտիկյանն ինչու է գրել այն, ում է ուղղել, ինչպիսի՞ ժամանակներ էին, երբ նա գրեց այդ բանաստեղծությունը: Չեք պատմի, չեք ասի, «բավարարով» դասատուներ, որովհետեւ ինքներդ էլ չգիտեք: Չգիտեք, չեք էլ ուզում իմանալ: Ձեր խնդիրը 45 րոպեն սպանելն է, խեղդամահ անել-դեն շպրտելը: ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսում էինք. սեպտեմբերի սկզբներին պրոֆեսոր Սերգեյ Գալստյանը մեր 100 հոգանոց կուրսին թելադրություն տվեց: Հատուկ կազմված տեքստ էր, որն ընդգրկում էր հայերենի գրեթե բոլոր ուղղագրական բառերն ու կետադրական կանոնները: Մեր կուրսում 98 սխալ անող ուսանող կար, շատերը մինչեւ 50 սխալ էին արել: Նրանց առաջին տասնյակին պրոֆեսորը ոտքի հանեց ու ասաց. բառացի եմ հիշում. «Լավ նայեք նրանց, հիշեք այս դեմքերը: Նրանք ուսուցիչ են աշխատելու: Որ դպրոցում տեսնեք նրանց, ձեր երեխային հանեք այդ դպրոցից, փախցրեք-տարեք»: Երջանկահիշատակ պրոֆեսորը չէր սխալվում. մեծ մասը հետո դպրոց մտավ: |