RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019



Տեղադրվել է` 2019-11-21 23:27:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2901, Տպվել է` 198, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕԳՈՒՌՑՈՎԿԱ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տարիներ առաջ, երբ Գազպրոմը դեռ այնքան հզոր չէր, որ Եվրոպային գազ տար, Ուկրաինայի Խերսոնի մարզի Զմեյովկա քաղաքին մերձ գյուղերից մեկում ապրում էր մուժիկ Ալեքսեյ Պետրովիչ Պետրենկոն: Մի առավոտ, երբ Պետրովիչը հողամասում վարունգ էր հավաքում, ի դեպ այդ շրջաններում լավ վարունգ է լինում, հանկարծ նկատում է երկու տղամարդու, որոնք տեղացի չեն լինում: Պետրովիչը սկսում է կասկածանքով նայել նորեկներին եւ զուգահեռաբար վարունգ հավաքել: Ի վերջո նորեկներից մեկն իր հերթին նկատում է իրենց նայող Պետրովիչին եւ մոտենում է: Հեյ, մուժիկ,-ասում է նա,-դու այս գյուղի՞ց ես: Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել ու շուտով կմեռնեմ,-պատասխանում է Պետրովիչը: Շատ լավ է,-ասում են անծանոթները,-մենք էլ հենց քեզ էինք փնտրում, կարո՞ղ ենք զրուցել: Պետրովիչը մի անգամ եւս ուշադիր նայում է երկու անծանոթներին, ապա դեմքին թեթեւ ժպիտ տալով ասում. «Գնանք տուն, լավ օղի ունեմ, վարունգներն էլ թարմ են»: Տղամարդիկ գնում են տուն, եւ Պետրովիչը պարզում է, որ անծանոթները գյուղ են եկել հատուկ առաքելությամբ: Բանն այն է, որ նրանք Կիեւի կենտրոնում 54 հարկանի գրասենյակ ունեն, որը զբաղվում է Ուկրաինայի ծայրամասերի գազիֆիկացմամբ եւ ահա եկել են Զմեյովկայի շրջան, որպեսզի գազ տան: Լսելով գազի անունըՙ Պետրովիչն անմիջապես հուզվում է, քանի որ վերջին անգամ իր տանը գազը վառվել էր դեռ Սովետի ժամանակ, երբ երջանկահիշատակ կինը պյուրե պատրաստեց` սալով ու վերջին անգամ: Բայց հուզմունքին արագ հաջորդում է ոգեւորությունը եւ Պետրովիչը հետաքրքրվում է անծանոթներից, թե ի՞նչ է պետք, որպեսզի գազը միացնեն: Անծանոթներն էլ մի-մի վարունգ ուտելով, ասում են, որ դրա համար անհրաժեշտ է գյուղի հավաք, որպեսզի իրենք ցուցակագրեն բոլոր ցանկացողներին եւ ամեն տնից գանձելով 300 դոլար, գազը միացնեն: Պետրովիչն արագ կազմակերպում է գյուղի հավաքը, բնակիչների մեծ մասն ուզում է, որ գազ ունենա, մարդիկ ցուցակագրվում են, ընդհանուր առմամբ ողջ գյուղից հավաքագրվում է շուրջ 7-8 հազար դոլար` ներառյալ խողովակի գինը, եւ մեկ շաբաթից Զմեյովկայի շրջանի վարունգով հայտնի գյուղը գազ է ստանում: Ողջ օրը մուժիկները խմում են, կանայք` ոչ պակաս, եւ ոչ ոք չի նկատում, որ գազաբեր անծանոթները հենց նույն օրը հեռանում են գյուղից: Նկատում են, երբ 2 օր անց առավոտյան փորձում են վառել գազն ու չի միանում: Ամբողջ գյուղն իրար է անցնում, դու է՞լ չունես, հարցնում են իրար, մինչեւ հասկանում են, որ գազ չկա առհասարակ: Հենց Պետրովիչն էլ առաջինն է հասկանում, թե ինչ է պետք անել: Եկեք,-ասում է,-գնանք գազի խողովակի հետեւից, տեսնենք, թե որտեղից է սկսկվում, գուցե վթա՞ր է եղել: Բոլորը հետեւում են Պետրովիչին եւ հասնում խողովակի սկսվելու տեղը: Պարզվում է խողովակը գյուղից փոքր ինչ հեռու մտնում է գետնի տակ: Ջահելներն արագ փորում են եւ...բոլոր տղամարդիկ հանում են գլխարկներն ու գետնին նետում, մի քանիսն անգամ նզովում են Պետրովիչին` նման փորձանք գյուղի վրա բերելու համար. Պարզվում է բոլորը գազ էին ստանում մեկ բալոնից, որը թաղվել է հողի տակ ու խողովակով միացվել ողջ գյուղին: Անծանոթներն իրականում խարդախներ էին ու կլորիկ գումարի դիմաց խաբել էին. մարդկանցՙ մշտական գազով ապահովելու փոխարեն բալոնից էին տվել, որն էլ միայն մեկ օր էր բավականացրել:

Հիշեցի այս պատմությունը, քանի որ Հայաստանում ժողովուրդն իշխանության հանդեպ անսահման վստահությունից կարող է կուրանալ, ինչպես սիրուց են կուրանում... Հա, չմոռանամ ասել, որ այդ գյուղը կոչվում է Օգուռցովկա` հաշվի առնելով վարունգի առատությունն անշուշտ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ