ՍԵՆԱՏՈՐ ՄԵՆԵՆԴԵՍԻ ՎՃՌԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԳՐԱՀԱՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը վերջերս հայտարարել է, որ դիրքերը չի զիջելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ամեն շաբաթ ընդգրկելու է Մ. Նահանգների կոնգրեսի վերին պալատի օրակարգում, մինչեւ հասնի ցանկալի արդյունքի հանուն արդարության: Մինչ նրա այս հայտարարությունը, ամերիկյան եւ անգլիագիր հայկական մամուլում բազմաթիվ քննադատական հոդվածներ են տպագրվել ընդդեմ ԱՄՆ-ի հանրապետական սենատորներ Լինդզի Գրահամի եւ Դեյվիդ Պերդյուի, որոնք երկու տարբեր առիթներով վետո էին կիրառել հայանպաստ բանաձեւի քննարկմանը սենատում: Հոդվածները նաեւ պարունակել են որոշ բացահայտումներ: Պարզվել է, օրինակ, որ նախքան բանաձեւը տապալելը Գրահամը նոյեմբերի 13-ին օվալաձեւ գրասենյակում բավականին բորբոքված բանավեճի է բռնվել Թուրքիայի նախագահի հետ: Վերջինս իր iPad-ի միջոցով ներկաներին քարոզչական բովանդակությամբ տեսաժապավեն է ցուցադրել, որտեղ քրդական կազմավորմամբ Սիրիայի դեմոկրատական ուժերի առաջնորդը ներկայացվել է որպես ահաբեկիչ: Հարավային Կարոլինայից հանրապետական սենատորՙ Գրահամը անմիջապես հակադարձել է նրան, ասելովՙ «Կուզենայի՞ք, որ քրդերին խնդրեի նման մի տեսաժապավեն նկարահանել ձեր արածների մասին»: Օվալաձեւ գրասենյակից դուրս գալուց հետո, սակայն, Սպիտակ տան օրենսդիր մարմնի ավագ աշխատակիցներից մեկը նրան է մոտեցել եւ «խնդրելով կարգադրել» է սենատում տապալել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի սպասվող քննարկումը: «Ես այդպես էլ վարվեցի, որովհետեւ Էրդողանը այստեղ էր եւ ժամանակը հարմար չէր: Ես փորձում եմ փրկել հարաբերությունները», հաստատել է Գրահամը, եւ այն հարցին, թե «անհարմար չի՞ զգացել», պատասխանել է. «Իհարկե զգացել եմ, որովհետեւ ես հարգում եմ Բոբին (Մենենդեսին): Նա տարիներ շարունակ այս հարցով է զբաղվում, բայց հարմար չգտա, որ դա տեղի ունենար Թուրքիայի նախագահի այստեղ գտնվելու օրերին: Հաջորդ անգամ ես չեմ առարկի»: Հաջորդ անգամը նոյեմբերի վերջերին էր, եւ Սպիտակ տունը մեկ այլ հանրապետական սենատորիՙ Դեյվիդ Պերդյուին էր խնդրել այդ գործը գլուխ հանել: Կատարվածը «խիստ անհանգստացնող» էր որակել գրող եւ հասարակական գործիչ Էյմի Սիսկինդը («Ի՞նչ է կատարվում այդ մարդկանց հետ», հարցրել էր), իսկ վիպասան Քրիս Բոհջալյանը Գրահամին «անողնաշար» էր որակել եւ անբարոյական համարել Մ. Նահանգների շահերը թուրքականին ստորադասելու նրա պատրաստակամությունը: Մյուս կողմից քաղաքական սատիրիստ Ջերեմի Նյուբերգերը հեգնանքով հարց էր տվել, թե «ե՞րբ կարելի է ցեղասպանությունը ցեղասպանություն չհամարել» եւ ինքն էլ պատասխանել էր. «Երբ Գրահամը հանդիպում է Թուրքիայի նախագահի հետ»: Պետք է նշել, որ Գրահամը Թրամփի ամենաակնառու քաղաքական խորհրդատուներից մեկն է, եւ շատ անգամ է կարողացել խափանել նրա անկանխատեսելի եւ կարճատեսական արարքները: Նրանք եղել են նաեւ թշնամիներ: Իրար դիմել «հիմար», «անբան» եւ այլ ստորացուցիչ բառերով: Բայց նաեւ գոլֆ են խաղացել իրար հետ: Ամենազարմանալին այն է, որ հեռատես լինելով հանդերձ Գրահամը ինքն էլ է սայթաքել եւ ընկել թակարդը: Ըստ «California Courrier»ի խմբագիր Հարութ Սասունյանի , «Politico» առցանց լրատվական հանդեսը պարզել է, որ մի ռուս որպես Թուրքիայի պաշտպանության նախարար ներկայանալով 16 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Գրահամի հետ, որի ընթացքում վերջինս պատրաստակամություն է հայտնել բարելավել Թուրքիայի հարաբերությունները Ամերիկայի հետ: «Թրամփն էլ, ես էլ հավանում ենք Էրդողանին, նա ուժեղ մարդ է», ասել է Գրահամը, հավաստիացնելով, որ փորձելու է վերականգնել «F-35» ծրագրում Թուրքիայի ընդգրկվածությունը ազատ առեւտրի համաձայնագիր կնքելով նրա հետ: «Կարծում եմ Թրամփն էլ է ցանկանում դա: Պատժամիջոցներ գործադրելը հիմարություն է», ավելացրել է Գրահամը: Պարզվել է նաեւ, որ նախագահ Թրամփը «անձնական շահեր» ունի թուրքական պետական այն բանկի հետ, որ խախտել էր Իրանի հետ չհամագործակցելու ամերիկյան օրենքը: Բլումբերգի հաղորդմամբ Թրամփն այդ ժամանակվա պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի միջոցով խնդրել էր գլխավոր դատախազից կարճել թուրք-իրանական առեւտրով զբաղվող Ռեզա Զարրաբի դեմ հարուցված գործը: Զարրաբին դերակատարություն էր ունեցել թուրքական բանկի խարդախ գործառույթներում: Դժվար չէ կռահել, թե որտեղ է թաքնված շան գլուխը: Իսկ «Մեյկոմ Դեյլի» օրաթերթի երբեմնի խմբագիր եւ կենտրոնական Միչիգան համալսարանի նախկին հոգաբարձուներից Միչ Քեհեթյանը Բոստոնի մեր քույր հրատարակությանՙ «Միրոր-Սփեքթեյթրում» հրատարակած իր հոդվածում զգուշացնում է Թրամփին, որ նման վարքագծով շատ հեշտությամբ կարող է կորցնել Միչիգանի հայկական համայնքի ավելի քան 25 հազար քվեները 2020-ին սպասվող նախնական ընտրությունների ժամանակ: Եվ ոչ միայն Միչիգանում, նաեւ այլ նահանգներում, որոնցում նա հազիվ էր կարողացել հաղթել Հիլարի Քլինթոնին, որ հանրային կարծիքի քվեարկության ընթացքում նրանից առաջ էր անցել: «Հաջորդ տարվա ընտրություններին կկարողանա՞ Թրամփը հակազդել հայկական համայնքների հակաթրամփյան շարժմանը, մանավանդ այն բանից հետո, երբ ապացուցվել է, որ Թրամփի եւ Էրդողանի փեսաները իրար հետ գլոբալ բիզնեսի գործընկերություն են հիմնել», հարցնում է նա: Մինչ այդ Քեհեթյանը առաջարկում է Թրամփին եւ Գրահամին միանալ իրեն, ուխտագնացության գնալ Արեւմտյան Հայաստան եւ հարցը պատմաբաններին թողնելու փոխարեն համոզվել, որ իրոք կատարված փաստ է Հայոց ցեղասպանությունը: «Գուցե նրանք որոշեն քաղաքականություն խաղալու փոխարեն մեր նախնիների երկրում կառուցել ավելի մեծ թվով թրամփյան «աշտարակներ», նշել է նա: Տարբեր թերթերի նյութերից պատրաստեցՙ |